Վերլուծություն

Ամեն անգամ գողը կանչում է՝ բռնե՛ք գողին

Ամեն անգամ գողը կանչում է՝ բռնե՛ք գողին

Եթե հանրային քննարկման դրվեր այն հարցը, թե ինչպես է հնարավոր բնորոշել վարչապետի աթոռից կառչած անձի գործունեության վերջին տարիները, կհիշատակեի ժողովրդական՝ «Գողը կանչեց՝ բռնե՛ք գողին» ասացվածքը: Հայաստանի պետականության անվտանգության առումով սպառնալիք հանդիսացող՝ վերը նշված անձը դրանում մեղադրում է Ռուսաստանին և ընդդիմության հիմնական ներկայացուցիչներին: Վերջին վեց տարում Հայաստանի գլխին երեք պատերազմ բերած ու խայտառակ պարտություն կրած իշխանության պարագլուխը պատերազմ հրահրելու մեջ մեղադրում է հիմնական ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի, «Հայաստան» դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարներին:

Շարունակենք: Թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող և ըստ այդմ՝ օբյեկտիվորեն այդ թշնամի երկրների գործակալ հանդիսացող անձը թշնամական գործակալ լինելու մեջ մեղադրում է հիմնական ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարներին: Թոշակի բարձրացման և անվճար բժշկական սպասարկման տեսքով կես միլոնից ավելի՝ «65+» տարիքի մարդկանց ընտրակաշառք բաժանած իշխանության պարագլուխը քաղաքացիներին ընտրակաշառք բաժանելու մեջ մեղադրում է առաջին հերթին «Ուժեղ Հայաստան»-ի, ավելի պակաս չափով՝ «Հայաստան»-ի և «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավարներին:

Այդ առումով չեմ կարող չանդրադառնալ ժամանակին բանակում «մայկա-տռուսիկ» չունենալու պատճառով «առիթավորված» ՔՊ-ականի ելույթին: Ընտրակաշառատու լինելու մեջ մեղադրելով ընդդիմադիրներին՝ վերջինս ԱԺ ընդդիմադիր հատվածը համեմատում է սուպերմարկետի դարակների հետ՝ նկատի ունենալով ապրանքների գները: «Գերսարկաստիկ» այդ անձը տեղյակ չէ, որ իր «շեֆն» է հենց իրենց հատվածը վերածել սուպերմարկետի՝ նախընտրական հատվածում թոշակառուներին ու նրանց թվում՝ «65+» տարիքի մարդկանց ֆինանսական լավություն անելով: Ու այն, ի տարբերություն ընդդիմադիրների հասցեին արվող անորոշ արտահայտությունների, ունի կոնկրետ արտահայտություն. թոշակի 20 տոկոս հետվճար (մինչ այդ 10 տոկոս էր)՝ դրան գումարած 10,000 դրամի բարձրացում:

Եվ վերջապես, նախընտրական քարոզչությամբ, հունիսի 7-ի քվեարկությամբ և հետընտրական գործընթացներում լեգիտիմությունը բացարձակ կորցրած իշխանությունը դրանում մեղադրում է ընդդիմությանը: Դրա համար բացեիբաց օգտագործելով սեփական օգտագործման պետական կառույցներին: «Բարգավաճ Հայաստան»-ին ԱԺ-ից դուրս թողնելու նպատակով միայն երկու՝ երրորդն առնչվում էր 8 համարի քվեաթերթիկների բացակայությանը, ընտրատեղամասին քվեարկությունը չեղարկելն ընտրակեղծարարության «մաստեր կլաս» կարելի է դիտարկել: Եվ նույն ընտրատեղամասերում վերաքվեարկությունից հրաժարվելը՝ կեղծ ժողովրդավարության բարձրագույն դրսևորում:

Փոխանակ մեղքերը քավելու գործողությունների դիմեր, վերջինս սեփական աչքի գերանը չտեսնելով՝ փորձում է մեղադրել ուրիշներին՝ նրանց աչքում իրականում գոյություն չունեցող փշի «առկայությունը» մատնացույց անելով: Էլ չենք խոսում ատելության խոսքի լայնածավալ օգտագործման մասին, ինչը հայելային կերպով հասցեագրվում է ընդդիմությանը: Այդ ամենը դիտարկող հավաքական Արևմուտքն այս օրերին որդեգրել է բռնապետական ռեժիմին թիկունք կանգնելու քաղաքականություն: Հենց այն Արևմուտքը, որն իբրև թե պետք է տեր կանգներ ժողովրդավարական սկզբունքների պաշտպանությանը, քանի որ տարիներ առաջ իր վրա էր վերցրել նման պարտականություն:

Մեզանում տիրող իրավիճակի մեկ այլ զավեշտը կայանում է նրանում, որ իր գործողությունների մեջ ընդդիմադիրներին մեղադրող իշխանությունը քիչ է մնում նրանց մեղադրեր նաև վարչական ռեսուրսի չարաշահման մեջ: Ինչպես նաև ընտրողների շրջանում վախի մթնոլորտ ձևավորելու մեջ: Ենթադրում եմ, որ դա կարող էր տեղի ունենալ՝ որքան էլ այն ֆանտաստիկ հնչէր, եթե վերը նշված անձն ամբողջությամբ կորցներ ադեկվատությունը: Բայց այդ հարցերում նա պահպանում է առողջ մտածելու կարողությունը, քանի որ դա է պահանջում թե՛ իր և թե՛ վերջինիս հեռացած-վերադարձած կողակցի անձնական շահը: Այն է՝ որքան հնարավոր է երկարաձգել սեփական իշխանությունը, քանի որ թե՛ իր ազատությունը և թե՛ նույնիսկ կյանքը կախված են վարչապետ լինելուց-չլինելուց:

Նույնը, բնականաբար, վերաբերում է նրանից բաժանվող, երկու ամիս հետո կրկին միավորվող կողակցին: Իսկ դա մեզ համար արդեն ոչ թե զավեշտ է, այլ ողբերգություն, այնինչ օտարների աչքում՝ ողբերգական կատակերգություն: Հաշվի առնելով, որ ողջ երկրի ճակատագիրը կախված է մեկ, ոչ այնքան ադեկվատ անձի, վարչապետի կարգավիճակը պահպանելու կամ կորցնելու հանգամանքից:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image