Սերունդները մեզ չեն ների

Սերունդները մեզ չեն ների

1915 թվականին Արեւմտյան Հայաստանի մեր հայրենակիցները սպանդի ենթարկվեցին՝ հայրենիքը զիջելով թուրքերին ու քրդերին: Ոչխարի նման սրի քաշվեցին կամ քշվեցին անապատ՝ զոհվելով այնտեղ: Եվ չնայած մեկուկես միլիոն անմեղ զոհերը սրբագործվեցին եկեղեցու կողմից, սակայն հոգու խորքում մենք մեղադրել ենք զոհերին: Մեղադրել ենք, որ չկարողացան գոնե զոհվել այնպես, որ դահիճները երկար հիշեին իրենց զոհերին: Ուրիշ հարց, որ իշխանություն կորցնելուց հետո երիտթուրքերի պարագլուխները վճարեցին իրենց կյանքով, բայց մեր զոհերն ու մեր հայրենիքը դրանով ետ չբերվեցին:

Եվ ճիշտ այնպես, ինչպես մենք հոգու խորքում չենք ներում նրանց, վաղվա մեր սերունդները չեն ներելու նաեւ մեզ: Չեն ների, եթե մենք չկարողանանք հեռացնել Փաշինյան Նիկոլին ու չչեղարկենք նրա ազգակործան «խաղաղության դարաշրջանի մեկնարկը»: Մեկուկես տարի մենք ապրում ենք կորսված ազգային արժանապատվությամբ: Ապրում ենք ադրբեջանցու առաջ կռացած ու խեղճացած: Դեռեւս մեկուկես տարի առաջ մենք նրանց արհամարհանքով «Ազերբարան» էինք անվանում, իսկ հիմա նախկին խաղամոլը սպառնում է բռունցքով ջարդել մեր գլուխը: Արցախյան հաղթական պատերազմից այս կողմ մենք դուրս էինք գալիս ցեղասպանված ազգի ծանր բարդույթից: 2020 թ. նոյեմբերի 9-ից մենք ավելի խոր ընկղմվեցինք դրա մեջ: Ու չի երեւում, թե երբ եւ ինչպես ենք կարողանալու ազատվել դրանից:

Բայց ազատվելն օրհասական անհրաժեշտություն է, որովհետեւ բարդույթավորված լինելու վերջը ոչ թե նիկոլական կեղծ խաղաղությունն է, այլ պետականության կորուստը: Որովհետեւ պարտվողական խաղաղություն մուրալը, դեպի ուր տանում է մեզ Նիկոլը, հենց բարդույթավորված լինելու դրսեւորումն է: Դրա դրսեւորումն է նաեւ այն հանգամանքը, որ խայտառակ պարտությունից հետո մեր խնդիրների շուրջ բանակցում են ուրիշները: Իսկ երբ որեւէ ազգի կամ պետության առումով նման երեւույթ է արձանագրվում, ապա դա նշանակում է, որ վաղ թե ուշ այդ ազգը կամ պետությունը վերանալու է պատմության թատերաբեմից:

Եվ որպեսզի խուսափենք այդպիսի վերջից, պետք է ուժ գտնենք մեր մեջ: Ուժ գտնենք մերժելու թե՛ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին եւ թե՛ նրա պարտվողական խաղաղությունը: Որն իրականում ոչ թե արժանապատիվ խաղաղություն է, այլ խեղճուկրակի ճորտություն: Որովհետեւ չի կարող խաղաղություն լինել երկդիմի թշնամու հետ, որը մի դեմքով խաղաղություն է առաջարկում, մեկ այլ դեմքով իր զինվորին մեզ սպանելու հրաման տալիս:

Սպանելու թե՛ հայ զինվորին եւ թե՛ խաղաղ բնակչին: Եվ որպեսզի խուսափենք նման «խաղաղությունից», մեզ անհրաժեշտ է առաջին հերթին իշխանությունից հեռացնել Փաշինյան Նիկոլին: Այնուհետեւ կարգի բերել մեր ընդհանուր տունը. բարելավել միջանձնային հարաբերությունները, կառավարման համակարգը, տնտեսությունը, բանակը՝ ի վերջո: Միաբանվել՝ դառնալով մեկ բռունցք եւ ջարդել նրա գլուխը, ով սպառնում է ջարդել մեր գլուխը: Եվ դրանից հետո ոչ թե խաղաղություն մուրալ, ինչպես փորձում է անել Նիկոլը, այլ երկդիմի թշնամուն պարտադրել արժանապատիվ խաղաղություն: Դա մենք մեկ անգամ արել ենք, ուրեմն կարող ենք անել նաեւ երկրորդ անգամ: Կարող ենք, եւ անպայման կստացվի: Արդյունքում մեզ կրկին կհաջողվի թոթափել թե՛ ցեղասպանվածի զգացումը՝ վերադարձնելով Արցախը, եւ թե՛ պատժել նրանց, ովքեր տարիուկես ստորացնում են մեր ժողովրդին, սպանում մեր զավակներին ու եղբայրներին: 

Եթե կրկին միաբանվենք ու հավատանք մեր ուժերին, մենք սարեր շուռ կտանք: Ու այդ դեպքում խնդիր չենք ունենա նաեւ արտաքին աշխարհի առումով: Իլհամ Ալիեւն ամեն ինչ արեց մեզ հաղթելու համար: Բայց, միաժամանակ, նա ամեն ինչ արեց, որպեսզի ազատություն տա մեր ձեռքերին: Եվ դա կատարեց թե՛ 2020 թվականի դաժան պատերազմի եւ թե՛ դրան հաջորդած ժամանակահատվածում: Արցախյան եւ հայաստանյան տարածքների նկատմամբ իրականացված ագրեսիան, զինվորականների եւ քաղաքացիական անձանց առեւանգումները՝ էլ չեմ խոսում անասունների առեւանգումների մասին, եռակողմ հայտարարության դրույթների բազմաթիվ  խախտումները, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ սպառնալիքները, մեր հոգեւոր եւ մշակութային արժեքների ոչնչացումը, գազատարը վթարի ենթարկելու հետեւանքով առաջացած հումանիտար աղետը եւ բոլոր մյուս հանցագործությունները բավարար են, որպեսզի խլացվեն ի պաշտպանություն ադրբեջանցիների ձայները, եթե դրանք բարձրաձայնվեն: Էլ չասած ադրբեջանական այն ցնդաբանության մասին, թե Հայաստանն իրենց պատմական հողերն են, ու իրենք իրավունք ունեն վերադարձնելու դրանք:

Այդ առումով օգտակար են լինելու նաեւ վերջին սրացման առումով ամերիկյան առանձին գործիչների, ֆրանսիական եւ ռուսական պաշտոնական հաղորդագրությունները, որոնք արձանագրեցին, թե ով է ագրեսորը եւ ով՝ զոհը: Ի դեպ, ՄԱԿ-ի արձագանքն ադրբեջանական վերջին հարձակման առումով շարունակում էր հավասարապես ուղղված լինել հայկական եւ ադրբեջանական կողմին, կարծես թե հայկական կողմն ինքն իր դեմ էր ագրեսիվ գործողություն իրականացրել: Դա մեզ դաս կլինի, թե ինչպիսի վերաբերմունք է անհրաժեշտ ցուցաբերել այս կամ այն երկրին, այս կամ այն միջազգային կառույցին:

Իհարկե, կորցրածը ետ բերելն ավելի ծանր է լինելու, քանի որ թուրքական կողմն արդեն բացեիբաց ու ենթադրաբար ողջ ուժով կանգնելու է իր արեւելյան ազգակիցների կողքին: Բայց մենք պետք է գնանք այդ քայլին հաղթանակի հավատով: Որովհետեւ դրա այլընտրանքն Արցախի հայաթափումն է, ինչին արագ հետեւելու է Հայաստանի Հանրապետության հայաթափումը: Իսկ որ դա տեղի է ունենալու՝ մեզ ուսուցանում են 1894-1896 թվականներից սկսված բոլոր ջարդերի ու 2020 թվականի Հադրութի եւ Շուշիի հայաթափման դասերը: Այն Շուշիի, որը մինչեւ թուրքերի ձեռքն ընկնելը հայության երկրորդ մշակութային կենտրոնն էր Հարավային Կովկասում (Թիֆլիսից հետո): Իսկ եթե մենք դա չանենք, ապա սերունդները մեզ չեն ների: