Ներել թշնամուն, նշանակում է չհարգել զոհված ու անհետ կորած զինվորներին․ Լուսինե Մարտիրոսյան

Ներել թշնամուն, նշանակում է չհարգել զոհված ու անհետ կորած զինվորներին․ Լուսինե Մարտիրոսյան

«Կապ չունի այսօր, թե ինչի կարիք ունի սահմանին կանգնած զինվորը։ Այսօր պետք է միասնական լինենք ու թիկունքն ամուր պահենք։ Եթե պետք լինի մենք էլ պիտի պաշտպանենք մեր հայրենիքը, բայց քանի որ այս պահին զինվորն է մեր խաղաղ քունն ապահովողը՝ վտանգելով սեփական կյանքը, նա պետք է զգա թիկունքը։ Այդ է հիմնական պատճառը, որ տարիներ շարունակ ես բանակի կողքին եմ, հանդես եմ եկել մենահամերգներով, օգնություններ եմ տարել և տանում մինչ օրս տարբեր զորամասեր»,- մեզ հետ զրույցում ասաց, Ստեփանակերտի մշակույթի տան գեղարվեստական ղեկավար, երգչուհի Լուսինե Մարտիրոսյանը։

Երգչուհու համար անընդունելի են այն խոսակցությունները, երբ լսում է, արցախցիների և ադրբեջանցիների ժամանակին հարևանություն անելու մասին։ Խաղաղության դարաշրջանը չի պատկերացնում, թե որն է։

«Այո, ապրել են մի ժամանակ արցախցին ու ադրբեջանցին մի հողի վրա։ Բայց դա անցյալ է ու այդ անցյալը երկար ժամանակ է չի ուղղվում։ Երեք պատերազմ տեսած Արցախը չի կարող խաղաղության մասին խոսել, արցախցու մտքի ծայրով չի անցնում խաղաղություն բառն օգտագործել անգամ շշուկով։ Ամեն անգամ Ստեփանակերտից դուրս գալուց՝ նողկանք ու վրեժի ծարավով լցված եմ անցնում վիրավոր Շուշիի կողքով։ Մորեղբայրս արցախյան առաջին պատերազմի ժամանակվանից համարվում է անհետ կորած։ Ներել թշնամուն, նշանակում է չհարգել բոլոր զոհված ու անհետ կորած զինվորներին, մոռանալ արցախյան երեք գոյամարտերը։ Երբ ընդամենը մեկուկես տարի է անցել դաժան պատերազմից, անհասկանալի և անընդունելի է ինձ համար խաղաղություն բառն ասոցացնել թշնամու հետ։ Պատերազմից հետո ավելի է շատացել ատելությունս թշնամու հանդեպ։ Շարունակելով ապրել Արցախում՝ չես կարող վիրավոր հողի վրա ներել սովորես»,- ասաց Լուսինե Մարտիրոսյանը։

Երգչուհին խոսելով, հայրենասիրությունից ընդգծեց, որ արտասահմանյան համերգների ժամանակ իր հագուստի վրա անպայման փակցված է լինում կամ «Armenia», կամ Արցախ անունները, կամ՝ դրոշն ու զինանաշնանը, որպեսզի բեմում ամբողջ ելույթի ժամանակ հիշեցնի ու նկատելի դարձնի իր հայ լինելը։

«Պատերազմից հետո մտածում էի հպարտությունս կոտրվել է ու կորել, և չեմ կարողանա արտասահմանյան համերգների մեկնելիս գլուխս բարձր բեմ դուրս գալ։ Բայց դա այդպես չի։ Ամռանը հանգստանալու էի մեկնել, որտեղ պատահական մենահամերգի առաջարկ ստացա։ Երբ որ առաջարկեցին ինձ մենահամերգի դիմաց ոչ թե գումար տան, այլ տանեն շրջագայությունների, կամ ավել օրեր տան հյուրանոցում մնալու համար, որոշեցի, առաջարկել՝ համերգիս ժամանակ Արցախի դրոշը դուրս գա լեդ էկրանին, քանի որ լավ գիտեի, որ հանդիսատեսի շարքերում կան նաև ադրբեջանցիներ։ Արարքս վերին աստիճանի բարձրացրել էր ադրբեջանցիների զայրույթը։ Վերջիններս այնտեղ ջարդուփշուր էին արել ինչ ձեռքներն ընկել էր։ Շատ մեծ դժվարություւներով հաղթահարած դուրս եկա այնտեղից, բայց սիրտս հովացավ, հանգստացավ»,- մեզ հետ զրույցում պատմեց Լուսինե Մարտիրոսյանը։