Վերլուծություն

Իրանը խիզախության դասեր է տալիս

Իրանը խիզախության դասեր է տալիս

Իրանի երկու խոշորագույն քաղաքներում՝ մայրաքաղաք Թեհրանում եւ Իսֆահանում, ինչպես նաեւ ավելի փոքր քաղաքներում վերջին մի քանի օրերին տեղի են ունենում բազմահազարանոց ցույցեր՝ ընդդեմ ԱՄՆ-ի հետ հնարավոր խաղաղության համաձայնագրի ստորագրման: Բողոքի ցույցերը տեղի են ունենում այն տեղեկությունների ֆոնին, որ հունիսի 19-ին ԱՄՆ-ն ու Իրանը կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել: Իրանցիները կարծում են, որ այդ համաձայնագիրն ազգային շահերի ոտնահարում է եւ պատերազմում զոհվածների հիշատակի անարգում: Ցուցարարների հիմնական կարգախոսներն են`«Մահ Արաղչիին՝ անպատիվ կոմպրոմիսիստին», «Արաղչի, ամոթ ունեցիր, դադարիր զիջել Ամերիկային», «Ղալիբաֆ, Արաղչի, հրաժարական տվեք, հրաժարական տվեք»: Խոսքն ԱՄՆ-ի հետ իրանական կողմի երկու հիմնական բանակցողների մասին է` ԱԳ նախարար Աբաս Արաղչիի եւ խորհրդարանի Միլի մեջլիսի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆի, որոնց իրանցի ցուցարարները մեղադրում են հասարակությունից գաղտնի ԱՄՆ-ին անհարկի զիջումներ անելու, ամերիկյան պահանջներն ընդունելու եւ երկիրը կապիտուլյացիայի ենթարկելու մեջ:

Իրանը տասնյակ տարիներ գտնվում է տնտեսական շրջափակման եւ պատժամիջոցների տակ, արդեն մեկ տարի շարունակ պատերազմի մեջ է ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ, ամերիկյան եւ իսրայելական ինքնաթիռները եւ հրթիռները ռմբակոծում են իրանական քաղաքները, բնակավայրերը, զոհերի թիվը մի քանի հազար է, վիրավորներինը՝ տասնյակ հազարներ, միայն փետրվարի 28-ին իրանական դպրոցներից մեկի վրա ամերիկյան հարձակման արդյունքում զոհվեց 155 մարդ, որոնց մեծ մասը դպրոցականներ էին: Իրանում հարյուր հազարավոր մարդիկ փախստական են դարձել, մի մասը կորցրել է տունն ու աշխատանքը: Բայց նույնիսկ այդ պայմաններում մարդիկ չեն հրաժարվում իրենց արժանապատվությունից, չեն ցանկանում նվաստացուցիչ խաղաղություն, ընդհակառակը՝ դավաճանության մեջ են մեղադրում նրանց, ովքեր ուզում են խաղաղություն բերել: Մարդիկ արժանապատվությունը գերադասում են ամերիկյան պահանջները կատարելու պարտադրանքից:

Ինչո՞ւ նույնը տեղի չունեցավ Հայաստանում, երբ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի հետ կապիտուլյացիա ստորագրեց կամ երբ հրաժարվեց Հայաստանի տարածքը պաշտպանելուց, երբ ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, երբ համաձայնեց Հայաստանի ինքնիշխանությունը զիջել ԱՄՆ-ին եւ թույլ տալ, որ Հայաստանի տարածքի մի մասը կոչվի ԱՄՆ նախագահի անունով, այդ տարածքն անվանական մնա Հայաստանի կազմում, բայց փաստացի դուրս լինի Հայաստանի վերահսկողությունից, եւ դա ներկայացնի որպես փառահեղ ձեռքբերում։ Երբ Փաշինյանը սկսեց հասարակությանը վախեցնել պատերազմով եւ այդ խուճապի պայմաններում բռնազավթել իշխանությունը, ինչո՞ւ որեւէ մեկը փողոց դուրս չեկավ եւ չպահանջեց չզիջել Հայաստանի ինքնիշխանությունը: Արդյո՞ք հայերն ավելի ստրկամիտ են, իսկ իրանցիները՝ արժանապատիվ: Գուցե նաեւ եւ հենց այդ պատճառով է, որ իրանցիները հազարամյակներ շարունակ պետություն են ունեցել, իսկ հայերս պետություն ենք ունեցել միայն հանգամանքների բերումով, շատ դեպքերում՝ մեզնից անկախ, անկախ մեր կամքից՝ այդպես էլ չգիտակցելով սեփական պետություն ունենալու արժեքը:

Իրանցիների կամ իրանական հասարակության մի մեծ հատվածի համար կան արժեքներ, որոնք ավելի կարեւոր են կյանքից, ֆիզիկական գոյությունից, դրա համար նրանք պատրաստ են հրաժարվել կյանքից, բայց ո՛չ այդ արժեքներից: Մեր աչքի առաջ Իրանի իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ՝ Ղասեմ Սուլեյմանիից մինչեւ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեի, իրենց կյանքը չխնայեցին հանուն սեփական երկրի եւ դրա անկախ գոյության: Պատկերացնո՞ւմ եք որեւէ իրանցի առաջնորդի, որը քարոզարշավի ամբողջ ընթացքում ծամեր, զբաղված լիներ ուտելով եւ դա ներկայացներ որպես կյանքի ու ապրելու միակ նպատակ, իմաստ, մեծագույն հաճույք ու ձեռքբերում: Նման բան երբեք չի լինի, որովհետեւ դա կլինի անարգանք սեփական անձի եւ սեփական երկրի նկատմամբ: Բայց հայ հասարակության մի մասը գնաց եւ ընտրեց մեկին, որը քարոզում էր, որ աշխարհի ամենակարեւոր բանը ծամելն է, կուշտ լինելը, որ դա է մարդու միակ նպատակը եւ ապրելու իմաստը:

Երբ Փաշինյանը խոսում է Արցախից վերջնականապես ազատվելու մասին, նրան ծափ տվողներ ու ողջունողներ կան, իսկ երբ Իրանի իշխանության որոշ ներկայացուցիչներ համաձայնում են հրաժարվել միջուկային ծրագրից, իրանցիները համարում են երկրի շահերի եւ ինքնիշխանության զիջում՝ պահանջելով նման պաշտոնյաների հրաժարականն ու մահը: Իրանն աշխարհի ամենամեծ երկիրը չէ, ոչ էլ տեխնոլոգիապես կամ տնտեսապես զարգացածը, նույնիսկ ամենամեծ բանակը չունի, բայց ունի խիզախ առաջնորդներ եւ հասարակություն եւ դրա համար կարողանում է կռվել ու իր պահանջները պարտադրել գերտերություն համարվող ԱՄՆ-ին, որի առաջ խոնարհվում են անհամեմատ ավելի մեծ, զարգացած ու հարուստ երկրներ: Դրա համար է, որ Իրանի ու իրանցի ժողովրդի սխրանքով ոգեշնչվում են աշխարհի միլիոնավոր ազատատենչ մարդիկ, իսկ հպատակներն ու ստրուկներն ատելություն են տածում, որովհետեւ կարծում են, որ իրենց տիրոջ դեմ ըմբոստությունն աններելի մեղք է, ու նման մեղք գործողն անպայման պետք է պատժվի, այլապես հնազանդ ստրուկներն իրենց այնքան էլ լավ չեն զգա:

Մեր միակ սփոփանքը մնում է այն, որ Հայաստանը եւս ունեցել է հերոս առաջնորդներ եւ հերոս քաղաքացիներ, ովքեր հանուն պետական շահի գնացել են ինքնազոհաբերման, ինչպես, օրինակ, Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Դեմիրճյանը, որն իր ընտանիքի անդամներին զգուշացրել էր, որ իրեն կարող են սպանել, եւ, միեւնույն է՝ չէր հրաժարվել իր ընտրած ուղուց: Սփոփանքն այն է, որ Նիկոլ Փաշինյանը եւ նրա հավաքած ծամողների թիմը բացառություն են եւ ոչ թե օրինաչափություն:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image