Դատական դեպարտամենտը երբվանի՞ց դարձավ ճիշտ ու սխալ որոշող

Դատական դեպարտամենտը երբվանի՞ց դարձավ ճիշտ ու սխալ որոշող

Դատական դեպարտամենտը մի տխրահռչակ հայտարարություն էր տարածել` որոշելով միջամտել քաղաքականությանը եւ անդրադառնալ civic.am-ի լրագրող Դավիթ Լեւոնյանի եւ ԱԺ պատգամավորի օգնական Արթուր Սուքոյանի միջեւ տեղի ունեցած միջադեպին: Բանն այն է, որ Արթուր Սուքոյանը նախկին դատավոր Ալեքսեյ Սուքոյանի որդին է, ում անցած տարի ապօրինաբար լիազորություններից զրկեցին` կենսաթոշակի գնալուց 2 ամիս առաջ, հորինված վարույթի արդյունքում: Դատական դեպարտամենտը որոշել է անդրադառնալ ինչ-որ միջադեպի մասնակցի հորն ու հպարտանալ, թե իրենք ժամանակին այս տղայի հորը զրկել էին դատավոր աշխատելու իրավունքից, իսկ, այ, գործող դատավորները եւ նրանց ընտանիքի անդամներն ավելի օրինապահ են ու զուսպ: Բնական է, որ իշխանությունների կամակատար դատավորները, որոնք քաղաքական նկատառումներից ելնող կալանքի որոշումներ են կայացնում, կատարում վերեւից իջեցված հրահանգները, Կարեն Անդրեասյանի աչքի լույսն են, իսկ նրանք, ովքեր ինքնուրույն էին, այս անձի ձեռքով հեռացվեցին դատական համակարգից եւ փոխարինվեցին կիսագրագետ, կյանքի փորձ չունեցող, իրենց նշանակողների բոլոր ապօրինի հրահանգները կատարող անձանցով: 

Նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը եւս տարակուսած է Դեպարտամենտի հայտարարությունից: Նրա կարծիքով` նույնիսկ բռնապետություններում նման բան չի լինում, որ Դատական դեպարտամենտը նման հարցերի անդրադառնա ու նախկին դատավորին դասեր տա: Որքանո՞վ է դատավորը պատասխանատու իր մերձավորների, երեխաների, հարազատների գործողությունների համար։ «Բարոյական առումով գուցե բոլորն էլ կարծիք հայտնելու իրավունք ունեն, բայց այս պարագայում Դատական դեպարտամենտի ի՞նչ գործն է, թե ում որդին ինչ է արել, այդ երբվանի՞ց Դատական դեպարտամենտը նման հարցերում դարձավ ճիշտ եւ սխալ որոշող, խրատներ տվող: Սովետական բարոյագիտական դասեր են փորձում տալ: Դատական դեպարտամենտից սովետական բարոյականության հոտ է փչում: Այդպիսի բան ոչ միայն դեմոկրատական երկրում լինել չի կարող, այլեւ անգամ բռնապետություններում: Ո՞վ է թույլ տվել այդ կառույցին՝ նախկին դատավորի որդու վարքագծին գնահատականներ տալ:

Աշխարհի որեւէ երկրում դատավորի հարազատները, երեխաները չեն կարող ապրել իշխանության գծած սահմանների մեջ…. երբ ազատության մասին են խոսում, պետք է ազատությունն ընկալեն բոլոր իմաստներով, ոչ թե միայն ամենաթողությամբ ու չգիտես ինչ պղծություններով: Ազատություն ասելով պետք է հասկանալ, որ ամեն մարդ ազատ է, ազատ է իր քաղաքական հայացքներում, իր գործողություններում, իհարկե՝ օրենքի շրջանակներում: Դատական դեպարտամենտին չի վերաբերում՝ ում զավակն ինչ է անում, այդ երբվանի՞ց այդ կառույցը դարձավ բարոյագիտական կառույց, որ ոչ մեկս չիմացանք: Ամոթ է: Չի կարելի: Հատկապես Ալեքսեյ Սուքոյանին ես անձնապես ճանաչում եմ ու խիստ կասկածում եմ, որ նրա հանդեպ արդար են գտնվել նույն այդ Դեպարտամենտում: Թե նա ինչպիսի դատավոր էր, այդ մասին չեմ կարող ասել, բայց նա բարձր մարդկային հատկանիշներով անհատականություն է: Ես Դատական դեպարտամենտին խորհուրդ կտամ՝ գործի իր լիազորությունների շրջանակներում: Նրանց ֆունկցիան դատական պրակտիկայի ուսումնասիրությունն է, վերլուծությունն ու ամփոփումը, այլ ոչ թե մարդկանց ընտանիքներ մտնելը»,- ասաց նախկին դատավորը: