Նիկոլ, դու էդ բանը պիտի չասեիր

Նիկոլ, դու էդ բանը պիտի չասեիր

Իսկ մինչ այդ ամեն ինչ այնքան լավ էր… Նիկոլ, գեներալներին վարի տուր, Նիկոլ, շատ արագ, քանի դեռ ռեյտինգդ տեղն է, ԱԺ ընտրություններ կազմակերպիր, Նիկոլ, Քոչարյան Անդոյին ու մնացած ժողովրդիս տար ԱԺ, Նիկոլ, Վահե Գրիգորյանին տար ՍԴ, Նիկոլ, Ջհանգիրյանին տիրություն արա՝ չկորչի, ափսոս է, Նիկոլ, դատավորներին ահ տուր… Մի խոսքով՝ Պողոս տար, Պողոս բեր: Պողոսն էլ տեղը տեղին, բարեխղճորեն ամեն ինչ անում էր այնպես, ինչպես իրեն ասում էր իր հոգեւոր հայրը կամ մոզգը՝ ինչպես հարմար է: Երբ տեսավ, որ Նիկոլն ամեն ինչ անում է ստորակետի ճշտությամբ, կանչեց նրան իր մոտ ու վերջին հանձնարարությունը տվեց՝ դե, Նիկոլ ջան, հողերը պիտի տաս… Մոզգն էր ասել, ինչպե՞ս կարող էր չտալ:

Բայց մինչեւ դա էլ կաներ, էս Պողոսը բերանից մի արտահայտություն թռցրեց, որ հետո ճակատագրական եղավ թե՛ մոզգի եւ թե՛ իր համար: Հաստատ չգիտեմ, բայց ասում են՝ խմած ժամանակ է հայտարարել՝ Արցախը Հայաստան է եւ վերջ: Հենց այդ հայտարարությունն էլ, ինչպես օրերս մեկնաբանեց մոզգը, աղետ դարձավ մեր երկրի ու ժողովրդի գլխին: Այլապես ինչո՞ւ պետք է ուսուցիչը բարկանար գերազանցիկ Պողոսի վրա, հայրն ինչո՞ւ պետք է այպաներ յուր հոգեզավակին, որ ժրաջանությամբ ու բծախնդրությամբ է կատարում բոլոր հրահանգները: Նա այնպես է զայրացել Նիկոլի վրա, որ քիչ է մնում գնամ մոտն ու բարեխոսեմ էդ խեղճուկրակի համար՝ ի վերջո, քո Նիկոլն է, քո ամանից է կերել, քեզ համար հոգի տվել 2008-ին… Մեկ էլ մտածում եմ՝ բա ինձ պետք ա՞, էսքան բանից հետո թող իրար ուտեն, վերջանան՝ մոզգն էլ, Պողոսն էլ: Ի դեպ՝ Պողոսն էլ առաջվանը չէ: Ուսապարկերին քսի է տալիս, սրանք կծում-մծում են մոզգին, ձեռ առնում, «տեղը դնում»: Ինչ ասեմ ուրիշ՝ մոզգին առողջություն եմ մաղթում, Նիկոլին՝ կորով․ թող կռվեն մինչեւ վերջին լեւոնականը, յա թե չէ՝ նիկոլականը: Վերջին հաշվով, դրանք նույն բանն են:

Իսկ ինչո՞ւ է Տեր-Պետրոսյանը սարսափած Ռոբերտ Քոչարյանի վերադարձի ռեալ հնարավորությունից: Ավելին՝ ինչո՞ւ է նա այնքան սարսափած այդ փաստից, որ դրած՝ հոգեզավակին է կոխկրտում ոտքերով: Այս հարցի պատասխանը պետք է փնտրել հեռավոր 1997-1998 թվականներում եւ, իհարկե, 2008թ. հայտնի իրադարձություններում: Եվ պատկերացրեք՝ Նիկոլն այս հարցում որեւէ կապ չունի: Թե ինչու է Նիկոլին տփում՝ չգիտեմ, Նիկոլը հաստատ որեւէ կապ չունի Տեր-Պետրոսյան-Ռոբերտ Քոչարյան, մեղմ ասած՝ հակամարտության մեջ: Հիշում եմ, մի անգամ, եթե չեմ սխալվում՝ 2013թ. նախագահական ընտրություններից առաջ, մի լավ երկխոսացված Տեր-Պետրոսյանը, որ Սերժ Սարգսյանի կողմից նույնիսկ ֆրակցիա էր նվեր ստացել ԱԺ-ում, հայտարարեց՝ եթե Ռոբերտ Քոչարյանն առաջադրվի, ինքն էլ կառաջադրվի: Պատկերացնում եք, չէ՞, մոզգի անամոթության աստիճանը: Էն ի՞նչ մտնել մտավ Սերժին, այ մարդ, ես զարմացած էի մնացել:

Ախր, խոսք էլ չկար այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանն ուզում է վերադառնալ… Մի խոսքով, ահավոր վառված է ՀՀ երկրորդ նախագահից եւ «Հայաստան» դաշինքի հանրահավաքից հետո քունուդադարը կորցրել է: Էլ կորոնա կպավ, էլ բան: Այդպես վատառողջ էլ մասնակցեց գեղի կլուբի՝ ՀԱԿ-ի համագումարին ու առաջիկա ընտրություններին մասնակցելու իր հայտը ներկայացրեց:

Կմասնակցի՞, արդյոք, ՀԱԿ-ն առաջիկա ԱԺ արտահերթ ընտրություններին, դժվար է ասել: Ես, առհասարակ, Լեւոն Տեր-Պետրոսյանի մասնակցությամբ որեւէ նորմալ, ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություն չեմ պատկերացնում: Նիկոլին կանչելու է մոտն ու ստիպի, որ կեղծի ընտրության արդյունքները: Չե՞ք հավատում: Տեսեք, թե որտեղ է տեղավորվում Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ Նիկոլի ու Ռոբերտ Քոչարյանի արանքում: Դա էն գլխից Էդմոն Մարուքյանի տեղն էր՝ Նիկոլը քըխ ա, Ռոբերտ Քոչարյանը՝ նախկին: Այս նույն երգն է երգում այսօր Տեր-Պետրոսյանը՝ նվազեցնելով ԼՀԿ շանսերը: Սա նաեւ խոսում է այն մասին, թե որքան է փոքրացել Տեր-Պետրոսյանը, որ Քոչարյանի հնարավոր վերադարձը չտեսնելու մարմաջով մանրումիջին խաղացողների նիշաներն է գրավում: Բնականաբար, այդ նիշայից կթռնի նաեւ Արման Բաբաջանյան-Լեւոն Շիրինյան-Ստյոպա եւ Սեդա Սաֆարյաններ եռյակը (քառյա՞կը), որ նույնիսկ չէր էլ հասցրել տեղավորվել ու խաղ սկսել Նիկոլի օգտին:

Ինչեւէ՝ մեզ լավ ընտրություններ եւ դրանց արդյունքում դավաճաններից, հողատուներից եւ կապիտուլյանտներից զերծ կառավարության ձեւավորում: Այսկերպ միայն կկարողանանք կանգնեցնել Հայաստանի անխուսափելի մայրամուտն ու ցրել պարտությունների՝ անվերջանալի թվացող մղձավանջը: Լեւոնին ու Նիկոլին էլ պետք է հանգիստ թողնել: Այս ընտրություններով ավարտվում է նրանց էպոխան, որ միով բանիվ պարտվողականության ու խեղճության, թալանի ու ստախոսության մի ողջ էպոպեա էր: