Ինչո՞ւ է ուշանում իշխանափոխությունը

Ինչո՞ւ է ուշանում իշխանափոխությունը

Որքան էլ Փաշինյանը դեմքի թվացյալ անհոգ արտահայտությամբ ու կատակներով կառավարության նիստեր անցկացնի, նա լավ է հասկանում, որ զրկվել է իր երբեմնի հենարաններից, եւ իր իշխանությունը գոյատեւում է բացառապես ոստիկանական ուժի եւ ուսապարկային մեծամասնության լոյալության հաշվին։ Նախկինում հեծանվով աշխատավայր գնացողն այսօր Երեւանը դարձրել է ոստիկանական քաղաք, եւ իր անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով հազարավոր ուժայինների գերկենտրոնացումը կառավարության շենքի եւ Կոնդի առանձնատների շրջակայքում նրա կենդանական վախի մասին է խոսում։ Շատ վաղուց է՝ Փաշինյանը մարզեր էլ չի այցելում, թերեւս ենթադրում է, թե ինչ «ջերմ» ընդունելության կարող է արժանանալ։

Վարչական ապարատը կարկամած, սպասողական վիճակում է, կենտրոնացված կառավարումը կաթվածահար է։ Վստահորեն կարելի է պնդել, որ երկրի մի մասը Փաշինյանին այլեւս չի ենթարկվում, նրա տիրապետման ներքո չէ, եւ երկիշխանություն ձեւավորելու ընդդիմության օրակարգն իրապես կարող է հաջողել։ Չեզոք, կրավորական դիրք է զբաղեցրել դատախազությունը՝ դեռեւս լուռ հետեւելով, թե ինչ ծավալներ կարող է ստանալ դիմադրության շարժումը, ըստ այդմ՝ կշեռքի որ նժարն է ծանրանալու։ Այդ ընթացքում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը թեեւ շարունակում է անվերապահորեն ենթարկվել Փաշինյանին, բայց «հանուն ապահովության»՝ որոշում է ամեն դեպքում նրան հարցաքննության կանչել։ Մի շարք սարքովի քրեական գործերի՝ Ավետիք Չալաբյանի, Արմեն Գրիգորյանի, Նարեկ Մանթաշյանի, Գերասիմ Վարդանյանի եւ այլոց դեմ մեղադրանքների հետկանչի կամ վերաորակման դեպքում իրապես կարելի է պնդել դատախազության օրինական գործողությունների մասին։

Դեռեւս ամբողջապես իշխանության կամակատարն ու սպասարկուն է նաեւ ԱԱԾ-ն՝ ի տարբերություն 2021-ի փետրվար-մարտ ամիսների, երբ բանակի հայտարարությունից հետո հատուկ ծառայության շարքերում եւս երկվություն կար։ Ոստիկանության եւ ԱԱԾ-ի վերնախավը, գլխավոր դատախազը, ինչպես նաեւ՝ մարզպետները, որպես տեղերում ընդդիմադիր ալիքները ճնշելու բութ գործիք, մնում են Փաշինյանի հիմնական հենասյուները դիմադրության շարժման դեմ պայքարում։ Ամենակարեւորը, սակայն, այն է, որ նա վաղուց զուրկ է հանրային աջակցության ռեսուրսից, ինքնաբուխ հավաք անելու հնարավորությունից։ Մինչդեռ, օրինակ, 2018-ի հոկտեմբերի 2-ին նրա մի ֆեյսբուքյան ուղիղ եթերը բավական էր, որ առանց վարչական ռեսուրսի գործադրման՝ տասնյակ հազարավոր մարդիկ գրոհեին ԱԺ-ն։

Ինքն իրեն «պողպատե մանդատով» օժտելու հանրահավաքը Փաշինյանի ընտրազանգվածի վերջին մեծ միջոցառումն էր, դրանից էլ գրեթե մեկ տարի է անցել։ Այդ ժամանակ, շաբաթներ շարունակ վարչական ռեսուրսի գործադրմամբ եւ իշխանամերձ օլիգարխների ֆինանսները գործի դնելով, Հանրապետության հրապարակում հաջողվել էր մի քանի տասնյակ հազար մարդու հավաքել։ Այսօր նույնիսկ այդ նախադրյալներն ապահովելու դեպքում խիստ կասկածելի է՝ կհաջողվի՞ մի քանի հազար «երդվյալ փաշինյանասերի» մեկտեղել որեւէ հրապարակում։

Ընդդիմադիր շարժման հաջողության գրավականը կարող է դառնալ հանրահավաքային ալիքին զուգահեռ՝ նաեւ իշխանությունը ներսից մաշեցնելու, տրոհելու փորձեր անելը, քանի որ արդեն իսկ ակնհայտ է՝ միայն փողոցի ճնշման տակ Փաշինյանը չի հեռանալու։ Դիմադրության շարժման ճանապարհային քարտեզում, ուրեմն, պետք է ներառվեն նաեւ Փաշինյանի իշխանության հենարանների շարունակական թուլացման, նույնիսկ ստորացման քայլերը, երբ իշխանության համակիր լինելը կդառնա ամոթալի եւ անպատվաբեր։ Երբ բոլորը տեսնեն, որ թագավորը մերկ է, որեւէ մեկը, անգամ նրա ամենահավատարիմ մերձավորները, այլեւս չեն կատարի նրա ցուցումները՝ սեփական կաշին փրկելու մարմաջով։ Դրանից հետո ընդդիմության գործողությունները, ընդհուպ կառավարության շենքը շրջափակելն ու նոր վարչապետի անունը հայտարարելը, ընդամենը «տեխնիկայի հարց» է։

Դավիթ Սարգսյան