Ով կառավարության շենքի մոտով անցնի՝ բռնում, արտոնություն են տալիս

Ով կառավարության շենքի մոտով անցնի՝ բռնում, արտոնություն են տալիս

Կառավարության երեկվա նիստում ներմուծման մաքսատուրքից ազատվեց «Գրանդ տոբակո» ՍՊԸ-ն՝ 8,6 մլրդ դրամի չափով, եւ «Կառմել» ՍՊԸ-ն՝ 4 մլրդ դրամի սահմաններում։ Հիմնավորումը գերակա ոլորտում ներդրումներն են, որոնք ընկերությունները պարտավորվում են իրականացնել։ «Գրանդ Տոբակոն» 176.3 մլրդ դրամի ներդրում է իրականացնելու, իսկ «Կառմել» ընկերությունը 81 մլրդ-ի հումք է ձեռք բերելու՝ ընդեղեն, չորացրած բանջարեղեն, մրգեր եւ համեմունքներ արտադրելու համար, եւ արտադրանքի 90 տոկոսն արտահանելու է։  

Այսպես, հավասար մրցակցային պայմանների ու համակարգային կոռուպցիայի դեմ պայքարի մասին պարբերաբար ճամարտակող իշխանությունն արտոնություն է տալիս յուրային բիզնեսմեններին։ «Գրանդ տոբակոն» մշտապես «Իմ քայլը» եւ «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամների նվիրատուների ցանկում էր։ Դեռ 4 տարի առաջ վարչապետն ասում էր, որ իշխանության եւ բիզնեսի միջեւ պետք է վստահություն ստեղծել, որ փոքր բիզնեսին արտոնություններ է պետք տալ։ «Հայաստանի Հանրապետությունն իսկապես կդառնա մի երկիր, որտեղ ոչ թե խոշոր բիզնեսը փոքրանում է, այլ փոքր բիզնեսը դառնում է միջին, միջինը՝ խոշոր, եւ այդպես շարունակ»,- ասում էր նա։ Բայց առայժմ արտոնությունները տրվում են խոշորին, եւ նա ավելի է խոշորանում։ Ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ տոբակո» ընկերությունը 2022-ին երրորդն էր խոշոր հարկատուների ցանկում։ Այն բյուջե է վճարել 45 մլրդ դրամի հարկեր, որը 6.8%-ով գերազանցում է 2021-ի ցուցանիշը։

«Ստանդարտ, դակած, նույն տեքստն են գրում՝ մտադիր է ստեղծել, բերել, արտադրել աշխատատեղ ստեղծել։ Այնպիսի տպավորություն է, որ էն մնացած հարյուրավոր գործող կազմակերպությունները պետք է արտադրեն ու թափեն իրենց արտադրանքը կամ արտադրելիս աշխատատեղ չստեղծեն։ Բոլորն էլ բառացի նույն նպատակն ունեն, եւ կարծում եմ՝ էդ դակած տեքստերի տակ այլ բան է թաքնված, որը մեզ հասանելի չէ»,- ասում է տնտեսագետ, հարկային տեսչության նախկին աշխատակից Տիգրան Մուրադյանը։ Նա նկատել է, որ խոշոր արտոնությունից առաջ գործարարները կա՛մ խոշոր բարեգործություն են արած լինում, կա՛մ խախտումներ։ «Նրանք միշտ զրո են կանգնում։ Ոնց որ «Սիթիի» ակտը՝ 5,2 մլրդ գրեցին հեղափոխությունից հետո, չէ՞, եւ ուղիղ այդքան պակաս նա վճարեց այդ տարին բյուջե։ Էլ չեմ ասում, որ եթե գնանք այդ արտոնությունների հետեւից, կտեսնենք, որ ո՛չ այդ ներդրումներն արեցին, ոչ՛ այդքան աշխատատեղ ստեղծեցին։ Այս անհավասար պայմանները պետք է վերացնեն կամ մի մոդել ունենան, որ էն մյուսներն էլ կարողանան դիմել արտոնության համար։ Գուցե նրանց էլ է բախտը ժպտում։ Արտոնություն կարելի է տալ, ասենք, ռազմարդյունաբերական բացառիկ կազմակերպության, որն ունի ռեգիոնում մրցակիցներ, հասկանանք, ասենք՝ սա պետք է, որ դիմանա։ Թե չէ, տրոլեյբուս քշողին էլ ենք արտոնություն տալիս, հրթիռ արտադրողին էլ։ Տրամաբանությունը ո՞րն է»։

Արտոնությունները տրվում են գերակա ոլորտում ներդրումների համար՝ ինչպե՞ս հասկանալ,  փաստորեն, մեզ համար սիգարետն ու չիրը գերակա՞ ոլորտ են։ «Այդ բառը Չապաեւի ժամանակից գալիս է, ինչ-որ տեղից արտագրել, բերել են։ Իրենք էլ չեն հասկանում, թե ինչ է։ Չրի գերակա ոլորտը ո՞րն է։ Գերակա ոլորտը հրթիռն է, էներգիան է, ջուրն է, բայց ոչ թե՝ ով քայլի կառավարության շենքի մոտով, գերակա ոլորտ ճանաչեք ու արտոնություն տաք։ Բա էն մյուսնե՞րը»,- եզրափակեց տնտեսագետը։