ԱՄՆ-ն կարող է ռազմական ուժ կիրառել Գազայում

ԱՄՆ-ն կարող է ռազմական ուժ կիրառել Գազայում

Ամերիկյան զորքերը կարող են տեղակայվել Գազայի հատվածում՝ պատանդ պահվող համաքաղաքացիներին ազատելու համար։ 

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին Fox News-ին տված հարցազրույցում չի բացառել իրադարձությունների նման զարգացման հնարավորությունը։
«Ես ոչինչ չեմ բացառի, երբ խոսքը վերաբերում է պատանդ պահվող մեր քաղաքացիներին ազատելուն և հայրենիք վերադարձնելուն», - ասել է նա՝ պատասխանելով հաղորդավարի այն հարցին, թե արդյոք Սպիտակ տունը լիովին բացառում է Գազայի հատվածում ԱՄՆ ցամաքային ստորաբաժանումների օգտագործումը:

Այնուամենայնիվ, Քիրբին նշել է, որ Վաշինգտոնը «ոչ մի ծրագիր կամ մտադրություն չունի» ամերիկյան զորքեր ուղարկել պաղեստինա-իսրայելական հակամարտությանը մասնակցելու համար։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը «ամեն ժամ աշխատում է» Գազայի հատվածում ամերիկացի պատանդների հարցով։ 
«Սա նախագահի թիվ մեկ առաջնահերթությունն է, նրա համար ոչինչ ավելի կարևոր չէ, քան արտասահմանում պատանդ պահվող ամերիկացիների անվտանգությունն ու ապահովությունը: Եվ մենք կանգ չենք առնի, մինչև չկարողանանք նրանց վերամիավորել իրենց ընտանիքների հետ», - ավելացրել է Քիրբին:

Ավելի վաղ CNN-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն պատրաստվում է Իսրայելի մոտ տեղակայել 26-րդ ծովային արշավախումբը, որը բաղկացած է ավելի քան 2 հազար ծովային հետևակայիններից, որոնք կարող են աջակցել լայնածավալ տարհանմանը և մարդասիրական օգնություն ցուցաբերել: