Արդյո՞ք արդարացի են գործող ընդդիմությանն ուղղված մեղադրանքները

Արդյո՞ք արդարացի են գործող ընդդիմությանն ուղղված մեղադրանքները

Փաշինյանի իշխանությունից դժգոհ հասարակությունը եւ դրա առանձին ներկայացուցիչներ մեղադրում են ընդդիմությանը՝ իշխանափոխություն իրականացնելու անընդունակության մեջ: Թվում է՝ իշխանափոխության համար բոլոր հնարավոր պայմաններն առկա են. Փաշինյանն իշխանության գալուց հետո հետեւողականորեն խաբել է հասարակությանը, խոստացել է արդարության հաստատում՝ երկրում համատարած անարդարություն է, խոստացել է սոցիալական վիճակի լավացում՝ մարդկանց սոցիալական վիճակն էլ ավելի է վատացել, խոստացել է երկրի թալանը վերադարձնել հասարակությանը, սակայն թալանը հասել է ավելի բարձր մակարդակի, հայտարարել է, որ Արցախը Հայաստան է, եւ վերջ՝ պատերազմում պարտություն է կրել, կորցնելով Արցախը, 100 հազարից ավելի արցախցիների դարձնելով փախստական, թշնամուն է հանձնել Հայաստանի տարածքի մի մասը` վտանգի տակ դնելով բազմաթիվ հայկական բնակավայրեր, երկրում տասնյակ քաղբանտարկյալներ կան, ընտրությունների արդյունքները կեղծվում են` մարդիկ մերժում են ՔՊ-ին, իսկ ՔՊ-ականը դառնում է Երեւանի քաղաքապետ: Էլ ի՞նչ է պետք, որ իշխանափոխություն իրականացվի: 

Թվում է, թե բոլոր հնարավոր պայմաններն առկա են իշխանափոխության համար` հասարակությունն էլ է դժգոհ ու դուրս է գալիս փողոց՝ պահանջելով Փաշինյանի իշխանության հեռացումը: Այդ դեպքում ինչո՞ւ ընդդիմությունը չի հաջողում, արդյո՞ք պատճառը վճռականության պակասն է, կազմակերպչական հմտությունների բացակայությունը, իշխանության հետ ունեցած գաղտնի եւ ոչ տեսանելի համագործակցությունը, թե՞ էլի ինչ-որ բան: Այս հարցերին պատասխան չկա: Բայց հստակ է մի բան. ընդդիմությունը երբեք կամ գրեթե երբեք չի կարողացել իշխանափոխություն իրականացնել: Նույնիսկ երբ ունեցել է անհամեմատ մեծ հանրային աջակցություն:

Ընդդիմությունը չի հաջողել 1996 թվականի նախագահական ընտրություններից հետո, երբ տասնյակ հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոց՝ մերժելով նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը, համարելով, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են, եւ նախագահ է ընտրվել Վազգեն Մանուկյանը: Ընդդիմությունը չհաջողեց 1998 թվականին, երբ Հայաստանի հասարակության առնվազն 70 տոկոսը կողմ էր քվեարկել Կարեն Դեմիրճյանին, բայց նախագահական ընտրություններում հաղթող հռչակվեց Ռոբերտ Քոչարյանը։ Ընդդիմությունը ձախողվեց 2003 թվականի նախագահական ընտրություններում, երբ հարյուր հազարից ավելի մարդիկ օրերով հավաքվում էին Մատենադարանի մոտ եւ Ազատության հրապարակում՝ չճանաչելով Ռոբերտ Քոչարյանի ընտրությունը նախագահի պաշտոնում։ Ընդդիմությունը ձախողվեց 2004 թվականին, երբ ընդդիմադիր ուժերի դաշինքը փողոց էր հանել տասնյակ հազարների եւ պահանջում էր, որ իշխանությունն իրականացնի Սահմանադրական դատարանի որոշումը՝ վստահության հանրաքվե անցկացնելու մասին։ Հետո ընդդիմությունը ձախողվեց 2008 թվականի եւ 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, երբ մի դեպքում ընդդիմության առաջնորդը Լեւոն Տեր-Պետրոսյանն էր, մյուս դեպքում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, եւ նրանք վիճարկում էին Սերժ Սարգսյանի հաղթանակը նախագահական ընտրություններում: 

2018 թվականին, երբ թվում էր, թե երկրում չկա իշխանությունից հանրային մեծ դժգոհություն, երբ մեկ տարի առաջ տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները շատ հանգիստ էին ընդունվել հասարակության կողմից, իսկ ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերը չէին վիճարկել դրանց լեգիտիմությունը, երկրում տեղի ունեցավ իշխանափոխություն, որի ֆորմալ առիթը Հայաստանի խորհրդարանի կողմից վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրությունն էր: 33 տարվա ընթացքում միայն մեկ անգամ Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն, որն այլ կերպ, քան հակասահմանադրական իշխանազավթում, դժվար է կոչել. խորհրդարանական մեծամասնությունը փողոցի ճնշման տակ վարչապետ ընտրեց խորհրդարանի ամենափոքր խմբակցության ներկայացուցչին: 

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց մի բան, որը նախկինում չէր հաջողվել ավելի մեծ հանրային աջակցություն, քաղաքական պայքարի փորձ, անհամեմատ ավելի մեծ քաղաքական թիմ ունեցող գործիչներին եւ չի հաջողվում հիմա: Մի՞թե նա նրանցից ամենահամարձակն էր, ամենախելացին, կազմակերպչական եւ առաջնորդի հատկանիշներով օժտվածը: Դժվար թե: Փաշինյանի հաջողության գաղտնիքը 2021 թվականի ապրիլին բացահայտել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: «Ես չեմ պարտվել սրանց, ես պարտվել եմ շատ ավելի ուժեղ մարդկանց, ուժերին։ Այդպիսի ուժեր բոլոր տեղերում կային՝ ե՛ւ Արեւմուտքում, ե՛ւ Հյուսիսում»,- ասել էր նա: Իր դեմ Արեւմուտքի պայքարը նա բացատրել է ԵԱՏՄ-ին Հայաստանի միանալու որոշմամբ, որը «նստվածք էր թողել» արեւմտյան որոշ շրջանակներում, իսկ Ռուսաստանի կողմից իր իշխանության դեմ պայքարը Սարգսյանը համարել է սխալ հաշվարկի հետեւանք: Ռուսներն աջակցեցին ոչ թե ցանկանալով իշխանափոխություն, այլ Սարգսյանին դաս տալու համար, գուցե այն պատճառով, որ նա հնազանդորեն չէր կատարում Ռուսաստանից իջեցվող հրահանգները: Արդյունքում Ռուսաստանը ստացավ մի իշխանություն, որն ունի ակնհայտ հակառուսական ուղղվածություն: Իզուր են հիմա ռուսները բողոքում այդ իշխանությունից, որի ձեւավորման հարցում ունեցել են որոշակի մասնակցություն:

Հիմա Փաշինյանն ունի Արեւմուտքի ակնհայտ աջակցությունը: Արթուր Սաքունցը գրում է, որ արդեն կես տարի է՝ Սորոսի` Բաց հասարակության հիմնադրամը Հայաստանում չի գործում: Իսկ ի՞նչ իմաստ ունի այդ հիմնադրամի գործունեությունը Հայաստանում, երբ այն հասել է իր հիմնական նպատակին` Արեւմուտքի դրածո Փաշինյանին բերել իշխանության: Մնացած խնդիրները, որոնք հետապնդում էր այդ հիմնադրամը` ժողովրդավարություն, կոռուպցիայի դեմ պայքար, մարդու իրավունքներ, մամուլի ազատություն եւ մնացածը, ոչ թե երկրորդական են կամ չորրորդական, այլ ընդամենը միջոց էին՝ իշխանության զավթման համար: Հիմա Սորոսի կողմից ֆինանսավորվող կառույցների անհրաժեշտությունը չկա, նրանք չեն կարող պայքարել մամուլի ազատության համար կամ կոռուպցիայի դեմ, որը կլինի փաստացի պայքար Արեւմուտքի դրածո Փաշինյանի դեմ: Իսկ Փաշինյանին պահելու համար հիմա այլ գործիքներ են օգտագործվում: 

Ռուսները փոշմանել են Փաշինյանին աջակցելու համար եւ նրա դեմ քարոզչական արշավ են սկսել, որն ի սկզբանե դատապարտված է պարտության: Ռուսները որեւէ տեղ «փափուկ ուժի» միջոցով ոչնչի չեն հասել, եւ Հայաստանում էլ նրանք չեն կարողանալու իշխանության բերել իրենց համար ընդունելի գործչի, որքան էլ որ փորձեն աջակցել այս կամ այն ուժին կամ դրա ղեկավարին:

Հակառակը՝ Ռուսաստանի հակափաշինյանական քարոզչությունն ուժեղացնում է Արեւմուտքի աջակցությունը Փաշինյանին: Արեւմուտքը համարում է, որ եթե ժողովրդավարության կամ քաղաքական ազատությունների ճնշումը պետք է ծառայի պրոռուսական ուժերին իշխանության մոտ չթողնելուն, դրանք միանգամայն ընդունելի եւ ողջունելի են: Այնպես որ, որքան մեծանում է Փաշինյանի դեմ պայքարը, այնքան մեծանում է նրա կողմից իրականացվող հակառուսական քարոզչության դոզան, որովհետեւ Փաշինյանին եւս ձեռնտու է իշխանության համար պայքարը ներկայացնել ոչ թե պայքար հանուն իր աթոռի, այլ՝ պայքար Ռուսաստանի եւ պրոռուսական ուժերի դեմ: Փաշինյանը գիտի, որ իրեն իշխանության հայ հասարակությունը չի բերել եւ հայ հասարակությունն էլ չի կարող իրեն իշխանազրկել, քանի դեռ ինքն ունի Արեւմուտքի աջակցությունը։ Եվ այդ բանաձեւն աշխատում է անխափան:

Ավետիս Բաբաջանյան