Իսկական բարեգործը մենք ենք, որ նման աշխատավարձով աշխատում ենք

Իսկական բարեգործը մենք ենք, որ նման աշխատավարձով աշխատում ենք

Պարզվում է՝ ՀԷՑ-ի աշխատակիցները նեղսրտել են էլցանցերի սեփականատեր ընկերության՝ «Տաշիր գրուպ»-ի բարեգործություններից: Նրանց հատկապես դուր չի եկել Էջմիածնի վեհարանի վերանորոգման համար 30 մլն դոլար հատկացնելու փաստը: Ընկերության մի քանի աշխատակիցներ՝ սեւագործ բանվորներ, նամակ են գրել․

«Երբ ընկերության սեփականատեր դարձավ Սամվել Կարապետյանը, շատ ուրախացանք, մտածեցինք, որ լավ մարդ է, բարեգործ է, ֆինանսական մեծ կարողություններ ունի, աջ ու ձախ բարեգործություններ է անում, մարդկանց է օգնում,  ուրեմն կգա կտեսնի մեր ողորմելի աշխատավարձն ու կզարմանա, թե մենք այդ դժվար աշխատանքի դիմաց ինչ չնչին աշխատավարձ ենք ստանում, ու կհասկանա, որ դրանով այսօր ընտանիք պահել չի լինի: Մենք ստանում ենք ամսական 70-75 հազար դրամ աշխատավարձ: Չենք էլ հասկանում, թե ինչու է այդ թիվը տատանվում, մի ամիս կարող է լինել 70 հազար, մի ամիս՝ 75: Վերջին թիվը շատ ուշ-ուշ է մեզ ուրախացնում: Մեկ էլ ստանում ենք 13-15 հազար դրամ պարգեւավճար: Մի խոսքով՝ ամսական տուն ենք տանում մոտ 85 հազար դրամ: Բայց թե ինչ դժվար ու վտանգավոր աշխատանք ենք կատարում, դա մենակ մենք գիտենք, ամեն րոպե մահն ու վտանգը մեր աչքի առաջ են, վթար է լինում, էլ չենք ասում՝ կայծակ է, փոթորիկ է, սելավ է, քամի է, գնում ենք հոսանքի հետ կռիվ տալու, պետք է արագ վերացնենք վթարը, որ մարդիկ անլույս չմնան, թե չէ նկատողություն կստանանք:

Մեզ համար աշխատանքային ժամ գոյություն չունի, մենք աշխատանքի մեջ ենք ամեն օր եւ ամեն ժամ, գիշերվա որ ժամն էլ լինի, եթե վթար կա, պետք է գնանք, այն վերացնենք: Բայց ո՛չ հանգստյան օրերի, ո՛չ էլ արտաժամյա աշխատանքի համար չենք վճարվում: Դեպքեր են եղել, որ մարդիկ են մահացել իրենց գործի վրա, վառվել են, ոտք ու ձեռք են ջարդել: Ընկերությունը դրանց տեր չի կանգնում: Մենք ենք մեր գլխի ճարը տեսնում, բայց ո՛չ պահանջում ենք, ո՛չ բողոքում: Մեր աշխատանքն այնքան անշնորհակալ է, որ երբ որ մեր սերունդը գնա թոշակի, էլ ոչ ոք չկա մեզ փոխարինող, ջահել սերունդն այդ գրոշներով չի գա այդ վտանգավոր գործին: Մենք էլ երկար տարիներ աշխատել ենք, սովորել ենք մեր կոլեկտիվին, մեր աշխատանքին, ստիպված աշխատում ենք: Ա՛յ, իսկական բարեգործը մենք ենք, որ այս աշխատավարձով աշխատում ենք, բնակիչներին մթության մեջ չենք թողնում: Բայց գլխամասում կամ մասնաճյուղերի գրասենյակներում այնքան մարդիկ կան, որոնք մեզնից եռապատիկ ավել աշխատավարձ են ստանում։

Դրանց անելիքը չգիտես ինչ է. նստած են իրենց կաբինետներում, մի երկու թուղթ-մուղթ են գրում, սիրուն քարտուղարուհիներ են պահում, որոնք մեզնից բարձր աշխատավարձ են ստանում՝ սուրճ եփելու համար: Ամեն տարի ասում են՝ հունվարից բարձրանալու են աշխատավարձերը, բայց այդպես էլ չտեսանք: Մի ժամանակ ոգեւորում էին, թե երբ էլեկտրաէներգիայի կորուստները նվազեն, այդ ժամանակ կբարձրացնեն աշխատավարձը: Դա էլ եղավ, կորուստներն արդեն շատ չնչին են, բայց մեր աշխատավարձը նույնն է: Օրերս տեսանք, որ Սամվել Կարապետյանը 30 մլն դոլար է հատկացրել վեհարանի վերանորոգման համար: Ապրի ինքը, մեծ ազգանվեր գործ է արել: Բայց երբ սեւագործ աշխատողի երեխաները սոված են քնում, դպրոցի շոր ու կոշիկը նիսյայով են գնում, Վեհափառի լյուքս նստատեղին ապահովելն էդ դեպքում այդքան էլ աստվածահաճո չէ: Ճիշտ է, դա իր անձնական գործն է, իր փողերն են, ինչ ուզի՝ կանի, իմիջի հարց է, հավատի հարց է: Բայց մենք էլ մարդ ենք, մեր մասին մտածող չպիտի՞ լինի»: