Հանրաքվեների նկատմամբ հետաքրքրությունը կախված է իրադրությունից

Հանրաքվեների նկատմամբ հետաքրքրությունը կախված է իրադրությունից

Իրավական ու սահմանադրական խախտումներով ապրիլյան հանրաքվեն կյանքի կոչելու իշխանության միակ փաստարկն այն է, թե բնության մեջ չկա եւ չի կարող լինել ավելի «օրինական եւ սահմանադրական» մի բան, քան ժողովրդին դիմելն ու այս կամ այն հարցի վերաբերյալ նրա կարծիքը հարցնելն է, ինչն արվում է հանրաքվե անցկացնելու ճանապարհով։ Մինչդեռ Հայաստանի նորանկախ պատմության ընթացքը հուշում է, որ հանրաքվեներ անցյալում էլ են կազմակերպվել, սակայն լայն զանգվածներին առանձնապես չեն հուզել, քանի որ կա՛մ կեղծվել են, կա՛մ՝ տապալվել։ Հիմա, երբ հանրաքվե է հրավիրվել բացարձակապես մեկ՝ ՍԴ նախագահին եւ 6 դատավորներին տուն ճանապարհելու հարցով, դժվար է կանխատեսել դրա ելքը, նույնիսկ իշխանության բարձր լեգիտիմությունը մասնագետներին հիմք չի տալիս կանխատեսելու, որ հաղթանակը Նիկոլ Փաշինյանի գրպանում է։

Հետահայաց դիտարկենք մեր անցած ուղին․ երրորդ հանրապետության առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1995-ին։ Հանրաքվեն անցկացվեց ԱԺ առաջին ընտրությունների հետ միաժամանակ։ Սա Հայաստանի պատմության մեջ առաջին քվեարկությունն էր, որը հանրության կողմից ընկալվեց որպես կեղծված: 95-ի Սահմանադրության հիմնական քննադատներն ընդդիմադիր ԱԺՄ-ն ու կասեցված ՀՅԴ-ն էին, որոնք պնդում էին, որ դա Լեւոն Տեր-Պետրոսյանի Սահմանադրությունն է, «կարվել է նրա վրայով»՝ նախագահին անսահմանափակ իշխանությամբ է օժտում։ Ըստ սահմանադրագետների էլ՝ այն անձնակենտրոն, իշխանակենտրոն է: 98թ. փետրվարի 3-ի Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո նախագահ դարձավ Ռոբերտ Քոչարյանը։ 2001-ին, երբ Հայաստանը դարձավ Եվրոպայի խորհրդի անդամ, Սահմանադրությունը բարեփոխելու անհրաժեշտություն առաջացավ՝ դատական համակարգում, տեղական ինքնակառավարման մարմիններում եւ այլ ոլորտներում բարեփոխումների, իսկ իշխանության ճյուղերի միջեւ լիազորությունները հավասարակշռելու պահանջ կար։ Գործող մայր օրենքով կառավարություն ձեւավորելու լիազորությունը վերապահված էր ՀՀ նախագահին, իսկ ԱԺ-ն միայն հաստատում էր կառավարության ծրագիրը։ Ներկայացված նախագծով առաջարկվում էր հետեւյալ կարգը․ եթե խորհրդարանը չէր ընդունում նախագահի առաջարկած կառավարության կազմը, իրավունք էր ստանում ինքնուրույն ընտրել վարչապետին, որի հետ նախագահը ստիպված է հաշվի նստել։ Գործող Սահմանադրությամբ՝ նախագահը նաեւ ցանկացած պահի իրավունք ուներ ցրել ԱԺ-ն։ Բացի այդ, 1995-ի Սահմանադրությամբ նախագահն էր երկրի անվտանգության ու դատական համակարգի անկախության երաշխավորը։ Առաջարկվող նախագիծն այդ լիազորությունները վերապահում էր հենց Սահմանադրությանը։ Այսինքն՝ հիմնարար փոփոխություններ էին նախատեսված, բայց հանրաքվեն տապալվեց։

2003-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները կեղծիքներով անցան, նույն թվականի մայիսի 25-ին նշանակվեց հանրաքվե։ Ըստ «Հանրաքվեի մասին» օրենքի՝ սահմանադրական փոփոխությունների ընդունման համար անհրաժեշտ էր քաղաքացիների ընդհանուր թվի 1/3-ի հավանությունը: ՀՀ ընտրողները զանգվածաբար բոյկոտեցին հանրաքվեն. այն տապալվեց՝ 560 հազար կողմ եւ 552 հազար դեմ քվե: Սահմանադրական այդ փոփոխությունների մասին այսօր քչերն են հիշում: Հանրաքվեի ընդունման դրական ելքի համար իշխանությունները քարոզչություն գրեթե չէին իրականացնում եւ չէին ձգտում ամեն գնով այն անցկացնել: 

2005-ի նոյեմբերի 27-ին սահմանադրական փոփոխությունների «բարեփոխված» փաթեթը կրկին դրվեց հանրաքվեի։ Այն ընդունվեց, բայց ընդդիմությունը հայտարարեց, որ «ուրվականների հանրաքվեն» կեղծվել է առնվազն 1 միլիոն ձայնով, քանի որ հանրաքվեին իբրեւ թե մասնակցած 1 մլն 514 հազար 93 ընտրողից «կողմ» չէր կարող քվեարկել 1 մլն 411 հազար 711-ը:
Իսկ երրորդ ու առայժմ վերջին փոփոխությունը կատարվեց 2015թ. դեկտեմբերի 6-ին։ Այդ փոփոխությունները փորձագետներից ոմանք ոչ թե փոփոխություն, այլ նոր Սահմանադրություն էին որակում, քանի որ դրանով Հայաստանը նախագահականից անցում կատարեց խորհրդարանական կառավարման համակարգի։ 2015-ի Սահմանադրությունն ապահովում էր սուպերվարչապետական համակարգ, երբ վարչապետին առընթեր են ոստիկանությունը, ԱԱԾ-ն, վերահսկողական, պետական պահպանության ծառայությունները: Պաշտոնական թվերով՝ 825 հազար 851 ընտրող «այո» ասաց սահմանադրական փոփոխություններին, 421 հազար 600-ը՝ «ոչ», ընդդիմադիրները կրկին արձանագրեցին, որ այն ընդունվել է համատարած կեղծիքներով։ Ուշագրավ է, որ որեւէ անգամ հանրաքվեի արդյունքները չեն վիճարկվել։

Սերժ Սարգսյանի «հագով կարված կոստյումին» դեմ արտահայտվեցին Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը։ Սահմանադրությունը փոխելու, սուպերվարչապետական համակարգը վերացնելու, իշխանական թեւերի միջեւ իրական փոխզսպման եւ հակակշիռների մեխանիզմներ ներդնելու, նախագահի լիազորությունները վերանայելու խոստումներով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը որոշեց այս անգամ փոխել միայն «կոստյումի մի կարը», որով կազատվի Հրայր Թովմասյանից։  

Հանրաքվեի նկատմամբ ժողովրդի վերաբերմունքը, հետաքրքրվածությունը, սահմանադրագետ Վարդան Այվազյանի խոսքով, կախված է մի շարք իրողություններից՝ օրվա իշխանության լեգիտիմությունից սկսած, վերջացրած նրանով, թե ինչպիսի քարոզարշավ կվարեն․ «Հիմա մենք տեսնում ենք, որ վարչապետն անձամբ է մասնակցում քարոզարշավին, գնում տարբեր վայրեր, տարբեր գործիքակազմեր են կիրառվում եւ այլն։ Դա որոշակի հետաքրքրվածություն առաջացնում է մարդկանց մոտ»։ Ուստի նախապես ասել, որ առանց կեղծիքների հնարավոր չէ անցկացնել հանրաքվեն՝ նաեւ նկատի ունենալով նախկին փորձերը, ըստ Այվազյանի, չի կարելի։