Անավարտ զրույցներ-2

Անավարտ զրույցներ-2

Նվիրվում է Վազգեն Սարգսյանի  մահվան 20-րդ տարելիցին

Ո՞վ է Ռուսաստանը մեզ համար: 200 տարի առաջ հարցը կհնչեր այսպես՝ ո՞վ է Պարսկաստանը մեզ համար: Ավելի վաղ անուններ հնչեցնելիս կհասնեինք մինչեւ ասորացիներ: Գնացել է մեկը, եկել է մյուսը: Միշտ կանգնած ենք եղել երկընտրանքի առաջ:

Պայքարը ռեսուրսների համար նոր չի սկսվել եւ երբեք էլ չի ավարտվի: Հիմա հյուսիսի արջը թուլացել, Արեւմուտքի գիշանգղն է ուժեղացել: Մենք երկուսի միջեւ խաղեր ենք տալիս: Ձեւ ենք անում, որ հրես՝ կարենալու ենք արջից պոկվել՝ իմանալով, որ սա հա՛մ քնած չէ, հա՛մ էլ պոչներս դեռ սրա թաթերի մեջ է: Ու արդյունքն ա՛յն կարող է լինել, որ մեկը՝ մի կողմից, մեկելը՝ մյուս, քաշեն, ճղեն, մեզ այնպես բզկտեն, որ վերջում ասենք՝ ավելի լավ էր արջի կողքից չհեռանայինք, սա դեռ բույսերով էլ է սնվում ու հնարավոր է մեզ ապրելու շանս տար: Ախր, հո մի անգա՞մ չի, որ այս կրակն անցել է գլխներովս: Գիշատիչների գզվռտոցում, որպես կանոն, մենք ինչ-որ բան կորցնում ենք ու գնալով փոքրանում, քչանում: Պատահում է՝ կռվի վերջում գազաններն են միանում ու մեջ-մեջ անում մեր միսն ու ոսկորը: Այդպես Պարսկաստանն ու Հռոմը, 387 թվին Հայաստանը կիսելով երկու կիսանկախ թագավորությունների, մի կարճ ժամանակ հետո դրանք էլ վերացրին:

Հետագայում ձեռքից ձեռք անցած երկրի մի մասը պարսիկներից 19-րդ դարասկզբին խլեց Ռուսաստանը, եւ հենց այդ տարածքում էլ շուրջ հարյուր տարի անց վերականգնվեց հայկական կորսված պետականությունը: Ռուսաստանի ազդեցությունը մեզանում եղել է երկակի: Պարսկական տիրապետության փոխարինումը ռուսականով մեր ժողովրդի կողմից գնահատվել է իբրեւ ազատագրում: Տխուր հիշողությունները կապված են հատկապես 20-րդ դարասկզբի հետ: Առաջին համաշխարհայինի օրերին ռուսական զորքը հասավ պատմական Հայաստանի խորքերը, ապա ետ քաշվեց՝ հայությանն անպաշտպան թողնելով քինախնդիր գազանի առջեւ: Իսկ խորհրդայնացած Ռուսաստանի ղեկավարությունը Թուրքիայի հետ համատեղ պատառոտեց անկախության երազանքներ ունեցող Հայաստանի առանց այն էլ «հիվանդ» մարմինը: 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրով Հայաստանի առանձին հատվածներ հայտնվեցին Թուրքիայի ու Ադրբեջանի կազմում: Այդպե՛ս Ռուսաստանը պատժեց խորհրդայնացումից խուսափող, «իմպերիալիզմի որջ» հորջորջվող Հայաստանի Հանրապետությանը, դրան ի հակադիր՝ խրախուսելով խորհրդային կարգերն ավելի շուտ ողջունած Ադրբեջանին ու «համակիր» ձեւացող Թուրքիային:

Դա ի ցույց դրեց ոչ միայն Հայաստանին իբրեւ սեփական գաղութի վերաբերվող Ռուսաստանի դիրքորոշումը, այլեւ հայկական առաջին հանրապետության ղեկավարության ռոմանտիզմն ու ռուսական գործոնի թերագնահատումը: Արդյո՞ք պատմությունը չի կրկնվում: Արդյո՞ք մեր ցանկություններն ու հնարավորությունները չենք գերագնահատում: Մեզանում Ռուսաստանին կա՛մ սիրում են՝ մինչեւ ստորաքարշորեն խոնարհվելը, կա՛մ ատում՝ թշնամանքի աստիճան: Երկու ծայրահեղություն: Երկու դեպքում էլ մեզ առաջնորդում է զգացմունքայնությունը: Իրականում մեզ հարկավոր է ճանաչել ու հասկանալ նրան՝ մեր անելիքն ըմբռնելու համար:

