Արծվաշենի խնդիրն օրակարգո՞ւմ է, ի՞նչ է լինելու Ջերմուկի ու Սեւ լճի գրավված տարածքների հետ

Արծվաշենի խնդիրն օրակարգո՞ւմ է, ի՞նչ է լինելու Ջերմուկի ու Սեւ լճի գրավված տարածքների հետ

«Թումանյանը չէր լռի», «Սունդուկյանը չէր լռի», «Պարոնյանը չէր լռի», «Ղափլանյանը չէր լռի», «Խախտիր լռությունը, մնջախա՛ղ»․ այսպիսի գրությամբ պաստառներ էին նախօրեին փակցվել երեւանյան թատրոնների դռներին ու պատերին, իսկ քաղաքի տարբեր փողոցներում հայտնվեց «Ոտքի» գրությունը։ Տավուշում տեղի ունեցող սահմանազատման աշխատանքներով պայմանավորված՝ այս օրերին բողոքի տարբեր ցույցեր, ակցիաներ են տեղի ունենում թե՛ մարզերում, թե՛ մայրաքաղաքում։ Լռությունը խախտելու` թատրոններին ուղղված կոչի նպատակն էր՝ հաջակցություն Տավուշի, ոտքի հանել քաղաքացիներին, կոչ անել արվեստագետներին՝ չլռել, դիրքորոշում հայտնել։  
Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակը խիստ մտահոգիչ է համարում․ «Սա նորմալ վիճակ չէ։ Ներկա իրավիճակում ինձ համար շատ անհասկանալի հարցեր կան, օրինակ՝ չեմ հասկանում, թե պետականորեն ինչն ենք տալիս, ինչն է մնում մեզ, որովհետեւ մի կողմից ասում են՝ Ոսկեպարը չի հանձնվելու, մյուս կողմից ասում են՝ հանձնելու են։ Նույնը՝ Կիրանցի դեպքում, այսինքն՝ պետական մակարդակով դեռ ոչինչ պարզ չէ։ Ինձ համար պարզ չէ նաեւ՝ մեր Արծվաշենի խնդիրը կա՞ օրակարգում, թե՞ ոչ, ինչպես որ պարզ չէ՝ Ջերմուկի տարածքներից դո՞ւրս է գալու ադրբեջանական զորքը, թե՞ ոչ․․․ Պետք է պաշտոնական մակարդակով նորմալ ինֆորմացիա տրվի հանրությանը, հրապարակվի քարտեզը, որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում այսօր Տավուշում։ Օրինակ, 80-ական թվականների քարտեզով, Գորիս-Կապան հատվածում բավականին տարածքներ մերն էին՝ Խորհրդային Հայաստանինը, հետո այդ 2-3 տարվա մեջ ի՞նչ եղավ, որ ինչ-որ բաներ փոխվեցին․․․, այնքան անհասկանալի հարցեր կան, որ դժվարանում եմ կոնկրետ բան ասել։ Ես պատկերացնում եմ նաեւ Տավուշի այդ գյուղերում ապրող ժողովրդի վիճակը, ի՞նչ է լինելու այդ մարդկանց հետ, ո՞րն է նրանց ճակատագիրը, չէ՞ որ նրանք մեր քաղաքացիներն են, պետք է նրանց ու մեզ՝ բոլորիս հստակ պատասխաններ տրվեն»։

Եղած պարզաբանումներն էլ, ըստ Հ․ Ղազանչյանի, շատ անհասկանալի են․ «Ես, Երեւանում նստած, շատ քիչ պատկերացում ունեմ, թե ինչ է կատարվում այնտեղ։ Այո, հանդիպումներ լինում են, նաեւ՝ գյուղացիների հետ, բայց ոչ մի հստակ ինֆորմացիա։ Ես այսօր այդ ինֆորմացիայի պակասն ունեմ եւ դրանից միայն մտահոգություն ու տագնապ եմ ապրում»։

Պաշտոնական եւ ոչ պաշտոնական ինֆորմացիայի համաձայն, ակնհայտ է, որ այս պահին զիջումները միակողմանի են արվում։ «Ու չեն ասում, թե ինչ են անելու, եւ ինչ է լինելու Ջերմուկի կամ Սեւ լճի գրավված տարածքների հետ։ Եթե անընդհատ մենք ենք զիջելու, ես պարզապես չեմ պատկերացնում, թե այսպես շարունակվելու դեպքում ինչ է լինելու հետո»։

Թե ինչ կլինի այդ գյուղերի հետագա ճակատագիրը, երբ սահմանն անցնի հենց գյուղի մեջտեղով կամ դպրոցի ու եկեղեցու կողքով, Հ․ Ղազանչյանը լավատեսական ոչինչ չի տեսնում մոտ ապագայում․ «Պատկերացում անգամ չունեմ, որովհետեւ եթե գոնե այդ քարտեզը հրապարակվեր, որտեղ տեսնեինք այդ գիծը, ու թե ինչ է իրենից ներկայացնում այդ սահմանը, հնարավոր կլիներ պատկերացում կազմել, բայց այս պահին անհանգստությունից բացի այլ բան չունենք։ Այս ամենից հետո մարդիկ մտածում են՝ եթե 100 մետր այն կողմ ադրբեջանցին է լինելու, ես իմ երեխային ո՞նց եմ դպրոց ուղարկելու։ Ստացվում է՝ ոչ միայն դպրոց չեն ուղարկի, այլեւ այդ գյուղերի հայաթափման վտանգն է մեծանալու, այսինքն՝ վերջում կարող է այդ գյուղերը վերածվեն զինվորական ինչ-որ կայազորների, ու ես շատ եմ վախենում այդ հեռանկարից»։

Շատերի կարծիքով, անգամ Արցախի կորստից հետո արցախյան շարժումը չմարեց, եւ, որպես շարունակություն, հիմա առերեսվում ենք տավուշյան շարժման հետ: «Ես, ցավոք, գտնում եմ, որ արցախյան շարժումը մարեց, եւ կռվից հետո թրեր ճոճելն արդեն անիմաստ է։ Նաեւ անկեղծորեն խոստովանեմ, որ Արցախի կորստից ու Արցախի հայաթափումից հետո մեր սերունդը, որն արցախյան առաջին ազատամարտի տարիներն իր մաշկի վրա զգաց, այսօր մի փոքր հիասթափված է։ Պետք էր ամեն ինչ անել, որպեսզի ժողովուրդը դուրս չգար Արցախից, ժողովուրդը դուրս եկավ, նրանք էլ բանակը հզորացրել են, ի տարբերություն եւ ի ցավ մեզ։ Հիմա իրենք այնպիսի պատնեշ են կառուցում այնտեղ, որ ես չգիտեմ` նորից հնարավոր կլինի՞ Արցախի հարցին անդրադառնալ, թե ոչ։ Գուցե սերունդներն անդրադառնան, բայց մեր սերունդը դժվար դա տեսնի, ու սա ցավով եմ ասում։ Արցախյան շարժումը շարունակություն կունենար, եթե արցախցիները մնային Արցախում։ Արցախի կորստից հետո ես ուրիշ կյանք եմ ապրում եւ երանի եմ տալիս հորս՝ Երվանդ Ղազանչյանին, որ չտեսավ դա, թե չէ այդ ցավից կմահանար»։