«Ծռերն» օրակա՞րգ են թելադրում

«Ծռերն» օրակա՞րգ են թելադրում

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հարցազրույցի կապակցությամբ «Սասնա ծռեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել եւ դրել խնդիր, որ «ոչ միայն Ռոբերտ Քոչարյանին, այլեւ բոլորը միասին՝ որպես ազգային շահերի եւ մարդու դեմ ուղղված առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով ստեղծված եւ գործող հանցավոր համագործակցություն, պետք է ժամ առաջ մեկուսացվեն եւ ենթարկվեն քրեական հետապնդման»:

 Ձեւակերպման «գրագիտությունը» թողնենք մի կողմ: Ուշագրավն այն է, որ դրանից ժամեր անց Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը տեղեկացրեց, որ Վիտալի Բալասանյանի հարցազրույցի տեսագրությունն ուղարկվել է ԱԱԾ՝ դրանում նշված հանգամանքները ստուգելու համար: Ստացվում է, որ «ծռերն» իրավապահ մարմիններին օրակա՞րգ են թելադրում:  

Հարցազրույցում, ի դեպ, Վիտալի Բալասայանը խոսել է «Սասնա ծռերի» եւ վարչապետ Փաշինյանի միջեւ կապի, համագործակցության մասին: Եթե դատախազությունն արագորեն արձագանքել է Վիտալի Բալասանյանի դեմ քրեական հետապնդում սկսելու՝ «ծռերի» պահանջին, ապա չի՞ ենթադրվում, որ իշխանությունն, իրոք, այդ կազմավորումը դիտում է որպես քաղաքական մրցակցության մեջ իր հավանական հենարան: Իսկ դա արդեն հեռու գնացող ենթադրությունների տեղիք է տալիս: Մեկ անգամ մեր նորագույն պատմության մեջ նման իրավիճակ եղել է, երբ իշխանափոխությունից հետո «իրավիճակի փոփոխության» հիմնավորմամբ Ռոբերտ Քոչարյանը բանտերից ազատ արձակեց ՀՅԴ մի խումբ գործիչների, որոնք ազատազրկվել էին դատարանի ուժի մեջ մտած վճիռներով:

Քոչարյանը քաղաքական հենարանի կարիք ուներ, գնաց այդ քայլին եւ, կարելի է ասել, դարձավ Դաշնակցության «պատանդը»: 2018-ի իշխանափոխությունից հետո «ծռերի» մեծ մասն ազատվեց կալանքից, ստացավ լեգիտիմություն, կազմավորվեց որպես կուսակցություն եւ մասնակցեց խորհրդարանական ընտրություններին: Ներկայումս Նիկոլ Փաշինյանը, երեւում է, քաղաքական աջակցության կարիք ունի: Բայց մի՞թե «ծռերի» հետ համագործակցությունն է իշխանության ամրապնդման ճանապարհը: Ավելի ճիշտ՝ արժե՞ այդ գնով ինքնահաստատվել եւ արդյունքում դառնալ «ծռերի» քաղաքական պատանդը: Մանավանդ որ նրանց մեծ մասը «լավ մոռացված» դաշնակցական է: