Հայկական ամենամեծ հանելուկը, որը դարձել է մեր պարտությունների գլխավոր պատճառը

Հայկական ամենամեծ հանելուկը, որը դարձել է մեր պարտությունների գլխավոր պատճառը

Թե՛ ՀՀ եւ թե՛ սփյուռքի ոչ մի առաջնորդ չի պահանջում վերհիշել Հայաստանի առաջին հանրապետության դեմ կատարված ռազմական ագրեսիան եւ նրա տարածքի անեքսիան Թուրքիայի, բոլշեւիկյան Ռուսաստանի եւ Ադրբեջանական ԽՍՀ կողմից: Նույնիսկ Միացյալ Նահանգների Կոնգրեսում հզոր լոբբի ունեցող Դաշնակցություն կուսակցությունն է լռում, որի առաջնորդներն այդ ագրեսիայի պատճառով զրկվեցին առաջին հանրապետության իշխանական իրենց աթոռներից եւ ստիպված եղան կա՛մ արտագաղթել, կա՛մ էլ աքսորվել ու գնդակահարվել: Այն դաշնակցության, որի լոբբիին հաջողվել է այնպես անել, որ Միացյալ Նահանգներն իրենց գլխավոր դաշնակիցներից մեկին՝ Թուրքիային զայրացնելու գնով ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Մինչդեռ Հայաստանի առաջին հանրապետության տարածքի անեքսիան թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ մյուս բոլոր կարեւոր երկրները ճանաչել են դեռեւս 1920-ականներին: Նույնիսկ Կրեմլի դեմ պայքարի դրոշակով, նաեւ նրա այն օրերի առաջնորդին անձնական վիրավորանքներ հասցնելու գնով իշխանության եկած Ղարաբաղ կոմիտեի առաջնորդներն են լռել ու լռում: Փոխանակ ընտրեին աշխարհի համար հասկանալի, ճանաչված եւ ընդունելի ուղին, նրանք ընտրեցին խրթին, 3 տասնամյակ տեւած եւ մինչ օրս աշխարհի կողմից լուծում չստացած իրավական-փիլիսոփայական վեճը, թե որն է առաջնայինը՝ ազգերի ինքնորոշման իրավո՞ւնքը, թե՞ պետության տարածքային ամբողջականության սկզբունքը:

Մինչդեռ մերձբալթյան հանրապետությունների նրանց գործընկերներն ընտրեցին ոչ թե աշխարհի համար անհասկանալի եւ մեծ տերությունների համար անընդունելի այդ վեճը, այլ պարզ եւ բոլորի կողմից ճանաչված այն իրողությունը, որ այդ հանրապետությունները դարձել են ստալինյան Մոսկվայի եւ հիտլերյան Բեռլինի Մոլոտով-Ռիբենտրոպ գործարքի զոհը: Եվ նաեւ այդ իրողության բացահայտման օգնությամբ էր, որ այդ հանրապետությունները դարձան Եվրամիության ու ՆԱՏՕ-ի անդամներ: Ինչի շնորհիվ տնտեսապես բարգավաճում են եւ զերծ են մնացել ռազմական արտաքին միջամտություններից: Եթե Հայաստանը գնար այդ ուղիով, մենք էլ կունենայինք նույն կարգավիճակը: Այդ մասին են վկայում Միացյալ Նահանգների ու Եվրամիության այն տարիների՝ ՀՀ նկատմամբ ունեցած անթաքույց բարյացակամ ու հատուկ վերաբերմունքը: Ինչի վկայությունները բազմաթիվ են:

Որքան հիշում եմ, Ղարաբաղ կոմիտեի մերձբալթյան գործընկերներն առաջարկում էին գնալ նույն՝ աշխարհի կողմից ընդունվող ուղիով: Այնքան հեշտ ու ակնհայտ, որ 1989-ին Մոլոտով-Ռիբենտրոպ հանցավոր գործարքը դատապարտեց նույնիսկ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների երկրորդ համագումարը: Եվ ոչ միայն դատապարտեց, այլ նաեւ չեղարկեց այդ պայմանագրի գաղտնի արձանագրությունները: 

Կարծում եմ, որ եթե հայաստանցի ժողպատգամավորները պահանջեին, համագումարը կդատապարտեր նաեւ բոլշեւիկների ու Աթաթուրքի միջեւ կնքված գործարքը: Եվ դրա շնորհիվ հնարավոր կլիներ լուծել նաեւ Արցախի խնդիրը, որը, ըստ ամենայնի, այդ գործարքի գաղտնի մասի արդյունքն է: Նաեւ, հնարավոր կդառնար չեղարկել Մոսկվայի իրավաբանորեն բացարձակ անօրինական եւ օկուպանտների կողմից մեզ պարտադրված Կարսի 1921 թվականի պայմանագրերը: Բայց մերոնք, չգիտես ինչու, ոչ միայն չպահանջեցին դա, այլեւ չհետաքրքրվեցին Աթաթուրքի հետ կնքված գործարքի գաղտնի մասով, չբացահայտեցին դրա մանրամասները: Նրանք որոշեցին գնալ ամենախրթին՝ աշխարհի բազմաթիվ երկրների համար ներքին վտանգ պարունակող ինքնորոշման իրավունքի ճանաչման ուղիով: Ընդ որում, այդ ուղին դարձրին իրավաբանորեն անհնարին, քանի որ պահանջեցին իրենց ինքնորոշման իրավունքը ճանաչել ոչ միայն ԼՂ ինքնավար մարզի տարածքում, այլեւ այդ իրավունքը տարածել նաեւ ինքնավարության տարածքից դուրս գտնվող Շահումյանի շրջանում եւ Գետաշենի ենթաշրջանում: 

Նույնիսկ հիմա դեռ ուշ չէ: Հայաստանը՝ որպես ՄԱԿ անդամ, կարող է այդ հարցը հիշեցնել աշխարհին: Նույնը կարող է անել նաեւ ՀՅԴ-ի հետ փոխկապակցված Հայ դատի ամերիկյան հանձնախումբը: Բայց համոզված եմ, որ չեն անի: Չեն անի, քանի որ նույնիսկ հայերին չեն հիշեցնում այդ մասին: Չկա Թուրքիայի, բոլշեւիկյան Ռուսաստանի եւ Ադրբեջանական ԽՍՀ կողմից Հայաստանի առաջին հանրապետության դեմ կատարված ռազմական ագրեսիայի եւ նրա տարածքի անեքսիայի սգո օր: Կան հուշարձաններ՝ նվիրված ցեղասպանության, մարտիմեկյան եւ այլ զոհերի հիշատակին, բայց չկա հուշարձան՝ նվիրված զոհվածներին, որոնք Հայաստանը պաշտպանել են օկուպանտներից: Փոխարենը Երեւանի Կիրովի անվան մանկական այգում կա հուշարձան՝ նվիրված Հայաստանն օկուպացրած բանակին:   

Եվ դա է հայկական ամենամեծ հանելուկը: Գուցե ՀՀ հին եւ նոր, նաեւ ՀՅԴ կուսակցության առաջնորդները կբացատրե՞ն, թե ինչու է այդ հարցի մասին նույնիսկ հիշատակելը դարձել տաբու: Ումի՞ց են նրանք երկյուղում՝ Էրդողանի՞ց, Ալիեւի՞ց, թե՞ բոլշեւիկներից, որոնք այսօր գոյություն չունեն:

Գրիգոր Էմին-Տերյան