Կարողանալ հեռանալ ճիշտ ժամանակին եւ ճիշտ ձեւով

Կարողանալ հեռանալ ճիշտ ժամանակին եւ ճիշտ ձեւով

1988-ին, երբ նոր-նոր թափ էր առնում արցախյան ազատամարտը, եւ Ազատության հրապարակում անընդհատ միտինգներ էին, Կարեն Դեմիրճյանը մի առիթով միտինգի հարթակից ժողովրդին ասաց․ «Ղարաբաղը ջեբս չի, որ հանեմ տամ»: Ըստ իս՝ հենց այդ պահն էր, որ Կարեն Դեմիրճյան պետական եւ քաղաքական գործչի իմաստնության պահը դարձավ, որովհետեւ ժողովրդի աղմուկի ու սուլոցների միջից, այդ՝ հիրավի մեծ մտածողն ու խոշոր պետական- քաղաքական գործիչը կարողացավ առանձնացնել ու ընկալել «Համազգային զարթոնքի» կողմից իրեն հղված ամենակարեւոր ազդակն ու դրա նշանակությունը: Ազդակ, որը նրա հրաժարականի ու հեռանալու մասին էր: Ընկալեց ու հեռացավ: Բայց հեռացավ ոչ թե ժողովրդի ճնշումներին տեղի տալու պատճառով, այլ որպեսզի իր հեռանալով «Համազգային զարթոնքին» նոր թափ, նոր որակ հաղորդի, որպեսզի այն որակապես նոր մակարդակի շարժում դարձնի: Հեռացավ ու հաջողեց:

Հաջողեց, որովհետեւ նաեւ իր հրաժարականի արդյունքում նոր թափ ու որակ ձեռք բերած «Համազգային զարթոնքը» հետագայում պետք է կերտեր Հայաստանի անկախությունը, վերանվաճեր եւ հայ ժողովրդին վերադարձներ Արցախ աշխարհը: Եվ մենք հիմա արդեն վստահ ենք, որ այդ մեծ պետական եւ քաղաքական գործչի հիշատակը հավերժացնող ամենակարեւոր հուշարձաններն այսօր ոչ թե նրա անունով կոչվող մետրոպոլիտենն ու Մարզահամերգային համալիրն են, ոչ թե նրա անունով կոչված փողոցներն ու դպրոցները, այլ Հայաստանն է՝ իր անկախության 33 եւ ավելի տարիների պատմությամբ, Արցախն է՝ ազատամարտի ու պետականաշինության իր տարեգրությամբ:

Այո, այդ մեծ հայի հիշատակը հավերժացնող ամենակարեւոր կոթողները Հայաստանն ու Արցախը եղան, որովհետեւ ե՛ւ Հայաստանի անկախությունը, ե՛ւ Արցախն ու իր ազատամարտի տարեգրությունն իրականություն դարձան նաեւ այն պատճառով, որ Կարեն Դեմիրճյան պետական ու քաղաքական գործիչը կարողացավ ճիշտ ժամանակին եւ ճիշտ ձեւով հեռանալ:

Հիմա արդեն եկել է Փաշինյան Նիկոլի՝ պետական եւ քաղաքական իմաստուն գործիչ դառնալու ժամանակը: Բայց այդ ժամանակը չի եկել միայն այն պատճառով, որ Փաշինյան Նիկոլը՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար, պատերազմ է պարտվել: Այդ ժամանակը նաեւ այն պատճառով չի եկել, որ Փաշինյան Նիկոլը, ի պաշտոնե երկրի ինքնիշխանության եւ անվտանգության պատասխանատուն լինելով, չի կարողացել երկրի ինքնիշխանությունն ու անվտանգությունն ապահովել: Այդ ժամանակը եկել է, որովհետեւ ինքը՝ որպես պետական ու քաղաքական գործիչ, այլեւս բաց է թողել այսօրվա «Համազգային զարթոնքի» առաջնորդը լինելու, այն առաջնորդելու հնարավորությունը: Բաց է թողել, ուրեմն պետք է հեռանա: Բայց հեռանա այնպես, որ իր հեռանալը ոչ թե «եւս մի քանի տարով» հետ գցի «Համազգային զարթոնքը», այլ այն նոր որակի շարժում դարձնի:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