Հեղափոխությունից առաջ Հայաստան գոյություն չի ունեցել

Հեղափոխությունից առաջ Հայաստան գոյություն չի ունեցել

Պատմական աղբյուրների հետազոտության գործում ամենից հաճախ հանդիպող երևույթներից մեկը ժամանակագրական խզումն է։ Այսինքն, որևէ կամայական երկարաժամկետ գործընթացի առանձին շրջափուլերի մասին աղբյուրները երբեմն լռում են կամ էլ սակավ տեղեկություններ են տալիս, իսկ հաջորդող և նախորդող շրջափուլերի մասին այնքան շատ աղբյուրներ են լինում, որ դրանց համակարգումը անհնար գործ է թվում։ Սա իհարկե լրջագույն խնդիր է պատմագետների և աղբյուրագետների համար, քանի որ նրանք պետք է վերականգնեն գործընթացի ամբողջական պատկերն ու նկարագիրը՝ խճանկարի հավաքման տրամաբանությամբ։ Բայց ինչպե՞ս վերականգնել, եթե աղբյուրները գործընթացի այս կամ այն ժամանակահատվածի վերաբերյալ լռում են և դրանից ելնելով առանձին շրջափուլերը կամրջելու պատճառահետևանքային շղթաները բացակայում են։ 

Հիմա փորձենք զուտ պատմագիտական այս խնդիրը դուրս բերել պատմագիտության տիրույթից և տեղափոխել քաղաքական մտածողության տարածություն։ Արդյունքները չափազանց հետաքրքիր են։ Խոսքը վարչապետ Փաշինյանի քաղաքական մտածողության մասին է, որը փաստորեն առաջնորդվում է ժամանակագրական խզման տրամաբանությամբ՝ պատմությունից ջնջելով Հայաստանի վերջին 25 տարիների ընթացքը։ Այսինքն, Հայաստանը անկախացել է 1991 թ․-ին, 1994 թ․-ին հաղթել է պատերազմում, իսկ դրանից հետո ոչինչ տեղի չի ունեցել, պետությունը գոյություն չի ունեցել, համենայնդեպս փաշինյանական «աղբյուրները» լռում են այդ ժամանակաշրջանի մասին։ 25 տարվա չգոյությունից հետո աղբյուրները նորից սկսում են առատ տվյալներ փոխանցել և 2018 թ․ Թավշյա ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության առթիվ Հայաստանը նորից վերականգնում է իր գոյությունը։ Իսկ ի՞նչ է եղել 1991/94-ի և 2018-ի արանքում, ոչ ոք չգիտի, փաշինյանական աղբյուրները լուռ են։ Միակ եզրակացությունն այն է, որ Հայաստանը անկախացել է, հաղթել է պատերազմում և հեղափոխություն իրականացրել, մնացյալի մասին խոսելն արգելված է, քանի որ դա մութ միջնադարից շատ ավելի սարսափելի մի ժամանակաշրջան է։ Մոտեցումն այս հիշեցնում է արաբական այն չափազանց զվարճալի ասացվածքը, որի համաձայն տղամարդը պետք է տուն կառուցի, ծառ տնկի և որդի ունենա, իսկ մնացյալ կյանքն անկարևոր է և երկրոդական։ 

Եթե այսպես շարունակվի, ապա մոտ ապագայում Թավշյա հեղափոխությունն իր կարևորությամբ և նշակալիությամբ շրջանցելու է ինչպես անկախության հռչակմանը, այնպես էլ պատերազմում հաղթանակին։ Ավելին՝ հայկական իրականությունում հեղափոխությունը հավասարվելու է Հիսուս Նազովրեցու ծննդյան իրադարձությանը, ինչի առիթով նոր տոմար է ստեղծվելու և ժամանակը մեկնարկելու է 2018 թ․-ից։ Պատմության դասագրքերում այլևս չեն գրելու Քրիստոսից առաջ կամ Քրիստոսից հետո, այս մոտեցումը փոխարինվելու է հեղափոխությամբ, այսինքն ժամանակը չափվելու է դրանով՝ հեղափոխությունից առաջ և հետո տրամաբանությամբ։ 

Սա իհարկե որևէ առանձնահատուկ նորարարություն չէ։ Ընդունված պրակտիկա է, որ հեղափոխական ճանապարհով իշխանության եկած ռեժիմները մշտապես առաջնորդվում են անցյալը ջնջելու տրամաբանությամբ։ Նրանք որպես կանոն ժամանակագրական հաջորդականությունից հեռացնում են հակառակորդների շրջափուլերը՝ թողնելով միայն անցյալի ուրվականը, որի դեմ հնարավոր կլինի առասպելական պատերազմ մղել։ Երևույթն այս առկա է վերջին 300-400 տարիների գրեթե բոլոր հեղափոխական շարժումներում՝ Ֆրանսիական Մեծ հեղափոխությունից մինչև Ռուսաստանում պրոլետարիատի դիկտատուրայի հաստատում։ Փաշինյանն էլ ջնջում է Հայաստանի վերջին 25 տարիների ընթացքը և թողնում միայն «ռոբասերժական» թշնամու ուրվականը։ Համաշխարհային պատմությունից հարյուրավոր օրինակներ կարող ենք բերել, բայց բավարարվենք այս կարճ և անուղղակի հիշատակումներով։ 

Ի հակադրություն ժամանակագրական խզման փաշինյանական մոտեցման, առաջարկում եմ տիրապետող դարձնել հետևյալ տրամաբանությունը․ Հայաստանի պատմական ընթացքը մեկ ամբողջություն է, մենք պատասխանատու ենք Հայաստանի բոլոր անցյալների համար, քանի որ դրանք մերն են և մի ամբողջական մարմին են։ Խոսքը վերաբերվում է ինչպես ՀՀԿ-ական, Քոչարյանական և ՀՀՇ-ական անցյալներին, այնպես էլ՝ կոմունիստական և դաշնակցական։ Սրանք բոլորը Հայաստանի պատմական խճանկարի փոքրիկ մասնիկներն են, որոնցից գոնե մեկի բացակայությունը խախտում է պատկերի ամբողջականությունը։ 

Եթե այս ճշմարտությունները մենք չամրագրենք, ապա հաջորդ իշխանությունները փաշինյանական նույն մոտեցմամբ այս անգամ արդեն ջնջելու են Հայաստանի հեղափոխական անցյալը։ Սա իհարկե գաղափարական հասունության և զարգացման արհեստական արգելակում է, որն իհարկե անթույլատրելի է։

Վերջաբանի փոխարեն միայն նշենք հետևայլը․ Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է վաղ քրիստոնեական այն աստվածաբաններին, որոնք մերժում էին Անտիկ ժամանակաշրջանը, բայց քրիստոնեական վարդապետությունն ու Աստվածաշունչը մեկնաբանելու համար օգտվում էին Պլատոնի և Արիստոտեկի աշխատություններից։ Նույն տրամաբանությամբ Փաշինյանը մերժում է «ռոբասերժական» անցյալը, բայց իր փսևդո հեղափոխական իրականությունը ստեղծելու համար ակտիվորեն օգտվում է այդ նույն Քոչարյանի և Սարգսյանի ժառանգությունից։