Ադրբեջանը թիրախավորում է ՀՀ-ի պետական սահմանին գտնվող դիրքերը․ նրանք խախտում են նոյեմբերի 9-ի հայտարարության գրեթե բոլոր դրույթները

Ադրբեջանը թիրախավորում է ՀՀ-ի պետական սահմանին գտնվող դիրքերը․ նրանք խախտում են  նոյեմբերի 9-ի հայտարարության գրեթե բոլոր դրույթները

«Թե նախորդ հանդիպումներին, թե այսօրվա քննարկմանը մանրամասն անդրադարձել ենք ԼՂ-ում  իրավիճակի անդառնալի հետևանքներին: Անդրադարձել ենք ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստին, դրա շրջանակներում, ինչպես նաև 2022 թվականի դեկտեմբերից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր միջազգային գործընկերների հասցեական ուղերձներին»: Այս մասին այսօր՝ օգոստոսի 22-ին, Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբի հետ հանդիպումից հետո ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Այդուհանդերձ, ի հեճուկս այդ ամենի և հակառակ Արդարադատության դատարանի որոշումների, Ադրբեջանը շարունակում է Լաչինի միջանցքի արգելափակումը: Մենք շարունակ հայտարարում ենք, որ Ադրբեջանի գործողությունների հիմքում դրված է ԼՂ-ն էթնիկ զտումների ենթարկելու բացահայտ քաղաքականությունը:
Գործընկերոջս հետ քննարկել եմ նաև, որ վերջին օրերին Ադրբեջանը պարբերաբար խախտում է զինադադարը ԼՂ-ում, ինչպես նաև թիրախավորում  ՀՀ-ի  պետական սահմանին գտնվող դիրքերը: Այդ մասին հայտարարել է ՀՀ-ում ԵՄ մշտադիտարկման առաքելությունը: Բազմիցս նշել ենք, որ Ադրբեջանը շարունակաբար խախտել է նոյեմբերի 9-ի հայտարարության գրեթե բոլոր դրույթները և բացառություն չի կազմել նաև այնպիսի հումանիտար առաքելությունների կյանքի կոչելը, ինչպիսին է հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց  վերադարձնելը, ինչպես նաև անհետ կորածների ճակատագրերի պարզաբանումը:

Այսօր արդեն Ադրբեջանը փաստացի պատանդառության մեջ է պահում ԼՂ-ի ողջ 120 հազար բնակչությանը: Կարծում ենք, որ այս գործելաոճով Ադրբեջանը մարտահրավեր է նետում տարածաշրջանում իրական կայունության և խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային հանրության, բայց և առաջին հերթին ՀՀ ջանքերին: Ակնկալում ենք, որ մեր միջազգային գործընկերները քաղաքական կամք կդրսևորեն՝ ձեռնարկելու գործուն քայլեր՝ Ադրբեջանի ապակառուցողական, հակամարդկային ռազմատենչ գործողությունները փոխելու ուղղությամբ»,- ասել է Միրզոյանը։