Կպահանջվեն մեծ քանակությամբ էքսկավատոր եւ տրոտիլ

Կպահանջվեն մեծ քանակությամբ էքսկավատոր եւ տրոտիլ

Փաշինյանը մտադիր է փոխել խորհրդային պատմագրության, իր բառերով ասած, կաղապարները: «Մեր մեծագույն մոլորությունն այն է եղել, որ մենք խորհրդահայ պատմագիտության հենասյուների վրա կարող ենք անկախ պետական գիտակցություն ստեղծել»,- նախորդ օրը կառավարության ծրագրի կատարողականի հաշվետվության ժամանակ հայտարարել է Փաշինյանը: Նա ասում է, որ օրակարգում է հայրենասիրության մեր սեփական մոդելի ստեղծումը, այն հռչակելով կենսական անհրաժեշտություն:

Փաշինյանը, իհարկե, չի մանրամասնում, թե խորհրդահայ պատմագրության հատկապես որ կաղապարի կամ կաղապարների մասին է խոսքը, սակայն այս հայտարարություններից հետո նա խոսում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման հեռանկարի մասին՝ հույս հայտնելով, որ դա ի վերջո տեղի կունենա: Նշանակում է՝ Փաշինյանը որոշել է կոտրել Թուրքիայի նկատմամբ խորհրդահայ պատմագրության ձեւավորած կաղապարները, որ ոչ միայն ինքն ապրի Թուրքիայի հետ եղբայրության երազանքով, այլեւ հայ ժողովուրդը: Փաշինյանը կաղապարները կոտրելու մասին  հայտարարում է ապրիլի 18-ին՝ Հայոց ցեղասպանության հերթական տարելիցից ընդամենը մի քանի օր առաջ: Հնարավոր է, որ խորհրդահայ պատմագրության կաղապարները մերժող Փաշինյանը եւ նրա իշխանության ներկայացուցիչներն այս տարի ընդհանրապես չայցելեն Ցեղասպանության հուշահամալիր, որը կլինի այդ կաղապարի ոչնչացման ամենալավ ցուցադրությունը:

Խորհրդահայ պատմագրությունը Թուրքիան ներկայացրել է որպես հայ ժողովրդին Ցեղասպանության ենթարկած, նրան իր սեփական բնօրրանից ու հայրենիքից զրկած մի կազմավորում, որը խնդիր էր դրել ոչնչացնել նաեւ Հայաստանի Հանրապետությունը եւ գրեթե հասել էր իր նպատակին՝ բռնազավթելով Հայաստանի Հանրապետության տարածքի գրեթե 80 տոկոսը եւ 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Ալեքսանդրապոլում պարտադրելով ստորագրել մի խայտառակ պայմանագիր, որով Հայաստանի մնացած 20 տոկոսի վրա հաստատվում էր թուրքական պրոտեկտորատ: Ըստ խորհրդահայ պատմագրության, միայն խորհրդային 11-րդ բանակի՝ Հայաստան մտնելուց հետո է, որ թուրքական բանակը հետ է քաշվել իր գրաված տարածքների զգալի մասից, արդյունքում ստեղծվել է Խորհրդային Հայաստանը, որի հիմքի եւ տարածքի վրա էլ հետագայում հռչակվել է Հայաստանի Հանրապետությունը, որի ոչ բարով վարչապետի պաշտոնը զբաղեցնում է Նիկոլ Փաշինյանը: 

Փաշինյանն ասում է, որ իր նպատակը մեր պատմությունը մոռանալը չէ, այլ «փոխել պատմության ընկալման դիտանկյունը, սոցիալ-հոգեբանական ընկալումը»: Հիմա ինչպե՞ս է Փաշինյանը ներկայացնելու կամ փոխելու պատմության մեր ընկալումը: Ասելու է, որ Ցեղասպանություն չի՞ եղել, թե՞, ինչպես թուրքերն են ասում, եղել են բախումներ, որոնց ընթացքում երկուստեք եղել են զոհեր` ինչպես հայերի, այնպես էլ թուրքերի կողմից: Ասելու է, որ հայկական ապօրինի ռազմականացված կազմավորումները՝ Անդրանիկի, Արաբոյի, Գեւորգ Չաուշի, Աղբյուր Սերոբի եւ մյուս ահաբեկիչների գլխավորությամբ, հարձակվել են թուրքական խաղաղ բնակավայրերի վրա, կողոպտել ու թալանել են խեղճ թուրք ժողովրդին, թուրքական անվտանգության ուժերն էլ ստիպված են եղել պաշտպանել սեփական ժողովրդին, դե, արանքում էլ հնարավոր է՝ հայ գյուղացիներ ու մի քանի մտավորականներ էլ են կոտորվել, բայց դա հո չի՞ նշանակում, որ Օսմանյան կայսրությունը միտումնավոր ծրագրել է ոչնչացնել հայ ժողովրդին: Ինչ վերաբերում է 1920 թվականին Հայաստանը գրավելուն, ապա փաշինյանական պատմագրությունը դա ներկայացնելու է որպես Հայաստանը եւ հայ ժողովրդին ռուսական բռնապետությունից փրկելու փորձ. թուրքերը գրավել են Հայաստանը, որ պաշտպանեն հայ ժողովրդին բոլշեւիկյան 11-րդ Կարմիր բանակից, բայց չեն կարողացել մինչեւ վերջ իրագործել իրենց ծրագիրը: Միայն թե հարց է առաջանալու, թե այդ ինչպե՞ս եղավ, որ Թուրքիայի տարածքում ոչ մի հայ չմնաց, իսկ Խորհրդային Հայաստանի բնակչությունը մի քանի հարյուր հազարից 1990-ին մոտեցել էր 4 միլիոնի սահմանագծին. սոցիալական, գիտակրթական, տնտեսական, անվտանգային եւ մյուս ձեռքբերումներն էլ չհաշված: 

Ցեղասպան Թուրքիայի կարծրատիպը շատ է խանգարում Փաշինյանի՝ Հայաստանը Թուրքիային ինտեգրելու գաղափարի իրագործմանը: Փաշինյանին խանգարում է հայ մարդու, հայ ժողովրդի հավաքական հիշողությունը: Ինչպե՞ս ջնջել այդ հիշողությունը, ինչպե՞ս ստեղծել այն նոր հային, որը թուրքին ու Թուրքիան կհամարի Հայաստանի բարեկամ եւ դաշնակից. սա է լինելու փաշինյանական նոր պատմագրության օրակարգային հարցը:
Խորհրդահայ պատմագրության կաղապարները կոտրելու հարցում պետք են ոչ միայն նոր կարծրատիպեր կոտրող պատմագետներ եւ նոր դասագրքեր, այլեւ հսկայական թվով էքսկավատորներ: Պատմական հիշողությունը ջնջելուն զուգահեռ, պետք է ոչնչացվեն այդ պատմական հիշողության կոթողները՝ Ցեղասպանության եւ Սարդարապատի հուշահամալիրները, Ադրանիկի եւ մյուս հայ հերոսների հուշարձանները, Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող բազմաթիվ կոթողներ ու խաչքարեր: Քանի դրանք չեն ավիրվել, կաղապարների կոտրումը չի կարող ամբողջական լինել:

Հա, մի բան էլ. քանդել՝ քանդել է, միանգամից կարելի է քանդել նաեւ Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին կառուցված բոլոր հուշակոթողները եւս: Հայրենական պատերազմում հայ ժողովրդի գործած սխրանքը եւս խորհրդահայ պատմագրության կաղապարներից է, որը Փաշինյանը մեծ հաճույքով կցանկանար կոտրել, ինչպես այն կոտրել են Վարշավյան պայմանագրի բոլոր երկրներում, նաեւ Խորհրդային Միության մաս կազմած մի քանի պետություններում: Խորհրդահայ պատմագրությունն այդ պատերազմը ներկայացնում էր որպես խորհրդային ժողովրդի պատերազմ՝ ընդդեմ նացիզմի ու ֆաշիզմի մարմնավորում հիտլերյան Գերմանիայի, հայրերի պատերազմը՝ հանուն որդիների կյանքի իրավունքի: Մինչդեռ պետք է ներկայացնել որպես երկու կայսրապաշտ ուժերի պայքար, հանուն համաշխարհային տիրապետության եւ աշխարհի վերաբաժանման, որին անիմաստ զոհ գնացին հարյուր հազարավոր հայեր: 

Այնպես որ, մեզ առաջիկայում սպասվում են իսկապես հետաքրքիր իրադարձություններ. հին հերոսների ոչնչացում եւ նոր հերոսների հռչակում: Հնարավոր է, չէ՞, որ Փաշինյանը Երեւանում Զորավար Անդրանիկի արձանի փոխարեն կանգնեցնի Թալեաթի, էնվերի կամ Աթաթուրքի արձանները, իսկ Գյումրին վերանվանի Քյազիմ Կարաբեքիրի անունով՝ որպես խորհրդահայ պատմագրության կաղապարներից վերջնականապես ազատագրման հիմնավոր ապացույց:

Ավետիս Բաբաջանյան