Երախտամոռությունն ու սուտը մեծագույն չարիք են

Երախտամոռությունն ու սուտը մեծագույն չարիք են

Երախտամոռությունն ու սուտը չարիք են ոչ միայն մարդկային պարզ հարաբերություններում, այլեւ ցանկացած բարձր փոխհարաբերություններում:

Տարիներ շարունակ, երբ անցյալի որեւէ հանրահայտ հայ, ռուս կամ այլազգի պետական, քաղաքական գործչի քանդակ տեղադրելու հարց է բարձրացվում, մեզանում մի այնպիսի փոթորիկ է բարձրացվում, որը կարելի է բնորոշել որպես փոթորիկ մի բաժակ ջրում:
 Ֆեյսբուքյան փոթորկահույզ այդ կարծիքների ստեղծողները շատ հաճախ հանրությանը հայտնի մտավորականներ են, ովքեր, հիմնականում խորամուխ չլինելով անհատի, երեւույթի, պատմական անցքերի շուրջ, սկսում են մի քանի ամբոխահաճո բնութագրականներ ու հայտարարություններ անել: Ժողովրդական լեզվով ասած՝ քարը ծովն են գցում, իսկ հազարավորները գլուխ են կոտրում, թե սորոսական այդ «մարգարիտը» ոնց ծովի հատակից հանեն: 

Նման մի փոթորիկ տեղի ունեցավ Գյումրիի ռուսական ռազմաբազայի տարածքում Նիկոլայ Առաջինի կիսանդրին տեղադրելու առիթով: Ֆեյսբուքը ողողվեց, թե էս արյունարբուն ով է, որ արձան են դնում: Դե ոչինչ, որ արձանն ու կիսանդրին իրարից չեն տարբերում, սակայն երբ Նիկոլայ Առաջինին Նիկոլայ Երկրորդից չեն տարբերում կամ չեն ուզում, սա արդեն աններելի է։
Մենք հո մեր հարեւան հանրապետության առաջնորդը չենք, որ նորաբաց թանգարանի քարտեզները կարգադրենք հանել, ինչ է թե ճշմարտությունն իր սրտովը չէ, իրենց երկրի անունը չկա: Ասա՝ երկի՞ր եք ունեցել, որ անունը լինի:

Ես երբեք չեմ մոռանա մեկ տարի առաջ թուրք այն լրագրողի ստահոդ ելույթը, ով ռուսական հեղինակավոր հեռուստաալիքով ասաց, որ հայկական եղեռն, որպես այդպիսին, չկա, հայերը մեզ դավաճանել են, մենք էլ նրանցից ազատվել ենք, կգա օրը, երբ հայերը կդավաճանեն նաեւ ձեզ՝ ռուսներիդ: Իհարկե, ներկաները, ինչպես հարկն է, նրան պատասխանեցին: Ավելին, թուրք լրագրողին հետագայում անցանկալի անձ համարեցին ու քշեցին Ռուսաստանից: 
Հիմա վերադառնանք Նիկոլայ Առաջինի կիսանդրին տեղադրելուն եւ ինքներս մեզ սովորական մի հարց տանք․ իսկ ո՞վ էր Նիկոլայ Առաջինը, որին ոմանք հանիրավի արյունարբու համարեցին: Եթե շատ հակիրճ՝ ռուսական միապետ, ով մահվան մահճում կանչում է իր որդուն (հետագայում՝ Ալեքսանդր Երկրորդ) եւ պատգամում. «Իմ կյանքում երկու անկատար գործ եմ քեզ թողնում․ մեկը՝ թուրքական յաթաղանից ազատել կովկասյան քրիստոնյաներին, իսկ մյուսը՝ ճորտատիրական յաթաղանից ազատել ռուս մուժիկին»: Գահ բարձրանալով՝ որդին, այսինքն՝ Ալեքսանդր Երկրորդը, երկու այդ պատգամն էլ գրեթե իրականացնում է: 

Ի վերջո, այդ Նիկոլայ Առաջինն էր, որ 1828 թվականին Թուքմենչայի պայմանագրով ստեղծեց Հայաստանի երեւանյան եւ նախիջեւանյան խանությունը, որը հարյուրամյակներով կորստյան մատնված մեր պետականության վերականգնման առաջին ծիլերն էր: Էլ չասենք, որ նա 1837 թվականին այցելեց Հայաստան եւ այսօրվա Գյումրիի այդ նույն տարածքում, որտեղ նրա կիսանդրին դրվեց, Ալեքսանդրապոլ քաղաքի հիմնադրման հուշաքարը բացեց… Հետաքրքիր է, չէ՞, երբ խոսքը Հյուսիսին է վերաբերում, ամեն ինչ վատ է, նրանք են մեղավոր, երբ Արեւմուտքին՝ գունավոր ակնոցներ ենք կրում: Իսկ չի՞ լինի, որ մեր ճակատագրի համար ո՛չ մեկին մեղավոր ճանաչենք եւ ո՛չ էլ մյուսին... Ո՛չ խոնարհ ու հեզ դառնանք, ո՛չ էլ կոտոշներ ցույց տանք: Պարզապես մեր շահերից ելնենք եւ վերջ... 

Այսօր գրեթե ոչ ոք չի հիշում Մեծ մարդասեր Նանսենի խոսքերը. «...Կարեկցում եմ հայ ժողովրդին, որ խճճվեց եվրոպական քաղաքականության մեջ: Նրա համար ավելի լավ կլիներ, եթե իր անունը երբեւէ հնչած չլիներ եվրոպացի որեւէ քաղաքագետի շուրթերից: Սակայն հայ ժողովուրդը բնավ չի կորցնում հույսը: Նա համառ, անխոնջ աշխատում եւ սպասում է. Նա սպասում է մինչ օրս»: Եվ լավ է, որ հարց չբարձրացավ՝ Նանսենի քանդակը Երեւանում դնե՞նք, թե՞ ոչ: 
Մեր ժողովուրդը միշտ էլ երախտիքի խոսք է ասել իր դժվարին պահերին ձեռք մեկնած օտարազգի մտավորականներին, միսիոներներին, պետական ու քաղաքական գործիչներին: Նրանցից մեկը՝ գերմանացի մտածող Արմին Վեգները, Վուդրո Վիլսոնին գրած ընդարձակ նամակում մասնավորապես ասում է. «Եվրոպան պաշտպան չկանգնեց հալածված հայ ժողովրդին, պարոն պրեզիդենտ, փրկեցեք Եվրոպայի պատիվը… Դա քրիստոնեությանը վերաբերող հարց է, դա ամբողջ մարդկության հարցն է»: 

Իսկապես հուզիչ է, եւ մենք պարտավոր ենք մեկառմեկ հիշելու բոլոր նրանց, ովքեր մեր ժողովրդի օրհասական պահերին իրենց ձեռքն են մեկնել: Առավել եւս, երբ այդ ձեռքը հզոր պետական գործչի ու զինվորականի ձեռք է: 

Նրանց նկատմամբ մեր շնորհակալական խոսքը կարող է լինել կա՛մ քանդակի, կա՛մ ֆիլմի, կա՛մ էլ արվեստի որեւէ այլ գործով: Առավել եւս, երբ այս պարագայում Նիկոլայ Առաջինինն է եղել...
Երախտամոռությունն ու սուտը մեծագույն չարիք են, եւ այն արժանի չէ նման պարագայում։


Ռոբերտ ՄԱԹՈՍՅԱՆ