Սուրմարին Սուրբ կույս Մարինոսն է

Սուրմարին Սուրբ կույս Մարինոսն է

«Սուրմալու» տոնավաճառի սոսկալի ողբերգությունից հետո հասարակական քննարկումներում սկսեցին առաջ քաշվել տարբեր վարկածներ, որոնցից մեկը հնարավոր ահաբեկչության տարբերակն էր՝ այն դրույթի հիմնավորման փորձով, թե պատահական չի կարող լինել, որ այն տեղի ունեցավ Տիրամոր Վերափոխման տոնին՝ Տիրամոր անվան ձեւափոխված տարբերակը կրող տոնավաճառում:

Մեզ իրավունք չվերապահելով որեւէ կարծիք հայտնել տեղի ունեցած ողբերգության բնույթի կամ հնարավոր դիտավորության մասին՝ միաժամանակ կցանկանայինք ասել հետեւյալը:
Սուրմալու (լու-ն տեղանվանական նշանակություն ունեցող թուրքերեն վերջածանց է) տեղանվան հայկական պատմական տարբերակն է «Սուրբ Մարի» կամ վերջինիս կրճատված ձեւը՝ «Սուրմարի», կապված ոչ թե Մարիամ Աստվածածնի, այլ Սուրբ Մարի կամ Մարինոս կույս ճգնավորուհու անվան հետ:

Անիի անկումից հետո այս բնակավայրին է փոխանցվել Բագրատունյաց մայրաքաղաքի հռչակի մի մասը: Սուրմարիի մասին չափազանց հիացմունքով եւ մանրամասն է գրում իսպանացի դեսպան Կլավիխոն՝ 1403-1406 թթ. իրականացրած իր ճանապարհորդական ուղեգրության մեջ: Այս բնակավայրը հայ մատենագրության մեջ առաջինը հիշում է պատմիչ Արիստակես Լաստիվերտցին (1002-1080թթ.)՝ Սուրմառի ձեւով: Կիրակոս Գանձակեցին (1200-1271թթ.) այն անվանում է Սուրբ Մարի: Սյունյաց պատմիչ Ստեփանոս Օրբելյանը (1250-1303թթ.) եւ Թովմա Մեծոփեցին (1378-1446թթ.) այն հիշում են Սուրբ Մարի ձեւով:

Այս բնակավայրում 1296 թ. ընդօրինակված Ավետարանում ասվում է, որ այն գրվել է «ի քաղաքիս, որ կոչի Սուրբ Մարի, շինեալ յանուն սուրբ ճգնաւորին Մարինոսի»: Մարինոս կույսը հռչակված էր իր ճգնակեցությամբ: Նրա մասին միջնադարյան վարքագրական տարբեր գործեր են գրվել, այդ թվում՝ Աղթամարի կաթողիկոս բանաստեղծ Գրիգորիս Աղթամարցու (մոտ 1480-1550/54 թթ.) հեղինակած չափածո վարքը:

Սուրմարին 13-րդ դարում ավերվելով մոնղոլական արշավանքներից՝ Անիի նման շարունակում էր պահել իր հմայքը: Սրբալույս Մյուռոնին նվիրված ավանդություններում ասվում է, որ Մյուռոնի հրաշագործ ծաղիկն աճում է այստեղ՝ «ի գաւառն Արարատեան, ի քաղաքն Սուրմարի»:
Վերը բերված պարզաբանումը ներկայացնում ենք երկու գլխավոր պատճառով: 
Առաջին, որպեսզի տոնավաճառում տեղի ունեցածը չկապվի վերջինիս անվան հետ: 
Երկրորդ՝ այն մեկնաբանությունը չտրվի, թե Տիրամոր Վերափոխման տոնի օրը նման ողբերգություն կատարվեց Տիրամոր անունը կրող տեղում:

Վերջում կցանկանայինք դիմել լրագրական աշխարհի մեր գործընկերներին՝ հետեւյալ խնդրանքով: Մասնագիտական որեւէ հարցի վերաբերյալ որպեսզի որեւէ հիմնազուրկ դատողություն չկատարվի, եւ վերջինիս հիման վրա տարբեր վարկածներ ու տեսություններ առաջ չքաշվեն, ճիշտ կլինի դիմել Գիտությունների ազգային ակադեմիայի համապատասխան ինստիտուտներին եւ ստանալ անհրաժեշտ պատասխանը՝ եզրակացություններ կատարելով համապատասխան փաստերի հիման վրա:

Վարդան ԴԵՎՐԻԿՅԱՆ