«Ցանկալի» պաշտպանվածության մակարդակը

«Ցանկալի» պաշտպանվածության մակարդակը

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի ՔՊԿ-ական նախագահ Քոչարյան Անդրանիկը հայտարարել է, որ իրենք «Հայաստանի սահմանների բնագծերում բավական մեծ աշխատանք են կատարել, եւ եթե 44-օրյա պատերազմում նման տեսքով բնագծեր ունենայինք, արդյունքն այսպիսին չէր լինի»: Փաստորեն, վերջին 3 տարում սահմանային նոր բնագծերում ավելին է կատարվել, քան նախընթաց 23 տարում: Դա, բնականաբար, անհնար է ֆիզիկապես՝ զուտ աշխատանքների մեծացած ծավալների առումով: Դա՝ մեկ, եւ երկրորդ՝ պատերազմից մեկ տարի անց ընդդիմության դիտարկմանը, թե ոչինչ չի արվում սահմաններն ամրացնելու ուղղությամբ, Նիկոլը պատասխանել էր՝ անում են այնպես, որ չտեսնի թշնամին ու ընդդիմությունը: Դա ձեզ չի՞ հիշեցնում դանիացի մանկագիր Հանս Անդերսենի «Թագավորի նոր զգեստը» հեքիաթը: Այսինքն, հեքիաթի տրամաբանությամբ, ոչինչ չի արվել: Իսկ եթե պատերազմից հետո մեկ տարում ոչինչ բացարձակ չի արվել, դա նշանակում է, որ վերջին 2 տարում կարող էր արվել աննշան աշխատանք: Եվ ոչ թե ավելին, քան արվել է նախորդ 23 տարում: Ի դեպ, որքան տեղյակ եմ, ինչ-որ բան անում է «Ողջ մնալու արվեստ» (ՈՄԱ) ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը: Խոսքը ՈՄԱ-ի դիրքային ամրաշինական «գմբեթների» մասին է:

Եթե շարունակենք առաջնորդվել Քոչարյան Անդրանիկի մտածողությամբ, ապա պետք է ընդունենք, որ Հայաստանի սահմաններն այսօր պետք է լինեն ավելի քան անառիկ: Այդ դեպքում հասկանալի չէ, թե ինչու էր ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը վերջերս հայտարարում ադրբեջանական հարձակման սպառնալիքի մասին: Եթե սահմաններն ամուր պաշտպանված են,  մարդիկ կարող են հանգիստ նստել Երեւանի Կենտրոնի բացօթյա սրճարաններում եւ վայելել սուրճն ու հոգեհարազատ զրույցը: Բայց պարզվում է, որ կա մեկ այլ խնդիր, եւ դա, ըստ Քոչարյանի հարցազրույցի, հակաօդային պաշտպանվածության մակարդակի բարձրացումն է: Չնայած, ինչպես երեւում է, այդ հարցը եւս լուծվողների շարքից է: Խնդրեմ՝ հենց այս օրերին Ֆրանսիայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Պապիկյան Սուրենը պայմանագիր էր կնքում ֆրանսիական կողմի հետ: Եվ մեր դիրքային ամուր սահմանին այսուհետ կգումարվի հակաօդային պաշտպանվածության մակարդակի բարձրացումը՝ ֆրանսիական համակարգերի միջոցով: Եվ մեր օդային պաշտպանվածության մակարդակն էլ կդառնա, Քոչարյանի ասելով, «ցանկալի»: Դրանից հետո կարող ենք մտածել նաեւ «օդից եկող հրթիռներին» հակազդելու մասին:

ՀԳ. Բայց Քոչարյան Անդրանիկը չասաց եւ, բնականաբար, չէր էլ կարող ասել, որ քանի դեռ մեր երկիրը ղեկավարվում է ՔՊԿ-ականների եւ նրանց առաջնորդ Նիկոլի կողմից, ո՛չ օդային եւ ո՛չ էլ ցամաքային պաշտպանվածության մակարդակը «ցանկալի» լինել չի կարող: Եվ դա ոչ թե մերկապարանոց հայտարարություն է, այլ 44-օրյա պատերազմի եւ հետպատերազմյան իրավիճակից քաղված դառը դաս: Երբ հայ զինվորը մահանում էր հանուն սեփական հողի, նրա թիկունքում բանավոր բանակցություններ էին վարում նույն այդ հողի հանձնման վերաբերյալ: