Քանի՞ կուրթանեցի Մեխակ կա Լոռվա գյուղերում

Քանի՞ կուրթանեցի Մեխակ կա Լոռվա գյուղերում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Սիսիանում ներողություն խնդրեց կուրթանեցի Մեխակից։ Ինքը սխալ էր, կուրթանցի Մեխակը՝ ճիշտ։ Ասաց, որ գերագնահատել է մարդու առողջական վիճակը գնահատելու իր ընդունակությունը եւ թերագնահատել է այն հանգամանքը, որ քաղաքացին, քանի որ խոսում է վարչապետի հետ, կարող էր կաշկանդվել։ Կուրթանեցի Մեխակն այլեւս հերոս է, որի նկատմամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժեստ արեց։ Այդ մեկի հանդեպ։ Իսկ Մեխակի պես քանի՞ կուրթանեցի խեղճուկրակ, աղքատ, հիվանդ, սոված ու անճար մարդ կա Հայաստանում եւ մասնավորապես՝ Լոռվա գյուղերում, որոնցից Նիկոլ Փաշինյանն ու իր հեղափոխական թիմը ներողություն չեն խնդրելու։ Ասենք՝ ներողություն այն բանի համար, որ նրանք սոված են ու անճար, իսկ Լոռու մարզպետարանն իրեն 181 միլիոն դրամի պարգեւավճար է տվել։

Անտառաշեն համայնքի ղեկավար Ռաֆիկ Խառատյանը հատ-հատ թվարկեց 150 բնակիչ ունեցող գյուղի «մեխակներին»՝ ասելով․ «Մարդ ու կնիկ կան՝ մեծահասակ, երկուսն էլ՝ հիվանդ։ Կնոջ անումը  Ժաննա է, մարդինը՝ Հրաչ։ Ի ֆսյո։ Չէ, հետո մալականներիցը կան՝ մեր ու տղա, շատ աղքատ, երկուսն էլ՝ հիվանդ»։ Գյուղապետը, իհարկե, համաձայն է, որ Լոռու մարզպետարանի 181 միլիոնից մի քիչ էլ Լոռու գյուղերին ու նաեւ իր գյուղին տրամադրեին։ «Սխալ ա, բա ի՞նչ ա։ Սաղ իրենց են տվել, իսկ աղքատներին՝ ոչ մի բան»։ Հարց․ «Բա ո՞նց է այդպես լինում նոր Հայաստանում»։ «Ես շա՜տ գիտեմ»։ Գյուղապետն ասում է, որ իր բյուջեում կոպեկ չունի կարիքավորներին օգնելու համար։ «Կապեկ չունեմ, հիմի ես հունիսին միանում եմ Լերմոնտովո համայնքին՝ խոշորացում ա, որ նոր կարենամ․․․ տենամ ինչ է լինում»,- ասաց գյուղապետը։

Ղուրսալիի համայնքապետ Մհեր Մինասյանը լավ գիտեր Մեխակի պատմությունը, բայց մեր հարցին հարցով պատասխանեց․ «Աղքատ ասելով մենք ի՞նչը նկատի ունենք․ մարդը, որ առողջ ա, աշխատելու ունակ ա, չի՞ աշխատում, թե՞ առողջական խնդիրներ ունի՝ ի վիճակի չի աշխատել»։ Վերջի՛նը։ Ղուրսալիի գյուղապետն ասում է․ «Հիմի ունենք, խոսքի օրինակ, ընտանիք, էդ ընտանիքում կա հիվանդ ըրեխա։ Ու ծնողներն աշխատում են, պահում են իրենց ընտանիքը։ Եթե կա մի հատ ընտանիք, որ ինքն առողջական խնդիրներ չունի․ բայց սոցիալապես անապահով ա, տուն չունի՝ նմանատիպ ընտանիքներ շատ ունենք։ Մարդիկ, որ չունեն, տնտեսությունները թույլ են, սենց ասեմ։ Նպաստառու ա, տնտեսությունը թույլ ա, համայնքն ինչով կարում ա, օգտակար է լինում։ Իմեննո ես, իմեննո, տղերանցով գործ ենք բերում, մարդ ենք բերում, էդ մարդը գալիս ա, մի հատ գործատեղ ա բաց անում, էս ընտանիքներն առաջնահերթ տեղավորվում են, որ մարդիկ աշխատեն, իրենց ընտանիքը կարանան պահեն»։ Գյուղապետը մի քանի օր առաջ իր մի ամսվա աշխատավարձը տվել է, որ Ռուսաստան խոպան մեկնած ու այնտեղ չորրորդ հարկից ընկած համագյուղացուն կարողանան այստեղ վիրահատել։

Համայնքի ղեկավարն էլ չթաքցրեց, որ գյուղում բազում խնդիրներ կան․ գյուղը 88-ին Ադրբեջանից բռնագաղթած փախստականների գյուղ է, եւ ընտանիքներ կան, որ մինչեւ հիմա «դոմիկների միջին են»։ Գյուղապետը մեկնաբանում է․ «Բայց կարելի է, չէ՞, մի քիչ․․․ հասկանալ, որ էդ ընտանիքները 30 տարի ա՝ դոմիկների միջին են։ Էդ դոմիկի ծնված էրեխեն արդեն դառել ա 30 տարեկան։ Էսօր ուզում ա ընտանիք կազմի ու չի կարում։ Բա, սա էլ պարգեւատրումները»։ Ղուրսալիի  գյուղապետը հավելում է, որ ինքը տարեկան մեկ անգամ՝ դեկտեմբեր ամսին, 13-րդ աշխատավարձ կտա 3 աշխատողի՝ հաշվապահ, քարտուղար, հավաքարար։ Կտա, եթե տեսնի, որ աշխատողը «100 տոկոսով պլանը կփակի»։