Ջրի հատակն իջած Ադրբեջանի փորձերը

Ջրի հատակն իջած Ադրբեջանի փորձերը

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գազի մատակարարումն է դադարեցրել, ապա զինված առաջխաղացման փորձ է արել: Դեռ անցյալ շաբաթ կարելի է վստահ լինել, որ ոչ մի ուղղությամբ ոչնչի չեն հասնելու: Սա 2020-ի սեպտեմբերը չէ, որ ԱՄՆ-ում Թրամփի նման կիսագրագետ, ցուցամոլ ու կարճամիտը մեկը լինի իշխանության, որին, ամենայն հավանականությամբ իր նմանակ Էրդողանը համոզի, թե ընդամենը մի քանի օր տեւող ռազմական գործողությամբ կարելի է 30 տարի Իրանի սահմանին գտնվող հայկական ուժերին հեռացնել եւ դրանով միանգամից երկու նապաստակ խփել: Մի կողմից, Իրանի հյուսիսային սահմանի համարյա կեսի հանդեպ ուղղակի վերահսկողություն հաստատել եւ ձեռք բերված դիրքը հետագայում ԱՄՆ-ի, Թուրքիայի, Իսրայելի, այլոց կողմից օգտագործել Իրանի դեմ լրտեսության եւ այլ նպատակներով: Մյուս կողմից, որպես կողմնակի արդյունք՝ ԼՂՀ շրջակա տարածքներից հայկական ուժերին հանելով, ստատուս-քվոն ավարտել եւ ինքնաբերաբար ԼՂ հակամարտության կարգավորման հարցում 30 տարվա անշարժ սայլը տեղից շարժել: 

Թե Թուրքիայի կամ անձամբ Էրդողանի շահն այդտեղ որն էր, Թրամփի կարգի մակերեսային արարածը ո՛չ կարող էր կռահել-գիտակցել, ո՛չ էլ ԱՄՆ նախագահական ընտրությունների նախաշեմին պարտվելու ցայտնոտի մեջ հետաքրքրություն կունենար պարզելու: Իսկ Էրդողանի շահը կարող էր լինել մեկը` ԱՄՆ չեզոքության խորքին ռուս-թուրքական տանդեմին Հարավային Կովկասում ֆիզիկապես ամրացնել, որպեսզի խոչընդոտվի Եվրոպայի եւ Արեւմուտքի հաստատումը տարածաշրջանում, ճիշտ՝ ինչպես հարյուր տարի առաջ արեցին Աթաթուրքը եւ Լենինը: 
Իհարկե, եթե Հայաստանի առաջնորդը 2020թ. չլիներ ողորմելի, թուլամիտ ու խեղկատակ մեկը, վստահաբար, ոչ մի 44-օրյա պատերազմ էլ չէր պատահի: Դեռ ամիսներ առաջ, երբ ՀՀ ԶՈՒ շտաբում սկսել էին Ադրբեջանի հետ հնարավոր բախման եւ Թուրքիայի առնվազն քաղաքական, ռազմատեխնիկական ներգրավվածության մասին տեղեկություններ ստացվել, ցանկացած պատասխանատու եւ գիտակից անձ Փաշինյանի ու իր ուսապարկերի փոխարեն Իրանին ուղղակի կռմբահարեր դիվանագիտական բոլոր խողովակներով` ծանուցելով ու ծավալելով թեզը, թե Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանը փորձելու է Իրանի սահմանին հասնել, այնուհետ նաեւ Իսրայելի, ԱՄՆ-ի եւ այլոց կողմից այդ սահմանն Իրանի դեմ (ներառյալ լրտեսության նպատակներով) գործադրել:

Նույն թեզը կսկսեր լրատվական դաշտում տարածել, Ադրբեջանին պատերազմական նախապատրաստության մեջ մեղադրել, ՀԱՊԿ-ից ռազմական, ԵԱՀԿ-ից դիվանագիտական եւ այլ աջակցություն պահանջել: Ադրբեջանի գազատարների անվտանգության խաղաքարտով Արեւմուտքի մասնավոր սեկտորին ընդդեմ պատերազմի կգեներացներ: Վերջապես՝ հնարավոր հարձակումը կանխելու խնդիրը ՄԱԿ ԱԽ-ում կբարձրացներ, այնպես, որ պատերազմի սանձազերծումը Հարավային Կովկասում բոլորին թվար վերահաս գլխացավանք, եւ Ադրբեջանին սաստեին, նույն ԱՄՆ-ում Թրամփի ընդդիմախոսներն աղմուկ բարձրացնեին:

Եթե ոչ թե Փաշինյանի կարգի մեկը լիներ ՀՀ ղեկավարը, այլ համարժեք անհատ, բնականաբար, այդպես էլ կվարվեր կամ գոնե պատերազմի սանձազերծվելուց հետո օր առաջ եւ նվազագույն զիջումներով այն կավարտեր, ոչ թե Ռուսաստանի դուդուկի տակ կպարեր այնքան, մինչեւ ռուս-թուրքական տանդեմը մտներ Արցախ: 

Փաշինյանը գուցե նվեր է, բայց կախարդական փայտիկ չէ 

Եվ քանի որ Փաշինյանն իր գոյությամբ ուղղակի Ալլահի նվերն է Ալիեւին, այդ նվերը գիտակցաբար, թե անգիտակցաբար չարեց բացարձակապես ոչինչ, որով կանխվեր 44-օրյա պատերազմը կամ դրանում Ալիեւի հաջողությունը: Այդուհանդերձ, կատարվածը չի նշանակում, թե Փաշինյանը կախարդական փայտիկ է, որ միշտ հաջողություն է բերելու: Այժմ ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում իրադրությունը ե՛ւ 2020-ի, ե՛ւ 1920-ի համեմատ գլխիվայր շուռ է եկել ի վնաս Ադրբեջանի եւ ի օգուտ Հայաստանի, ու ոչ մի կախարդական փայտիկ` ի դեմս Փաշինյանի, Ալիեւին այլեւս չի օգնի: Ինչո՞ւ: 

Որքան էլ Հայաստանում խորհրդային պատմագրությունն ու քարոզչությունը, անկախության վերականգնումից հետո էլ ռուսական էմիսարները մարդկանց մոլորեցնեն ստախոսություններով, թե իբր ռուսներն ու թուրքերը հակառակորդներ են, ռուսներն իբր հայերի բարեկամն են, թուրքերը` թշնամին, չգիտես էլ ինչ, իրականում ռուսները եւ թուրքերը ոչ մի հակառակորդ էլ չեն: Եթե անգամ նրանք հակոտնյա ծրագրեր էլ ունենան` Ռուսաստանը հավակնի ներկայիս Թուրքիայում գտնվող Արեւմտյան Հայաստանի տարածքով Միջերկրական ծով հասնել, Թուրքիան էլ հավակնի ներկայիս Ռուսաստանի տարածքով Սիբիրի սելջուկա-մոնղոլական տափաստաններին հասնել, նախ` այդ ծրագրերը երկուստեք ամպերում թեւածող ցնդաբանություն են, եւ հետո՝ ամեն պարագայում, դրանք չեն խոչընդոտել (գուցե անգամ նպաստել են), որպեսզի ցեմենտվի ռուս-թուրքական տանդեմ ընդդեմ Եվրոպայի, ընդդեմ Հայաստանի շահերի եւ ընդդեմ Հարավային Կովկասում Արեւմուտքի հաստատվելու: Այդ մղումով հարյուր տարի առաջ ռուսներն ու թուրքերը համատեղ վիժեցրին Սեւրի դաշնագրի իրագործումը Հայաստանի մասով, եւ հարյուր տարի անց էլ 44-օրյա պատերազմով իբր փորձեցին նորից Հարավային Կովկասում սոսնձվել` իրար ու տարածքին:

Բայց այս անգամ, ինչպես բազմիցս գրել եմ անցյալ տարվա ընթացքում, աշխարհն այլ է, եւ ռուս-թուրքական ծրագրերը այդպիսին էլ մնալու են: Իսկ այս տարի սկսված ռուս-ուկրաինական պատերազմը որքան էլ չարիք է ընդհանրապես, համարյա բարիք է Հայաստանի համար: Ուկրաինայում ՆԱՏՕ-ն ջախջախում է ոչ միայն Ռուսաստանի ռազմական պոտենցիալն ու տնտեսությունը, այլեւ տասնամյակների համար արմատախիլ է անում Եվրոպայի տարածքում ու անդին ռեգիոնալ գերիշխանության հասնելու ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Թուրքիայի կամ Իրանի բոլոր հնարավորություններն ու հավակնությունները: Գուցե Հեռավոր Արեւելքում Չինաստանը կարող է տարածաշրջանային հեգեմոնության հաջող կամ անհաջող քայլեր անել, բայց եվրոպական մայրցամաքում դա այլեւս բացառված է:

Այստեղ կա մեկ ուժ` միասնական արեւմտյան քաղաքակրթական դաշինքը` ի դեմս Եվրոպական Միության եւ ՆԱՏՕ-ի, եւ ով այդ ուժին կհակադրվի, միջազգային ասպարեզից դուրս կմղվի ու կչեզոքացվի: Ընդսմին, եթե Ռուսաստանը գոնե քրիստոնեության ու եվրոպական արվեստի, մշակույթի երկիր է, Թուրքիան, առհասարակ, մերժելի եւ օտար տարր է ու Եվրոպայում երբեք յուրային չի ընկալվի: Ինձ անգամ հետաքրքիր է այն, ինչի մասին խոսում են Արեւմուտքում, թե Ռուսաստանը կարող է փոքր տրամաչափի միջուկային ռումբ գցել, օրինակ, Լեհաստանի վրա՝ դրանով աշխարհը կանգնեցնելով միջուկային պատերազմի շեմին եւ ավարտելով ներկա պատերազմը։ Եթե, օրինակ, Ռուսաստանը այդ ռումբը գցի ոչ թե Լեհաստանի, այլ Թուրքիայի վրա, մեկը Եվրոպայից կգնա՞ Թուրքիային պաշտպանելու, թե՞ բոլորն ուրախությամբ շունչ կքաշեն: 

Ամեն պարագայում, ռեգիոնալ ուժերի եւ խաղերի ժամանակը Եվրոպայում ավարտված է: Իսկ դա էֆեկտիվորեն նշանակում է, որ Ադրբեջանի ոսկե դարն ավարտված է: Ադրբեջանի կամովի, թե ակամա հովանավորներից ոչ մեկը` ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Թուրքիան, այլեւս չեն կարող ԵՄ Արեւելյան գործընկերության տարածք հանդիսացող Հարավային Կովկասում եվրոպական կառույցներին շրջանցող խաղեր տալ: Այլեւս չասած, որ Ռուսաստանն ու Թուրքիան այժմ չեն կարող նույնիսկ արդյունավետ համագործակցել: Եվրոպայից Թուրքիային հարցնում են, թե ինչու չի միանում հակառուսական պատժամիջոցներին, եւ ԱՄՆ-ն բարձրաձայնում է, որ ՌԴ-ից գնած C-400 համակարգերը Թուրքիան փոխանցի Ուկրաինային: Պատկերավոր ասած` Թուրքիայի կոկորդից են բռնել, եւ դժվար Անկարայում չգիտակցեն, որ Ռուսաստանի ճակատագիրն իրենց էլ կսպառնա, եթե հանկարծ մի սխալ քայլ անեն: Ընդսմին, Թուրքիային տնտեսապես, իսկ արդյունքում նաեւ քաղաքական ու ռազմական առումով չեզոքացնելու համար Եվրոպայից միայն ցանկություն կպահանջվի` ո՛չ ջանք, ո՛չ ժամանակ: 

Ջրի հատակն իջած Ադրբեջանը

Այն, թե ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտահերթ նիստում Ռուսաստանին դատապարտող բանաձեւի քվեարկության ժամանակ ինչպես էր Ադրբեջանն իջել ջրի հատակը (նրանց ներկայացուցիչն առհասարակ քվեարկության չէր մասնակցել), ցույց է տալիս, թե որքան երերուն ու մազից կախված է դարձել Բաքվի վիճակը միջազգային ասպարեզում: Հետեւաբար հարկավոր է, որ Հայաստանն այժմ դադարեցնի խաղաղության օրակարգի մասին Նիկոլ Փաշինյանի տխմարությունները կրկնել, փոխարենը հարկավոր է դիմել ԵԱՀԿ եւ պահանջել, որ Ադրբեջանին սաստեն: Իհարկե, այժմ ԱՄՆ-ն ներգրավված է եւ ակտիվ է Հարավային Կովկասում, օրեր առաջ բավարար եղավ պետքարտուղար Բլինկենի ընդամենը մեկ հեռախոսազանգը, որ Հայաստանին հինգ կետի առաջարկ-վերջնագիր ուղարկած Ադրբեջանը կմկմար, թե «մենք ի՜նչ ենք արել, ընդամենը մեր մոտեցումներն ենք ներկայացրել, թող Հայաստանն էլ իր մոտեցումները ներկայացնի»: Այստեղ են ասել` գնացեք գրողի ծոցը, չէ՞ր կարելի սպասել, որ իրադրությունը մայրցամաքում եւ աշխարհում հանդարտվեր, նոր բանակցային առաջարկ ուղարկել: 
Հայաստանը պետք է մերժի որեւէ բանակցային գործընթաց Ադրբեջանի հետ այնքան ժամանակ, քանի դեռ չի կարգավորվել ղարաբաղյան հակամարտությունը:

Այժմ կարող ենք այդ շռայլությունը մեզ թույլ տալ, քանի որ ամենքի աչքի առջեւ ոչ միայն Ադրբեջանի ռեգիոնալ հովանավորների` Ռուսաստանի եւ Թուրքիայի հակաարեւմտյան սիրախաղի դարաշրջանն է վերջացել, այլեւ Բաքվի համար նավթի ու գազի վաճառքից գոյացող միլիարդների ներհոսքի դարաշրջանն է ավարտվում: Եվրոպայում Ռուսաստանից էներգակիրներ չգնելուն զուգահեռ առհասարակ կանաչ էներգիայի անցնելու եւ ԱՄՆ-ից ու Կանադայից նավթ ու հեղուկ գազ ներմուծելու ծրագրերն են դրվել գործողության մեջ: Դա զգալիորեն մոտեցնում է նախկին ԽՍՀՄ տարածքից էներգակիրների ներմուծման վերջաբանը, քանի որ Ռուսաստանը, այսպես թե այնպես, կխոչընդոտի ետխորհրդային այլ երկրներից էներգակիրների արտահանմանը Եվրոպա, ինչպես Ղազախստանի դեպքում է դա արդեն արել (օրերս Նովոռոսիյսկի տերմինալում իբր նավթատար խողովակաշարի վթար է հայտնաբերվել, որը թույլ չի տալիս ղազախական նավթը խողովակաշարից նավերի վրա բարձել), որպեսզի իր ռեսուրսներն իրացնի: 

Այնպես որ, մինչեւ իրադրությունը եվրոպական մայրցամաքում չհանդարտվի, Հայաստանին պետք չէ ոչ մի շփում Ադրբեջանի հետ, ոչ էլ դրա տեսլական: Պետք է ընդամենը Ռուսաստանից պահանջել, որ ՌԴ խաղաղապահներն իրենց ստանձնած պարտավորությունները կատարեն, ԵԱՀԿ-ի հետ էլ հնարավորինս արագ բանակցել ու խնդրել, որ ԵԱՀԿ դիտորդներ ու խաղաղապահներ մտնեն Հարավային Կովկաս: Իսկ ՄԱԿ-ում ջրի հատակն իջած Ադրբեջանի հետ ոչինչ պետք է չէ բանակցել այնքան ժամանակ, մինչեւ Մինսկի խմբի համանախագահության ներքո ԼՂ հակամարտությունը կարգավորվի: