«Թավշյա հեղափոխությունն» ու դատական համակարգի անկախությունը

 «Թավշյա հեղափոխությունն» ու դատական համակարգի անկախությունը

2018-ի ապրիլյան իրադարձությունների շնորհիվ իշխանության գալով՝ Փաշինյան Նիկոլը, ի թիվս այլոց, հայտարարեց դատական համակարգը բարեփոխելու մտադրության մասին: Իսկ ո՞րն էր բարեփոխման առարկան, ավելի ճիշտ՝ այն հիմնական թերությունը, որը պետք է բարեփոխվեր: Դա դատական համակարգի կախվածությունն էր գործադիրից, այսպես կոչված՝ հեռախոսային իրավունքի առկայությունը: Դա այն էր, որ երեւան էր գալիս, երբ երկրի ղեկավարին կամ նրա մերձ շրջապատին անհրաժեշտ էր լինում ստանալ իրենց բավարարող դատական վճիռ: Հրահանգն իջեցվում էր հեռախոսային զանգի միջոցով, եւ այդտեղից էլ անունը՝ հեռախոսային իրավունք: Իսկ դրա ամենաբարձր դրսեւորումը ընտրությունների արդյունքները բողոքարկելու սահմանադրական գործընթացն էր: 

Ինչպես ընդունված է ասել, կատարելով գործող իշխանությունների (ավելի ճիշտ՝ դրա գործադիր մասի) պատվերը՝ համակարգը ստանում էր ներքին ինքնուրույնություն՝ պակաս նշանակալի գործերի քննության ժամանակ: Իսկ դա լայն հնարավորություն էր բացում հովանավորչության, կաշառակերության եւ այլ բացասական երեւույթների համար, որոնք, ի դեպ, գալիս էին դեռեւս խորհրդային ժամանակաշրջանից. իզուր չէր, որ խորհրդային բուհերում ամենաբարդը հենց իրավաբանական ֆակուլտետ ընդունվելն էր:

Ռոբասերժական իշխանության տարիներին Հայաստանում սկսեցին ձեւավորվել իրավապաշտպան կառույցներ (հասարակական կազմակերպություններ), որոնց նպատակը դատական համակարգի բարեփոխմանն աջակցելն էր: Ընդունված էր համարել, որ գործադիր իշխանությունը, գիտակցելով համակարգի թերությունները, ցանկություն ունի դրանք աստիճանաբար վերացնելու: Նշված կազմակերպություններն իրենց գործունեության համար դրամաշնորհներ էին ստանում արտասահմանից, պետությունը՝ համարյա նույն աղբյուրներից՝ վարկեր ու դրամաշնորհներ: Երկկողմանի աշխատանքի արդյունքում օրենսդրություն էր փոխվում, ի հայտ էին գալիս առաջադիմական կարգավորումներ, բարելավվում էին դատարանների շենքային պայմանները: Սակայն հիմնական խնդիրը՝ գործադիր իշխանությունից կախվածությունը, չէր վերանում եւ չէր կարող վերանալ:

Այն ենթադրում է մտածողության փոփոխություն, իսկ դա ամենաբարդ սոցիալական երեւույթն է՝ փոխել հասարակության այս կամ այն խավի մտածողությունը: 
Վերադառնանք դատական համակարգը բարեփոխելու փաշինյանական ցանկությանը: Խնդրի մասին բարձրաձայնումից հետո այն մոռացվեց բավական երկար ժամանակ, քանի որ «թավշյա հեղափոխությունից» հետո, Փաշինյանի կարծիքով, չէր կարող լինել որեւէ դատավոր, որ համարձակվեր չկատարել իր կամքը: Եթե հիշում եք, դա բացահայտվեց մարտի 1-ի գործով պետության ղեկավարի եւ իրավապահ կառույցների ղեկավարների հեռախոսազրույցների գաղտնազերծման շնորհիվ: Սակայն պարզվեց, որ, այնուամենայնիվ, այդպիսիք կան՝ դատարանների որոշմամբ կալանքներից ազատվեցին մարտի 1-ի գործով մեղադրյալները (Նիկոլը նրանց արդեն մեղադրյալ էր կարգել): Եվ Նիկոլի իշխանության հետ սերտաճած իրապապաշտպան կառույցները վարչապետի պաշտոնը զբաղեցնողին հուշեցին հետաքննություններ իրականացնելու մեխանիզմի՝ օտարաշունչ «վեթինգ» (զտում) եզրը: 

Դա կիրառվում է, այսպես կոչված, անցումային արդարադատության դեպքում, երբ գործող իշխանության կողմից անցկացվող ինստիտուցիոնալ կոչված բարեփոխումների շրջանակում մերժվում է մինչ այդ գոյություն ունեցող արդարադատության ողջ համակարգը, եւ դրվում է այն արմատապես փոխելու խնդիր: Ինձ հայտնի է դատական համակարգում «վեթինգի» ամբողջական կիրառման մեկ դեպք՝ Ալբանիայում, որի արդյունքում կոլապսի (փլուզման) ենթարկվեց ողջ համակարգը: Բարեբախտաբար, Նիկոլը համարձակություն չունեցավ այն կիրառելու, կամ բազմաթիվ ընթացիկ խնդիրները խանգարեցին դրա իրականացմանը: Եվ առաջին հայացքից զարմանալիորեն «վեթինգ» չկիրառելը դրականորեն ազդեց գործադիր իշխանությունից դատական համակարգի կախվածության վերացման առումով: 

Ինչո՞ւ զարմանալիորեն, քանի որ նախկին՝ թեկուզ անվանարկված դատավորների փոխարինումը նորերով, ինչը պետք է տեղի ունենար «վեթինգի» արդյունքում, ոչ թե կանկախացներ համակարգը, այլ կունենար հակառակ ազդեցությունը՝ ողջ համակարգն ամբողջությամբ կենթարկվեր վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին: Ճիշտ այնպես, ինչպես դա տեղի է ունենում իրավապահ համակարգում, թեեւ վերջիններս օրենսդրորեն օժտված են ֆունկցիոնալ անկախությամբ գործադիր իշխանությունից: Այնպես որ, կարող ենք արձանագրել, որ այսօր դատական համակարգն անկախ է գործադիրից այնչափ, որչափ երբեւէ չի եղել անկախության ձեռքբերման ժամանակից ի վեր: Եվ դա տեղի է ունեցել ոչ թե, այսպես կոչված, «ժողովրդի իշխանության» ջանքերի շնորհիվ, այլ ի հեճուկս նույն այդ իշխանության ջանքերի: 

Դատական համակարգի անկախացման գործընթացի վրա դրական ազդեցություն գործեց գործադիր իշխանություն (այսինքն՝ Նիկոլ) եւ Սահմանադրական դատարան կոնֆլիկտը, որը տեւեց ավելի քան մեկ տարի եւ ավարտվեց Նիկոլի հաղթանակով: ԱԺ-ի հակասահմանադրական օրենսդրական փոփոխությունների արդյունքում ՍԴ 3 անդամներ զրկվեցին իրենց կարգավիճակից, իսկ դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը զրկվեց իր պաշտոնից՝ վերածվելով դատարանի շարքային անդամի: Հիշեցնեմ, որ նրան պաշտոնից զրկելու նպատակով քրեական գործ հարուցվեց նրա մերձավոր անձանց նկատմամբ, սակայն Թովմասյանը չհանձնվեց, եւ իշխանությունը ստիպված եղավ գնալու Սահմանադրության խախտումների ճանապարհով: 

2018 թվականի իշխանափոխությունից հետո օբյեկտիվորեն համակարգի անկախացման դանդաղ ընթացող գործընթացն արագացավ, երբ գրեթե կապիտուլյացիոն զինադադար կնքած Նիկոլը բունկերում թաքնված հերթական հաթաթան տվեց, իր ասելով, «վնգստացող դատավորների» հասցեին, ինչն արժանացավ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հակադարձմանը: Վերջինս անմիջապես պատժվեց՝ նրա լիազորությունները կասեցվեցին, եւ նրա նկատմամբ քրեական գործ հարուցվեց: Իսկ նրա փոխարեն խորհրդի նախագահ նշանակվեց բազմաթիվ սկանդալային պատմություններով հայտնի Գագիկ Ջհանգիրյանը: Վերջինս, ի դեպ, մինչ այդ Ազգային ժողովի կողմից նշանակվել էր ԲԴԽ գիտնական-անդամ, չնայած չունի որեւէ գիտական կոչում եւ տարիքն էլ կենսաթոշակային էր, ինչն օրենքի խախտում է:  

Այս ամենը որեւէ ձեւով չդատապարտվեց իշխանության հետ սերտաճած իրավապաշտպան կառույցներից մեծ մասի կողմից: Դրանք հիմնականում դադարել են որպես այդպիսին գործելուց, քանի որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի պես միտված են անցյալի դեմ կռիվ անելուն: Դա թույլ չի տալիս, որպեսզի այդ կառույցները նկատեն գործող իշխանության թույլ տված բազմաթիվ խախտումները: Իսկ ավելի ճիշտ՝ նրանք դրանք չեն կարող չնկատել, սակայն ենթադրաբար դա համարում են իրենց ուշադրության համար ոչ արժանի մանր երեւույթներ: Իհարկե, ժամանակի ընթացքում այդ կառույցներն ամբողջությամբ կփոխարինվեն նոր դերակատարներով, որոնք տվյալ ոլորտում այսօր գործունեություն են ծավալում առանց որեւէ դրամաշնորհի:  

Այսպիսով, արձանագրենք, որ 2018-ի իշխանափոխությունից հետո միակ համակարգը, որ չի փլուզվել, այլ ընդհակառակը՝ բարեփոխվել է, դատական համակարգն է: Բայց, ինչպես երեւաց, այն բարեփոխվել է ոչ թե նիկոլական, այսպես կոչված, «ժողովրդի իշխանության» ջանքերի շնորհիվ, այլ ի հեճուկս հենց այդ ջանքերի: Ինչի առումով կարող ենք շնորհավորել դատական համակարգի ներկայացուցիչներին․․․ Հետաքրքիր է, բայց Հայաստանի դատական համակարգը, չգիտես ինչու, չունի սեփական պրոֆեսիոնալ տոն, դատախազությունը, ոստիկանությունը, ԱԱԾ-ն, օրինակ, ունեն: