Լեգիտիմ իրավո՞ւնք...

Լեգիտիմ իրավո՞ւնք...

Հանրային հեռուստաընկերության կամ ավելի ճիշտ Ղազարյան Պետրոսին ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձն ասում է, թե ընդդիմությունն իրենից Արծվաշեն է պահանջում՝ մոռանալով, որ հենց իր իշխանության օրոք է այդ տարածքը հանձնվել Ադրբեջանին: Սակայն «մեծարգո վարչապետն» ինքն էլ է մոռանում, որ Արցախյան առաջին պատերազմի տարիներին այն պահելու փորձ կատարվեց, բայց դա չստացվեց: Այդ կորուստը փոխհատուցվեց թշնամուց, Արցախը ներառյալ, ավելի քան 200 անգամ ավելի մեծ տարածք, քան Արծվաշենինն էր, ազատագրելով: Այն Արցախը, որի նախագահին ինքը, վարչապետ կարգվելով, անվանում էր մարզպետ: Էլ չասած «Արցախը Հայաստան է, և վերջ» գոռալը: Ինչը նշանակում է, որ ողջ այդ տարածքը հայկական, հայաստանյան էր, և ինքը դա գիտակցում և ընդունում էր: 

Սակայն փողոցի բռնի ուժով իշխանափոխությունից հետո ինքը գիտակցաբար ու նախապես ծրագրված եղանակով թշնամուն վերադարձրեց նրանից ազատագրված տարածքը: Իսկ հետո էլ սկսեց խոսել Ալմաթիի համաձայնագրի հիման վրա սահմանազատում-սահմանագծում  իրականացնելու մասին: Որի դեպքում գոնե Արծվաշենը պետք է հանձնվի Հայաստանին ճիշտ այնպես, ինչպես, իր ասելով, ինքը թշնամուն է հանձնում տավուշյան առանձին տարածքները: Բայց այդ մասին ինքը լռում է: Որովհետև եթե խոսեր, ապա կստացվի, որ ինքն իր թշնամին է: Ինքն իր թշնամին չէ, չնայած արդեն երեքուկես տարի թշնամություն է անում Հայաստանին և հայ ժողովրդին՝ 44-օրյա խայտառակ պարտությունից հետո ոչ թե կեղծ, այլ իրական հրաժարական չներկայացնելով:  

Անցնենք տավուշյան տարածքները թշնամուն հանձնելու եղանակի հարցին: Անկեղծ ասած, ես զարմացել էի, որ ինքը մինչև այս պահը բիրտ ուժ չէր կիրառում, օրինակ, Կիրանցում: Դա նման չէր իրեն. հիշենք Իջևանում արյան գետեր հոսեցնելու մասին իր հրահանգը, որ տրվել էր ոստիկանապետին: Իսկ բիրտ ուժը «սիրելի ժողովրդի» շրջանում նախկինում առկա վստահությունն ու հեղինակությունը փոխարինող միակ գործոնն է: Ի դեպ, այդ ժողովուրդը վաղուց սիրելի չէ, որովհետև անասունին սիրել հնարավոր չէ: Լրագրող և մեդիա փորձագետ Նաիրի Հոխիկյանի վկայությամբ, ավելի վաղ ինքն այդ ժողովրդին «անասուն» է անվանել ու ծիծաղելով գլուխ գովել, թե «անասուն ժողովրդին ոնց քշեմ, կքշվի, ո՞նց կարա ինձ հանի» (այս տողն առկա է լրագրողի ֆեյսբուքյան էջում Նիկոլին ուղղված բաց նամակում): Այնպես որ, սև բերետավորների դաժան վերաբերմունքը իրենց հողերի, այն է՝ հայրենիքի տարածքների պաշտպանների նկատմամբ, խիստ բնական է ու տրամաբանական: 

Հայաստանին, իր ասելով, չպատկանող 4 գյուղերի հանձնման վերաբերյալ Նիկոլի խոսքում անընդհատ առկա էր մի նախադասություն, որը հասկանալի չէր: Այն է՝ «մենք ոչ միայն 4 գյուղ ենք հանձնում, այլև 4 գյուղ ենք վերցնում»: Սկզբում ուշադրություն չէի դարձնում՝ մտածելով, որ դա նրա արտաբերած հերթական անհեթեթությունն է, ինչն արդեն վաղուց դարձել է սովորական երևույթ: Բայց Պետրոսին տրված հարցազրույցում այդ խնդիրը բացահայտվեց. պարզվում է, որ 4 գյուղ թշնամուն զիջելու իմաստն ընդամենը նրա պահանջը բավարարելն է: Ճիշտ այնպես, ինչպես Թումանյանի «Չարի վերջը» հեքիաթում: Որպեսզի Ադրբեջանն այլևս չունենա «լեգիտիմ իրավունք» հարձակվելու Հայաստանի վրա: Զարմանալի է, որ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը մինչ հիմա կարծում է, որ ագրսիայի դիմելու համար Իլհամին պետք է ինչ-որ լեգիտիմ իրավունք: Երևի մոռացել է, որ 2022 թվականի սեպտեմբերին Ջերմուկի ուղղությամբ հարձակվող ադրբեջանական բանակը չուներ ոչ մի  լեգիտիմ իրավունք: