Որքանով են Փաշինյանի հակառուսական «թեզիսները» դիմանում քննադատության

Որքանով են Փաշինյանի հակառուսական «թեզիսները» դիմանում քննադատության

Հայ-ռուսական հարաբերություններում նոր սկանդալ է «պայթել»։ Ռուսաստանյան Առաջին ալիքը նախօրեին ցուցադրել էր գրեթե մեկ ժամանոց հաղորդում՝ նվիրված Փաշինյանին, որտեղ ամենասուր քննադատության էր ենթարկվել Հայաստանի վարչապետը, միաժամանակ փորձ էր արվել՝ Հայաստանի գործող իշխանություններին տարանջատել հայ ժողովրդից։ Հաղորդման հեռարձակումից հետո ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հրավիրվել է ԱԳՆ, եւ նրան բողոքի նոտա է հանձնվել։ Նման հազարավոր ռեպորտաժներ ու տեսանյութեր են հեռարձակվել ադրբեջանական լրատվամիջոցներով, բայց ոչ մի անգամ ՀՀ իշխանությունը որեւէ կերպ դրանց չի արձագանքել, հակառակը՝ ՀՀ վարչապետը շատ ջերմ հանդիպումներ է ունենում մեր երկիրն ու իրեն ծաղրող, մեր հողերի նկատմամբ ոտնձգություններ անող Ալիեւի հետ։

«Հրապարակը» գրել էր, որ երեկ երբեմնի «դուխով» ՔՊ-ականները բավականին զգուշավոր են եղել եւ հայ-ռուսական հարաբերություններում «պայթած» այս սկանդալի մասին աշխատել են չխոսել կամ էլ խոսել միայն մասնավոր զրույցների մակարդակում։ Սակայն, միաժամանակ, մամուլում լուրեր պտտվեցին, որ իշխանական թիմն առաջիկայում Փաշինյանից հանձնարարական կստանա՝ ամեն կերպ «սեւացնել» Ռուսաստանին, շրջանառելով այն թեզը, թե Ռուսաստանը ցանկանում է «նախկիններին» վերադարձնել իշխանության։ Այն, որ Հայաստանի գործող իշխանություններն ինչ-որ կերպ կհակազդեն ռուսական Առաջին ալիքով հեռարձակված հաղորդմանը, նույնիսկ նվազագույն կասկածի տեղիք չի թողնում։ Միաժամանակ նաեւ՝ լիովին փաշինյանական տրամաբանության շրջանակներում է այն, որ հենց այս տարբերակով փորձ կարվի «սեւացնել» Ռուսաստանին։ Հատկապես, որ Նիկոլ Փաշինյանն էլ առնվազն երեք կամ չորս անգամ ակնարկի մակարդակում այս թեզը փորձել է շրջանառել ամենատարբեր հարթակներում ունեցած իր ելույթներում։ Վերջինը Եվրախորհրդարանում ունեցած «դարակազմիկ» ելույթն էր, որտեղ բացեիբաց մեղադրեց Ռուսաստանին՝ Հայաստանում իշխանափոխություն հրահրելու մեջ։

Լիովին փաշինյանական տրամաբանության մեջ կարելի է տեղավորել նաեւ այն, որ իշխանական մեդիաքարոզչամեքենան փորձի հայ-ռուսական հարաբերություններում այս լարվածությունը հիմնավորել այն թեզով, թե Փաշինյանը փորձում է Մոսկվայի հետ խոսել հավասարը հավասարի հետ, բալանսավորում է Ռուսաստանի հետ հարաբերություններն Արեւմուտքի հետ հարաբերություններին սերտացնելով։ Սրանք ինչ-որ տեղ «զոմբիլենդի» համար կլինեն աշխատող թեզեր։ Սակայն իրականում, եթե Ռուսաստանն իրոք ուզենար Փաշինյանի ասած «նախկիններին» վերադարձնել իշխանության, արդյո՞ք այդ «օպերացիան» այսքան կձգձգեր։ Կամ՝ արդյո՞ք հնարավոր է, որ Փաշինյանը Ռուսաստանի հետ փորձի խոսել հավասարը հավասարի սկզբունքով։ Ռուսաստանին անսահմանափակ ռեսուրսներով եւ անհաղթելի մի ուժ ներկայացնելու ոչ մի ցանկություն չունենք, սակայն կարծում ենք, որ հիմարություն կլինի մտածել, որ Մոսկվան եթե իրոք ուզենար, օրինակ, Հայաստանում վերականգնել Սերժ Սարգսյանի իշխանությունը կամ իշխանության բերել Ռոբերտ Քոչարյանին, կարեւոր չէ՝ անձամբ նրան, թե նրանց, բայց այլ դեմքով, դրա համար չունենար բավարար գործիքակազմ եւ չկարողանար դա անել, ասենք, 2021 թվականի ընտրություններին կամ այս սեպտեմբերի դեպքերից հետո՝ Նիկոլ Փաշինյանին իշխանազրկելու եւ քաղաքական ասպարեզից հեռացնելու ճանապարհով։ Ինչ-ինչ, բայց եթե նման որոշում Կրեմլում ամենաբարձր մակարդակով կայացված լիներ, դա իրագործելը կլիներ օրերի հարց։

Ու թե դրանից հետո Արեւմուտքն ինչ կասեր, Մոսկվայում դրա վրա խորապես եւ համապարփակ ձեւով թքած կունենային։ Իսկ այն, թե որքանով է հնարավոր, որ Փաշինյանը Մոսկվայի (կամ որեւէ այլ գերտերության) հետ կարողանա խոսել հավասարը հավասարի սկզբունքով, ժամանակին պատասխանել է Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը։ Պատմում են, որ 90-ականներին, երբ ինչ-որ հարց է քննարկվել՝ տարածաշրջանի հետ կապված, կապված արցախյան ազատամարտի հետ, եւ Անկարային դուր չի եկել, որ Երեւանը «չափն անցնում է», իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջարկում է հանդիպել ու հարցը քննարկել, նա բազմանշանակ պատասխան է տվել՝ ասելով Տեր-Պետրոսյանին, որ նա դեռ երիտասարդ է նման հարցեր պատկերացնելու համար, եթե ինքը քննարկելիք հարց ունենա՝ տարածաշրջանի հետ կապված, ապա ոչ թե Տեր-Պետրոսյանի հետ կքննարկի, այլ կզանգահարի Ռուսաստան՝ նախագահ Ելցինին։ Սա իրական պատմական դրվագ է եւ այսօր էլ է տալիս որոշ հարցերի պատասխանները։