Վարկած. Աննա Հակոբյանի հիմնադրամի համար նոր հնարավորություններ են ստեղծում

Վարկած. Աննա Հակոբյանի հիմնադրամի համար նոր հնարավորություններ են ստեղծում

Մայիսի 19-ին «Հրապարակը» գրել էր, որ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի մայիսի 17-ի 327-Ա որոշմամբ բարեգործական է որակվել Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագիրը: Այսինքն՝ Աննա Հակոբյանն օգտվելու է «Բարեգործության մասին» օրենքի 16-րդ հոդվածից եւ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններ է ստանալու:

Բարեգործական որակված «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի վրա Աննա Հակոբյանը 39,02 միլիոն դրամ է ծախսելու, որով Շիրակի մարզում բնակվող՝ 44-օրյա պատերազմի հետեւանքով հաշմանդամություն ձեռք բերած զինվորների համար մասնագիտական կողմնորոշման ճամբար, վերապատրաստումներ է կազմակերպելու: Հիմնադրամը շահառուների թիվ չէր նշել, այն դեպքում, երբ այլ կազմակերպությունների ծրագրերը բարեգործական են որակվում բացառապես հստակ թվերի պարագայում: Մենք նաեւ օրինակներ էինք բերել։

Համբարձում Մաթեւոսյանի գրասենյակը փորձել էր հերքել՝ պնդելով, թե իրենք պարտավոր չեն ստուգել թվերը, նման իմպերատիվ պահանջ չկա: Անհեթեթությունից զատ, առաջին հերթին սա նշանակում է, որ ծրագիրը հաստատվել է չստուգված թվերով: 

Պարզվում է՝ այս «ոդիսականը» շարունակություն ունի: Աննա Հակոբյանին արտոնություններ տալուց երկու ամիս անց նույն կառավարությունը հաստատել է Ադրբեջանի կողմից 2016 եւ 2020 թվականներին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած գործազուրկ անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման եւ զբաղվածության ապահովման ծրագիրը (ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի 1179-Լ որոշում): Այս որոշմամբ կառավարությունը պարտավորվել է ռազմական գործողություններին մասնակցած գործազուրկ անձանց մասնագիտական ուսուցման համար գումարներ տրամադրել՝ մեկ հոգու հաշվարկով առավելագույնը 250 հազար դրամ: Եվ, ուշադրություն. գումարը կստանա ոչ թե շահառուն, այլ այն գործատուն, որն իր մոտ կամ իր ընտրած կազմակերպությունում կկազմակերպի շահառուի մասնագիտական ուսուցումն ու հետո այդ մարդուն կընդունի աշխատանքի: 

Հիմա վերադառնանք ու հիշենք Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագիրը, որտեղ նշված չէ շահառուների թեկուզ մոտավոր քանակը: Ստացվում է՝ Աննա Հակոբյանն ուզում է պատերազմի մասնակիցների համար դասընթաց կազմակերպել, իսկ կառավարությունը նույն մարդկանց ասում է՝ եկեք ձեզ փող տամ, գնացեք սովորեք, մասնագիտություն ձեռք բերեք: Քանի որ Աննա Հակոբյանն իր ծրագրի շահառուների թիվը չի նշել, կարող է ասել՝ մեր փողը սպառվեց, բայց եթե ձեր փողով գաք, ուսուցում կկազմակերպենք: Ու քանի որ Աննա Հակոբյանը նախկինում գործարարներին բացահայտ ասում էր՝ փող տվեք «Իմ քայլը» հիմնադրամին, հիմա էլ նույն գործարարներին կարող է ասել՝ ձեզ դիմած գործազուրկ անձանց ուղղորդեք իմ դասընթացներ:

Կառավարությունը չի սահմանել, թե պատերազմի քանի մասնակից կարող է պետության հաշվին մասնագիտական ուսուցում անցնել: Ստացվում է՝ Աննա Հակոբյանը ստացել է պետական փողերն անսահմանափակ ծախսելու հնարավորություն: Ինչպես ասում է Աննա Հակոբյանի ամուսինը՝ «կոռուպցիան սարսափելի դեմքով, պոզով, պոչով կենդանի չէ», կոռուպցիան հենց սա է:

ՀԳ. Սա դեռեւս վարկած է՝ ենթադրություն: Եթե անգամ մեկ գործազուրկ պետական փողերով ուսուցում անցնի Աննա Հակոբյանի հիմնադրամի օգնությամբ, դա կլինի ապացույց, որ մեր վարկածն իրական է:

Արեգ Մարգարյան