Դե, Սիմոն ջան, կկուն կանչեց

Դե, Սիմոն ջան, կկուն կանչեց

Էն ֆիլմում ո՞նց էր ասվում… Դե, Նիկոլ ջան, կկուն կանչեց: Նիկոլն իրեն չլսելու է տալիս: Նիկոլ, ասում եմ՝ կկուն կանչեց, մեր պայմանն ավարտվեց, դու պիտի գնաս: Վերջնահաշիվդ պատրաստ է, գնա, ռոճիկդ ստացիր ու՝ դավայ, դասվիդանիյա: Լավով: Էդ ի՞նչ ա, սպառնըմ եեես: Չէ, ասում եմ՝ լավով գնացեք, քանի վատով չեմ ասում՝ սիկտիրներդ քաշեք:

Երեւանում եւ ՀՀ տարբեր քաղաքներում խաղաղ անհնազանդության ակցիաները շարունակվում են: Ճիշտն ասած՝ ես չգիտեմ՝ ինչ ասել է խաղաղ անհնազանդության ակցիա, բայց որ Ֆրանսիայի հրապարակից այդպես են ասում, թող այդպես լինի: Անձամբ իմ անհնազանդության ակցիան խաղաղ չէ: Երբ դիմացինս իմ դեմ զորք է հանում, ինչ է, խաղաղ մտադրություններո՞վ է հանում: Կարմիր ու սեւ բերետավորների մեջ խաղաղ տրամադրված իսան կա՞, որ ինձ ասում են՝ խաղաղ տրամադրվիր:

Փորձենք հասկանալ, թե ինչու են այսօր Հայաստանում բոլորը կոչ անում՝ խաղաղ տրամադրվել, իսկ անհնազանդության ակցիաներն էլ խաղաղ իրականացնել: Պատճառը հայտնի է բոլորին՝ մենք չենք ուզում, որ մեր երկրում նոր մարտի 1 լինի: Ինքս էլ պատրաստ եմ ենթարկվել խաղաղության կոչերին, բայց եթե այսքան բանից հետո էլ Նիկոլը չգնա, չեմ կարող երաշխավորել, որ նա երբեւէ կկարողանա իր ոտքով գնալ: Նրան ուղղակի կտանեն ոտքերն առաջ՝ «վաղամեռիկին» հարիր տխուր հանդիսությամբ: Եվ կրկին պնդում եմ՝ Նիկոլ, կկուն կանչեց, քաղաքացիական պայմանագրիդ ժամկետը լրացավ, համարիր, որ մենք իրար պարտք չենք, հավաքիր իրերդ ու գնա:

Կան այսպիսի հարցեր՝ Նիկոլը չի՞ ուզում գնալ, թե՞ չի հասկանում, որ պետք է գնա: Սրանք միանգամայն տարբեր հարցեր են: Հայտնի խոսք կա՝ չի ուզում՝ կստիպենք, չի հասկանում՝ կհասկացնենք: Պետք է իրենից ճշտել՝ ո՞ր տարբերակն է ընտրում: Եթե մարդն ուղղակի չի ուզում հեռանալ, ուրեմն պաշտոնի ու աթոռի մեռած է: Նա կարող է երկիրն էլ, պետությունն էլ, տո մեզ էլ հանձնել թուրքին, միայն թե մնա աթոռին: Այս պարագայում անիմաստ են խաղաղ անհնազանդության բոլոր տեսակի ակցիաները, եւ մնում է մեկ բան՝ այնպես անել, որ այդ կամակոր երեւույթն անորոշ ժամանակով բացակայի միաժամանակ բոլոր տեղից:

Իրերի դրությունը, սակայն, միանգամից փոխվում է, երբ տվյալ անձնավորությունը չի հասկանում, թե ինչու պետք է ինքը հեռանա, բայց եւ դեմ չէ՝ հասկանալու: Այստեղ պետք է զինվել համբերությամբ եւ նրան դետալ առ դետալ բացատրել, թե ինչու պետք է հեռանա:

Դիցուք՝ Նիկոլի պարագայում ամեն ինչ համբերատար բացատրվել է, ասվել, որ մարդկային քաղաքակրթության պատմության մեջ չի եղել դեպք, որ կապիտուլացված վարչապետը մնա իր պաշտոնին: Սահակաշվիլին գնա՞ց՝ գնաց, Պորոշենկոն գնա՞ց՝ գնաց, Զելենսկին կգնա՞, կգնա: Թվարկվածներին հստակ բացատրել են, թե նրանք ինչ զուլում են բերել իրենց երկրի ու ժողովրդի գլխին: Նույնն արվել է նաեւ Նիկոլի պարագայում, բայց նա, ավաղ, դիմադրում է եւ ցույց է տալիս, թե չի հասկանում: Մինչդեռ նրա հեռանալու պատճառներն ավելի շատ են, քան թվարկվածներից որեւէ մեկինը:

Թվարկեմ դրանցից մի քանիսը՝ բարձրագույն կրթություն չունի, տնտեսության ոչ մի ոլորտի չի տիրապետում, քաղաքական հայացքների իսպառ բացակայություն, ՔՊ-ն վերածվել է քաղաքական ախոռի, ուժային կառույցներն այլեւս չեն բավարարում երկրում եւ նրա սահմանների մոտ կարգուկանոն պահպանելուն, Հայաստանը դարձել է իզգոյ պետություն՝ օտարների աչքին օտար, յուրայինների աչքին՝ խայտառակություն… Պատերազմի, անիմաստ (մեղա, Տեր) զոհերի, Հայաստանի սուվերեն տարածքն աճուրդի հանելու, 24-ժամյա ռեժիմով Թուրքիայից եւ Ադրբեջանից եկող բարոյական աջակցության, արտախորհրդարանական ուժերի անվան տակ անգլո-սաքսոնական գործակալներով շրջապատված լինելու մասին էլ դեռ չեմ խոսում: Այս ամենը Նիկոլին համբերատար բացատրվել է: Բայց ես մի բան էլ կփորձեմ բացատրել՝ այն, որ երկրում հեղափոխական իրավիճակ է, ճգնաժամ՝ բոլոր առումներով՝ քաղաքական, տնտեսական, բարոյական: Ներքեւներն այլեւս չեն ուզում ապրել ստի ու կեղծիքի աշխարհում, իսկ վերեւները, Նիկոլ, այլեւս ընդունակ չեն այնպիսի ստեր հորինել, որ ներքեւները հավատան: Սա կոչվում է հեղափոխական իրադրություն, որը երբեք չի լիցքաթափվի, եթե չգիտեմ ինչ աստիճանի կտրուկ լուծումներ չլինեն: Դու, Նիկոլ եւ քո կառավարությունը, ընդունա՞կ եք որեւէ լուծում գտնելու: Ոչ, իհարկե: Հետեւաբար, ձեզ մնում է միայն հեռանալ…

Բարով գնացեք եւ թույլ մի տվեք, որ հեղափոխական իրավիճակը սկսի ուղեկցվել պայթյուններով՝ ԱԱԾ-ում լինի, բանակում, թե ոստիկանությունում, Ազգային ժողովում լինի, թե փողոցում: Դա արյան ճանապարհ է, ու մենք այն չենք հարթելու մեզ համար: Մենք իրավունք չունենք, իսկ դու՝ Նիկոլ, թիվ մեկ պատասխանատուն ես, որ այդ ճանապարհին մենք ոտք չդնենք:
ՀԳ. կամ ԳՀ. … Go home