Դա մի երկիր է, որը Թուրքիայի պես ձեւավորվել է նվաճումների միջոցով: Մեկ անգամ էլ ինքն է նվաճվել ու հանդուրժել մոնղոլ-թաթարական 300-ամյա լուծը, սակայն ոչ թե ձուլվել, այլ ի՛նքն է օտարներին փափուկ ձեւով ընդգրկել ռուսական «խառնարանում»՝ իր քանակի եւ էթնիկական ու կրոնական անջրպետներ չճանաչող ռուս կնոջ շնորհիվ: Հենց դա է նկատի ունեցել Պյոտր արքան՝ ասելով, որ այն, ինչ չի կարողանա անել ռուսական սուրը, կանի ռուս կինը: Ի տարբերություն Թուրքիայի, ուր միատարրության ձեւավորման հիմնական միջոցը բռնությունն է, Ռուսաստանում դա տեղի է ունենում լեզվի ու մշակութային նորմերի սահուն, «անցավ» վերափոխմամբ: Սա այն երկիրն է, որի կուրծքն ու ոտքերից մեկը Եվրոպայում են, մարմնի մնացյալ մասը՝ Ասիայում: Հաճախ նրա սիրտը «լեռներ» է ուզում, սակայն զանգվածեղ մարմինը, որ բերանքսիվայր ծեփված է Արեւելքի անծայրածիր տափաստաններում, ներքեւ է քաշում: Ապրում է առօրյայով՝ մտքում պահելով լուսավոր երազանքներ: Ինքը, լինելով պահպանողական, ժամանակ առ ժամանակ փորձում է վերափոխվել՝ աչքի առաջ ունենալով եվրոպական արժեքները: Եվ դա անում է ջերմեռանդորեն հինն արմատից քանդելով՝ չխուսափելով ցավալի հետեւանքներից: Ազգային բնութագրի ցայտուն գծերից են պարզությունը, կարգուկանոնին հակվածությունն ու դյուրահավատությունը:

Սիրում է «ուժեղ» ձեռք ու օրենք, չի հանդուրժում սուտ ու անազնվություն, թեեւ կարող է ե՛ւ ոգեւորվել ու առաջնորդվել մինչեւ վերջ չստուգված փաստերով: Խաղաղասեր է, սակայն զայրույթի պահին՝ անկանխատեսելի ու վտանգավոր: Գտնվում է մշտնջենական երկփեղկվածության վիճակում. մի կողմից հավատարիմ է սեփական ավանդույթներին, մյուս կողմից կարծում է, որ ուրիշից ընդօրինակելու բան ունի: Զարմանալիորեն, այս երկրում պարարտ հող են գտնում այնպիսի հում գաղափարներ, որոնք այլ երկրներում ծնվում ու ճանաչվում են իբրեւ վիճելի տեսություններ: Ռուսաստանը ծայրահեղությունների երկիր է: Աղքատության ու անհնարին թվացող իրավիճակներում անգամ նրան բնորոշ է դժվարությունների հաղթահարումը: Այստեղ պաշտոնական քարոզչությունը հաշված օրերի ընթացքում կարող է երեկվա բարեկամից ձեւավորել թշնամու կերպար, համախմբել մարդկանց այդ ընդհանուր թշնամու դեմ եւ նույն հաջողությամբ էլ թշնամուց կերտել բարեկամ: 
Սա քրիստոնեական գաղափարախոսությամբ տոգորված այն երկիրն է, ուր հավասարությունը, ազգային մտածողության հենք լինելով, մեկ անգամ չէ, որ զանգվածներին մղել է ապստամբությունների ու հեղափոխությունների:

Այս երկրում էր, որ թույլ տվեցին գնդակահարել քաղաքակիրթ ձեւով հրաժարական տված արքային ու նրա ընտանիքին, ապա սանձազերծեցին քաղաքացիական ամենադաժան պատերազմներից մեկը պատմության մեջ, որին զոհ գնաց 11 մլն մարդ, միլիոնավորներն էլ լքեցին երկիրը: Ռուսաստանն այն երկիրն է, որը մի շարք այլ ժողովուրդների հետ իր ուսերին տարավ Երկրորդ համաշխարհային պատերազմի ծանրությունը: Կասկած չկա, որ ռուսները խելահեղ կռվողներ են: Այս երկրում, թյուրիմացաբար, իրենց ատամների ամրությունն են փորձել ստուգել շրջակա ժողովուրդները, այդ թվում՝ շվեդներն ու ֆինները, գերմանացիները, ֆրանսիացիները, լեհերը, ավելի հեռվում՝ ճապոնացիներն ու չինացիները: Հարեւան երկրներում բնական վախ է ձեւավորվել նրա նկատմամբ: Նրանց համար Ռուսաստանն այսօր էլ մնում է անհասկանալի ու խորհրդավոր այն երկիրը, որից մշտապես փորձում են զգուշանալ:

Այսօր էլ, արեւելաեվրոպական ժողովուրդների պատկերացմամբ՝ ռուսներն են իրենց գլխավոր թշնամիները, եւ հնարավոր պատերազմի նպատակը, նրանց կարծիքով, պետք է լինի այս պետության ջախջախումը: Եվրոպայում այսօր էլ դարձյալ ծխում է Ռուսաստանին պատժելու մարմաջը: Այդ տրամադրությունները հատկապես նկատելի են Գերմանիայում: Այստեղ խուլ տնքոցով ինքնադրսեւորման տարբերակներ է փնտրում համաշխարհային պատերազմների արդյունքում ռուսական մահակի հիշողությամբ ձեւավորված զանգվածային թերարժեքության բարդույթը: Բացառված չէ, որ Ռուսաստանը կանգնած է հերթական փորձության շեմին՝ դառնալով արեւմտյան արժեքները դավանող ժողովուրդների՝ հայրերի հիշողություններն անտեսած երիտասարդ սերնդի ատելության թիրախը: Այս պարագայում Ռուսաստանը կփորձի «բարեկամներ» շահել այլ տարածաշրջաններում: Մի կողմից՝ նա չի խորշի ակնկալել Թուրքիայի բարեհաճությունը, մյուս կողմից է՛լ ավելի կկարեւորվի Հայաստանը՝ որպես դաշնակցային երկիր:
 

Շարունակելի

Ֆիրդուս ԶԱՔԱՐՅԱՆ