Մերժվածները

Մերժվածները

Երբ այս տարվա մարտի 6-ին, երեւանյան մետրոյի գնացքում, երիտասարդ աղջիկը պատռեց եւ «այո»-ի քարոզչություն իրականացնող Նիկոլ Փաշինյանի երեսին նետեց քարոզչական բուկլետի պատռված կտորները, Հայաստանի հասարակությունը դարձյալ բաժանվեց սեւերի ու սպիտակների, կարմիրների ու սպիտակների, սեւազգեստների եւ դարչնագույնների: Հայ հասարակական կյանքի ներկապնակում վերջին օրերին հակադիր գույները նորից հառնեցին: Ծայրահեղություններով ոգեշնչվող հայ հասարակությունը կա՛մ հեղափոխության նոր առաջնորդի տեսավ, կա՛մ խաչելության արժանի մեկին: Հանրությունը եկել էր կա՛մ հերոսացնելու, կա՛մ խաչելության դատապարտելու նրան: Գողգոթան տեղափոխվել էր մետրոյի գնացքի սրահ, ուր մի քանի վայրկյան միմյանց աչքերի մեջ նայեցին ոչ թե դահիճն ու զոհը (ինչպես եղավ տխրահռչակ «Առագաստ» սրճարանում), այլ հանդիպեցին խանդավառությունն ու վհատությունը, իշխանությունն ու ընդդիմությունը, հաղթանակն ու պարտությունը, մեծարվածն ու մերժվածը:

Նիկոլ Փաշինյանը, որ գնացքի այդ սրահում խանդավառության, իշխանության, հաղթանակի եւ մեծարման կրողն էր, դեմ առ դեմ հանդիպեց վհատությանը, ընդդիմությանը, պարտությանը եւ մերժվածին: Նիկոլը միշտ փորձել է պայքարել հասարակական հուսահատության դեմ, եւ հեղափոխության ընթացքում նրա պայքարը Սերժ Սարգսյանի դեմ միշտ զուգակցվում էր այդ հուսահատության հաղթահարման հետ, մանավանդ որ անհնար էր վհատությամբ եւ անզորությամբ տառապող հանրությանը համախմբել, նրան պայքարի առաջնորդել եւ հաղթել այդ պայքարում:
Մետրոյի գնացքում Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ հուսախաբության սառն անձրեւը մարել է երբեմնի խանդավառության թեժ կրակը: Վարչապետին տեսնելու, նրա հետ լուսանկարվելու՝ գնացքի մյուս ուղեւորների ուրախությունը հազիվ թե փարատեր Փաշինյանի՝ բուկլետ պատռող աղջկա պատճառած դառնությունը: 

Եվ թեպետ հենց ինքն էլ իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց բուկլետ պատռող աղջկա տեսանյութը՝ հավելյալ գրառում անելով․ «Ես սա համարում եմ «այո»-ի ամենամեծ քարոզչությունը, որովհետեւ այս երիտասարդ կնոջ անվտանգությանը ոչինչ չի սպառնում, նրան անզգույշ չեն քաշքշում մոտակա զուգարանում, նա շարունակելու է ապրել իր բնականոն կյանքով, ազատ արտահայտելու է իր տեսակետը, աշխատանքից չի ազատվելու, որովհետեւ ապրում է եւ ապրելու է Ազատ եւ Երջանիկ Հայաստանում։ Նա Հայաստանի Հանրապետության Հպարտ քաղաքացի է։ Եվ ես` որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, իմ պարտքն եմ համարում ապահովել նրա իրավունքների լիարժեք իրացումը։ Դուխով, ժողովուրդ ջան, դուխով»։ Չնայած այս գրառմանը՝ տեսանյութից ակնհայտ էր դառնում, որ Փաշինյանն այլայլվել-շփոթվել էր:

Իրականում Հայաստանի «հպարտ քաղաքացին» պարտվել էր: Պարտվել էր հեղափոխության առաջնորդին, նրա թիմին, նրա կառավարմանը, նրա սխալներին ու անկատար խոստումներին: Պարտվածներն ու հուսահատվածները չեն կարող որեւէ իշխանության սոցիալական հենարանը լինել: Հեղափոխության աջակիցներից, մասնակիցներից շատերն այժմ կա՛մ պարտված են, կա՛մ՝ հուսախաբ, եւ նրանք բոլորը միասին համալրում են մերժվածների հարաճուն բանակը:
Գնացքի աղջիկը ո՛չ հերոս էր, ո՛չ դավաճան եւ եթե ագրեսիվ էր ու անբարեկիրթ, ապա նրան այդպիսին էր դարձրել նաեւ հեղափոխությունը, որի դրոշի միակ կարգախոսը մերժումն էր: Ես տեսել եմ հեղափոխությունից հետո, Հայաստանի դրոշներով փաթաթված, դասերի հաճախող ուսանողների, որոնք արդեն 2018թ. աշնանը հիասթափված էին նոր իշխանություններից: Ոգեշնչմամբ նրանց հավատը վերադարձնելն ավելի դժվար է: Նրանք, ինչպես հեղափոխության բոլոր մասնակիցները, իրական հեղափոխական փոփոխությունների եւ արդյունքների փոխարեն ականատեսն են պետական պաշտոնյաների հարաճուն արտոնությունների՝ ի հաշիվ պետական բյուջեի: 

