Աղբ, քարեր, երկաթե ձողեր էին նետում ոստիկանների վրա (տեսանյութ)

Աղբ, քարեր, երկաթե ձողեր էին նետում ոստիկանների վրա (տեսանյութ)

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում, դատավոր Հարություն Մկրտչյանի նախագահությամբ տեղի ունեցավ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի կողմից 2018-ի ապրիլին նռնակի նետման գործով դատական նիստը։ Դատարանը լսեց ամբաստանյալի վերջին խոսքը։ Լեւոն Երանոսյանը պնդեց՝ իր կատարած գործողությունները չեն կարող համարվել հանցագործություն, քանի որ գործել է ստեղծված իրադրությանը համապատասխան` ծայրահեղ անհրաժեշտությունից ելնելով, քանի որ «հասարակություն-պետություն օրինական շահերին սպառնում էր իրական վտանգ, եւ նման իրավիճակում գործողություններ չկատարելը կդիտվեր հանցավոր անգործություն»։ 

«Բոլորս լավ ենք հիշում 2018թ․-ի ողբերգական հետեւանքներով լի հեղափոխությունը։ Ներկայիս իշխանության անդամաների հավաքների մասնակիցները պարբերաբար հրահրում էին ոստիկանության հետ բախում` օրինակ, երբ Բաղրամյան պողոտայում ոստիկանության պատը ճեղքելուց հետո Երեւան քաղաքի վարչության կողմից որպես հատուկ միջոց կիրառվեց փշալարը։ Ոստիկանության ծառայողներից շատերը մնացել էին ցուցարարների շարքերում, իսկ այդ նույն պահին հավաքի ղեկավարը իրեն նետեց դեպի փշալարը եւ ստացավ վնասվածք։ Մասնակիցների կողմից բերվել էր փայտ՝ փշալարը իջեցնելու համար։ Քարեր, աղբամաններից հանված աղբը նետում էին ոստիկանների ուղղությամբ։ Որպես պատնեշ դրված երկաթե ձողերը հայտնվել էին ոստիկանության գլխին։ Այսպիսով, ժողովուրդը վերածվել էր անկառավարելի ամբոխի։ Նույն իրավիճակը եղել է նաեւ Արցախի պողոտայում։ Այս իրավիճակում խնդրում եմ ասեք՝ ի՞նչ պետք է աներ բանակի գեներալը, երբ իր աչքի առջեւ հայ ժողովուրդը պառակտվել եւ դուրս էր եկել միմյանց դեմ՝ մոռանալով մեր միակ ու գլխավոր թշնամուն»,-նշեց նա։

Երանոսյանն ասաց նաեւ, որ 2018թ․-ին ցուցարարները ոստիկաններին դիտում էին որպես իրենց թշնամի, իսկ հանրահավաքի ղեկավարն ուզում էր ամեն գնով ներխուժել Ազգային ժողովի շենք։ Ղեկավարը, բնականաբար,Նիկոլ Փաշինյանն էր:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք, որ Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև՝ անզգուշությամբ առաջացրել ծանր հետևանքներ։