Իրանում վերստին խստացնում են կանանց իրավունքների սահմանափակումները 

Իրանում վերստին խստացնում են կանանց իրավունքների սահմանափակումները 

Իրանում խորհրդարանական կոմիտեն հավանություն է տվել մի օրենքի նախագծի, որի համաձայն մահմեդական կնոջ ավանդական զգեստի մաս կազմող գլխանոցի՝ հիջաբի չկրման համար նախատեսված պատիժը խստացվում է։ Այս մասին հայտնում է dpa-ն։ Հաջորդ փուլով՝ օրենքի նախագիծը ներկայացվելու է Սահմանադրության պահապանների Խորհրդին։ Նշենք, որ այս վերահսկիչ մարմնում հիմնականում պահպանողական մահմեդական կրոնավորներ են։

CNN-ն էլ մանրամասնում է, որ նոր նախագիծը բաղկացած է 70 հոդվածից, որոնք նախատեսում են տուգանքների եւ բանտարկությամբ պատժաչափերի ավելացում բոլոր այն կանանց համար, ովքեր կհրաժարվեն կրել հիջաբ։ Նաեւ նախատեսվում է արհեստական բանականության ընձեռած հնարավորությունները կիրառել՝ հիջաբ չկրոց կանանց հայտնաբերելու համար։

Այսպես, եթե իրանական ներկայիս օրենսդրությամբ՝ հիջաբ կրելուց հրաժարվելը կարող է տուգանվել 1-10 եվրոյին համարժեք իրանական ռիալով, կամ 10 օրից մինչեւ 2 ամիս բանտարկությամբ, ապա նոր նախագիծը նախատեսում է 5-10 տարվա բանտարկություն եւ մոտ 8000 եվրոյի տուգանք։ Այս կերպ է իրանական ղեկավարությունը ըստ էության, պատասխանում 22 թվականին Իրանում տեղի ունեցած բողոքի ակցիաներին, որոնք սկսվեցին Մահսի Ամինիի՝ 22-ամյա աղջկա՝ հիջաբը սխալ կրելու համար բարոյական ոստիկանության աշխատակիցների կողմից սպանվելուց հետո։