«Չեն իմացել, կամերա կա` ֆիքսում ա. ջարդելով տանում էին»․ Կիրանցի վարչական ղեկավար

«Չեն իմացել, կամերա կա` ֆիքսում ա. ջարդելով տանում էին»․ Կիրանցի վարչական ղեկավար

Ինչպե՞ս եղավ, որ ոստիկանությունը հերքեց այն, ինչի մասին հայտնեցին և՛ Բագրատ Սրբազանը, և՛ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, և տեսագրություն տարածվեց։ Խոսքը բռնությունների, ծեծի մասին է, որ կիրառվել է Կիրանցի խաղաղ բնակչության նկատմամբ՝ այսօր լուսադեմին:

Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանն այսպես է բացատրում. «Իրենք չեն իմացել, որ այստեղ կամերա կա, կամերան ֆիքսում ա։ Իրանք հայտարարել են, հետո կադրերը տարածվել են։ Իրենց ապուշությունները քողարկելու համար ինչ ասես, ասելու են։ Այդտեղ եղել են ընդամենը 30 հոգի։ Կադրերը գցած է՝ տեսեք։ Բարձրացրած ձեռքերը ոլորում են, ջարդելով տանում են»։ 

- Հիմա ի՞նչ վիճակ է։ 

- Ոստիկանները գյուղը շրջափակել են, ճանապարհները փակած։ Կիրանցիներին թույլ են տալիս ներս ու դուրս անել, բայց մնացածին՝ չէ։ 

- Բարեկամներ ունեցողներին չե՞ն թողնում։ 

- Միայն  բնակիչներին։ 

- Ի՞նչ է լինելու վերջը։  

- Մենք վերջը չգիտենք, ժողովուրդը ինչ ա մտածում, ինչ կարանք անենք։ Բոլորը խառնված են, ամեն  մեկը  մի մտքի։ Չգիտեմ, ոնց կհավաքենք մենք էս  ժողովրդին, ոնց կպլանավորենք, չգիտեմ։ Բավականին  դժվար հարցեր են։ Բոլորը հավաքված են, նստած գետնին, որ ուզես մի բան էլ անես, անհնարին ա, թուրքին բերում են մեր տուն` էն գյուղ, որը որ հերոս գյուղ ա։ Սա ռեվանշ ա, ուրիշ բան չի։

- Փաշինյանն ասում է, մեր անվտանգությունը մեր սահմանի լեգիտիմությունն է, դուք ձեր գյուղում սրան ո՞նց եք վերաբերվում։ 

- Ինձ մի հարցրեք դրանից։ Ով ինչ ասում ա, ասի, ինչ անում ա` անի։ Եկեք, տեսեք, որ մենք մեր սեփական հողերի համար ենք պայքարում։ Մենք մեր կադաստրային վկայականով տված հողերի համար ենք պայքարում, ուրիշ ոչ մի բանի։ Ադրբեջանը գալիս ա, թող գա, ջհանդամը գա։ Մենք էն մարդիկ ենք, էն հզորությունն ունենք, որ մի անգամ էլ պետք լինի, էլի կհանենք իրանց ստեղից։ Մենք վախող չենք։ Թող ամբողջ աշխարհն իմանա, որ մենք մեր պապական, մեր սեփականաշնորհած, էդ ձեր ասած` լեգիտիմ սանտիմետրերի ճշտության հողի համար ենք պայքարում։ 

- Որ վաղը տան թուրքին, կարո՞ղ է, մնաք։ 

- Ես  չգիտեմ, չեմ կարող ասեմ, թե մի րոպեից հետո մենք ինչ կարող ենք անել։