Իշխանության հնազանդման քրիստոնեական սկզբունքը միշտ չէ, որ կարելի է շահարկելով առաջ գնալ

Իշխանության հնազանդման քրիստոնեական սկզբունքը միշտ չէ, որ կարելի է շահարկելով առաջ գնալ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում ունեցած վերջին եզրափակիչ ելույթում եկեղեցի-իշխանություն հարաբերությունների մասով հնչեցրած մտքերը, բավական հետաքրքիր են։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասել է հետեւյալը․

«Ուզում եմ ավարտել այս ընթացքում այս դահլիճում և դահլիճից դուրս անընդհատ քննարկվող և օդում պտտվող մի թեմայով: Փորձ են անում ներկայացնել, որ Կառավարություն-եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցու հարաբերությունները Կառավարության հետ լավ չեն, կամ պրոբլեմներ կան այդ հարաբերություններում: Գիտեք, շատ տարօրինակ  ու աղմկոտ հայտարարություն եմ անելու. եթե եկեղեցու հարաբերությունները Կառավարության հետ լավ չեն, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ, և դա՝ համաձայն քրիստոնեական տեսության: Եվ ես ուզում եմ դա ապացուցելու համար մեջբերել Պողոս առաքյալի՝ հռոմեացիներին ուղղված թղթի 13-րդ համարից մի մեջբերում, որտեղ ասվում է՝ «Չկա իշխանություն, որ Աստծուց չլինի, և եղած իշխանությունները Աստծուց են կարգված, հետևաբար՝ ով հակառակում է իշխանությանը, Աստծո հրամանին է հակառակում»: Թող եկեղեցին ինքն իր էության, ինքն իր տեսության և ինքն իր հավատի մասին մտածի, և Աստված մեզ օգնի պահպանել, զարգացնել և հզորացնել ու խաղաղություն բերել Հայաստանի Հանրապետությանը»։  

Այս հայտարարության հետ կապված կրոնավորները բավական արտահայտվել են արդեն եւ փորձել Պողոս առաքյալի՝ Հռոմայեցիներին ուղղված նամակի 13-րդ գլխից մեջբերված 1-4 համարների առնչությամբ ներկայացնել մեկնաբանություններ։ Հարցի զուտ կրոնա-աստվածաբանական մասին չենք անդրադառնա։ Այլ կփորձենք հարցը այլ դիտանկյունից նայել։ Առհասարակ, եթե Հայաստանի գործող իշխանությունների կրոնական քաղաքականությանը անդրադառնանք, ապա ակներեւ է, որ իշխանությունն ամեն գնով ուզում է ձեռք բերել միահեծան կամ բացարձակ առաջնայնություն Հայաստանի ներսում գործող մնացած բոլոր կառույցների հանդեպ, այդ թվում նաեւ՝ Հայաստանի բնակչության առնվազն 80 տոկոսի  կրոնա-դավանական պատկանելիության մարմնավորիչ Առաքելական եկեղեցու։

Կոնկրետ Եկեղեցու մասով էլ, եթե տողերիս հեղինակի հիշողությունը չի դավաճանում, Փաշինյանը հղում անելով Հայոց պատմությանը, մի քանի անգամ առնվազն պետություն-եկեղեցի հարաբերությունները դիտարկել է հակառակ ճամբարներում գտնվելու եւ միմյանց հետ մրցակցելու դիրքերից։ Թե որքանով է այս մոտեցումը ճիշտ կամ սխալ, թերեւս դեռ առիթ կլինի խոսելու։ Բայց գանք հիմնական հարցին։ Փաշինյանն ըստ էության փորձում է հավատքը, կրոնը եւ դրան առնչված կատեգորիաները ծառայեցնել իրեն։ Եւ մեջբերված հատվածն էլ, նույնի՝ կարծու մենք, որ հերթական ապացույցներից է։

Ի սկզբանե նշենք, որ Փաշինյանին անհավատ մարդ չենք համարում։ Համենայն դեպս, հասկանալի է, որ նա քրիստոնեական Ս․ Գիրք կարդում է եւ փորձում է կարդացածը յուրացնել։ Թե որքանով է կարողանում դա անել, կամ  դա անում է միայնակ, թե ունի խորհրդատուներ այդ հարցում, եւ կամ էլ՝ ինչքանով է դա անելուց մնում այսպես ասած՝ «կանոնիկ ընկալումների» շրջանակում, դժվար է ասել։ Բայց դե, քանի որ Աստված եւ Հիսուս Քրիստոսը ոչ մեկի սեփականությունը չէ, նա էլ կարող է, ըստ իր հասկացածի յուրացնել կարդացածը եւ մեկնաբանել ըստ սեփական հայեցողության։ Սակայն դեռեւս Փաշինյանից առաջ, այն էլ տասնամյակներ առաջ, այն ինչ փորձում է անել Փաշինյանը հիմա, այդ երեույթին հստակ եւ կոնկրետ պատասխաններ տվել են 20-րդ դարի առաջին կեսին գործած մի շարք անվանի եվրոպացի փիլիսոփաներ։ Ուստի փորձենք որպես քաղաքացի, մեր բոլորիս Հայրենիքի գործող ղեկավարին բարեկամաբար մի քանի դրվագ ներկայացնել, հուսալով, որ կկարդա եւ հետեւություններ կանի։ Եւ այսպես, հեռավոր 1930-ական թվականների սկզբներին, պատերազմում պարտություն կրած եւ խայտառակված Գերմանիան փորձում էր ոտքի կանգնել։ Ու այդ «եռացող կաթսայում» բնականաբար նաեւ հավատքին, կրոնին եւ տեղի Բողոքական եկեղեցիներին առնչվող հարցեր էին քննարկվում։ Այդ տարիներին Գերմանիայում իշխող նացիոնալ-սոցիալիստների իշխանությունը նույնիսկ ստեղծեց իր «գրպանային» եկեղեցին՝ «Ռեյխս-Կիրխեն», որը գլխավորում էր իշխանության դրածո «ռեյխ-եպիսկոպոսը»։

Ու ի հակադրություն դրան, ավանդական քրիստոնեական համայնքները, որոշեցին պայքարել եւ միավորվեցին մի շարժման մեջ, որը ստացավ «Խոստովանական ճակատ» կամ «Bekenntnissfront», նաեւ որտեղ էլ արծարծվեցին շատ փիլիսոփայական-աստվածաբանական հարցեր, որոնք կարծում ենք, որ վատ չէր լինի, որպեսզի Փաշինյանը գոնե հպանցիկ ուսումնասիրեր։ Այդ տարիներին էր, որ ասպարեզում նկատվեց կալվինական աստվածաբան Կարլ Բարթը, ով կարծում էր, որ պետք է դիմակայել քրիստոնեական-հավատքային սկզբունքները սեփական հայեցողությամբ իրենց ծառայեցնելու իշխանությունների պրակտիկային։ Եթե անդրադառնում ենք քրիստոնեական սկզբունքներին, ապա հենց նույն քրիստոնեական սկզբունքները սահմանում են, որ Եկեղեցին եւ Պետությունը չեն կարող ունենալ տարբեր կենտրոններ եւ նրանք պետք է ունենան մեկ կենտրոն՝ Աստված։

Ընդ որում, Եկեղեցին որպես Քրիստոսի խորհդական Մարմին, պարունակում է իր մեջ Աստվածային ամբողջական եւ լիարժեք ճշմարտությունը, իսկ Պետությունը հանդսիանում է Աստվածային նախախնամության եւ ամենաողորմած տնօրինության արդյունք, եւ չի կարող գործել այնպիսի մի սեփական օրենքով, որը չի համապատասխանում Աստվածային օրենքին, Աստծո կողմից սահմանված բարոյական պատգամներին եւ կարգին։ Ընդ որում, նույն քրիստոնեական սկզբունքների համեմատ, եթե Աստծո կողմից սահմանված սկզբունքները խախտվում են, ապա քրիստոնյաները իրավունք ունեն դիմադրություն ցույց տալու պետությունը տվյալ պահին ներկայացնող իշխանություններին։

Ընդ որում, դիմադրությունը կարող է լինել ոչ միայն սահմանադրական եղանակներով, այլ ըստ Աստծո Օրենքի։ Նիկոլ Փաշինյանը պետք է թերեւս լավ հիշի, որ քրիստոնեական ընկալումները միայն իշխանությունները Աստծուց չեն համարում, այլ նաեւ հստակ սահմանում են իշխանության դեմ, հանուն հավատքի անխաթարության եւ մաքրության պահպանման՝ ժողովրդի ապստամբելու իրավունքը՝ սահմանելով, որ ապստամբելու հիմքը իշխանության կողմից աստվածային պատգամների խախտումն է, ինչը արձանագրել էր Բարթը դեռ 1930-ական թվականներին, իսկ նրանից էլ առաջ՝ դեռ Շոտլանդիայի կալվինական աստվածաբանները։ Հետեւաբար, վերստին հղում տալով Բարթին, հիշեցնենք Փաշինյանին, որ իշխանություններին հնազանդումը գործում է այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունները պահում են աստվածադիր օրենքն ու պատգամները։ Հայաստանի ղեկավարը նաեւ պետք է հիշի, որ Աստվածային եւ Երկրային իրականությունները չեն կարող գործել առանձին, այլ գործում են միավորյալ կերպով, որտեղ առաջնայինը Աստվածային իրականությանն է, ինչպես արդեն Բարթին շարունակում է այդ ժամանակների մեկ այլ հայտնի աստվածաբան Ռուդոլֆ Բուլթմանը։ Եւ վերջապես, քրիստոնեական պատկերացումների ժամանակակից լեզվով եւ քաղաքական կոնտեքստով մեկնաբանություններին ավելի մոտիկից ծանոթանալու համար, չմոռանանք խորհուրդ տալ Փաշինյանին ուսումնասիրելու նաեւ Բոնհյոֆերի գործերը, հատկապես, որ վերջինս նաեւ անդրադարձել է կոնկրետ գործողությունների եւ հռետորաբանության հետ կապված խնդիրներին։