Եվ եթե անգամ հեղափոխության մասնակիցներիս սպասումները չափազանցված են եղել, միաժամանակ այդ սպասումների իրականացման փոխարեն մենք անվերջ ստանում ենք իշխանության անփոփոխելի բացասական բնույթի մասին բազում տխուր ապացույցներ: 
Իրավիճակն ու խնդիրն իրականում ավելի լուրջ են, քան պարզապես բուկլետ պատռելը ու կտորտանքները վարչապետի դեմքին նետելը: Քաղաքական կարեւոր փոփոխությունների՝ հեղափոխության մաս իրենց համարող հանրության անդամներից շատերն աստիճանաբար օտարվեցին հասարակական-քաղաքական կյանքից: Հեղափոխությունից հետո նոր իշխանությունը ոչ մի խնդիր չդրեց հասարակության առջեւ, բացի ժամանակ առ ժամանակ իշխանությունից արագ ընդդիմություն դարձող Նիկոլ Փաշինյանի հետ կարճատեւ քայլելը, հանրահավաքների նրա փորձերին ներկա գտնվելը եւ նախկինների դեմ պայքարում հեղափոխական քաղաքացուն վկայակոչելը: 

Մարդու, առավել եւս՝ քաղաքացու, առավել եւս՝ հպարտ քաղաքացու կյանքն իմաստ է ստանում այն ժամանակ, երբ նա կարողանում է իրացնել իր հնարավորությունները, զգալ իր կարեւորությունը, օգտակար լինել հանրությանն ու պետությանը: Պարզամտություն է կարծել, որ հուսախաբվածներն իշխանության մաս կազմելու ցանկություն ունեին. նրանք, ովքեր այդ ցանկություն ունեին, կարողացել են հարմար տեղավորվել իշխանության մեջ, մանավանդ որ լավ գիտեն իշխանության մաս կազմելու հայկական տեխնոլոգիաներն ու վարքաբանությունը: 

Այսպես սկսեց հասարակության մի մասի օտարումը հեղափոխությունից եւ հեղափոխական իշխանություններից: Հասարակությունից եւ պետությունից օտարվածությունը նոր երեւույթ չէ Հայաստանում: Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի կառավարման տարիներին քաղաքականությամբ զբաղվելը համարվում էր անօգուտ, անհեռանկարային եւ վտանգավոր. այդպես շատերը հեռացան կա՛մ Հայաստանից, կա՛մ քաղաքականությունից: Դա հենց այն էր, ինչին ձգտում էին նախկինները՝ հողմացրիվ անել իշխանության պահպանման բոլոր վտանգները, իսկ գործնական քաղաքականությունն ու քաղաքական միտքը հենց այդ վտանգներն են: Մինչդեռ օտարվածները հիմնականում վտանգ չեն ներկայացնում, մանավանդ որ վերջնարդյունքում նրանք համալրում են մերժվածների բանակը: Մերժվելով իշխանությունների կողմից՝ դեպի հասարակություն նրանց ճանապարհը եւս աստիճանաբար նեղանում-փակվում է: 

Հեղափոխությունից հետո մերժվածների մի մեծ մասը տեսավ քաղաքականություն վերադառնալու հնարավորություն, սակայն պարզվեց, որ եթե նախկին իշխանությունները վախենում էին քաղաքականությունից եւ քաղաքականությամբ զբաղվողներից, ապա նոր իշխանություններն ընդհանրապես չգիտեն, թե ինչ է քաղաքականությունը, բայց իշխանության պահպանման բնազդով ներկաները նաեւ զգում են, որ քաղաքականությունը սպառնալիք է իշխանության համար, ուստիեւ Քոչարյանի եւ Սարգսյանի կողմից մերժվածները մերժվեցին նաեւ Փաշինյանի կողմից: Ի վերջո, քաղաքականությամբ զբաղվողները եթե իշխանություն չեն, ապա ընդդիմություն են, սակայն Հայաստանում ընդդիմությունն էլ չկա: Հայաստանի քաղաքական դաշտում այդպես էլ նոր սերմեր չգցվեցին, իսկ հին սերմերն արդեն չէին ընձյուղվում: 

Հայաստանում հասարակությունը, ի վերջո, մերժում է բոլոր իշխանություններին, մերժելու է նաեւ Նիկոլ Փաշինյանին, որն այժմ երկիրը ներքաշել է անհեթեթ հանրաքվեի քարոզարշավի մեջ եւ այդ քարոզարշավում մնացել է Արամ Զ. Սարգսյանի հույսին: 

Մերժվածները, սովորաբար, տեւական ժամանակ վտանգ չեն ներկայացնում իշխանության համար, չնայած նրանց գոյությունը վկայում է անարդյունավետ կառավարման եւ թերակատար պետության մասին: Եվ թեպետ մերժվածները մեծ վտանգ չեն ներկայացնում, սակայն մերժվածների վիրավորանքն ու զայրույթը, աստիճանաբար աճելով, դառնում է իրական սպառնալիք յուրաքանչյուր իշխանության համար՝ դուրս մղելով հանրությանն ու պետությունը խցանած իշխանությանը: