«Տոյոտա Երեւան» ավտոսրահը դատարկ է

«Տոյոտա Երեւան» ավտոսրահը դատարկ է

Երեկ համացանցը «թնդաց» Ալեն Սիմոնյանի համար ձեռք բերվող նոր մեքենաների լուրից։ Խոսքn ԱԺ նախագահի մեքենային ուղեկցող մեքենաների մասին է։ ԱԺ աշխատակազմը որոշել է, որ ուղեկցող մեքենաները չեն ապահովում ՀՀ ԱԺ նախագահի ծառայողական մեքենայի անվտանգ եւ ապահով տեղաշարժը, ուստի կառավարությունը վերջին նիստում հաստատեց ԱԺ բյուջեում վերաբաշխում կատարելու նախագիծը, որով 54 մլն դրամ կնախատեսվի «Տոյոտա Երեւան» ընկերությունից 3 հատ Toyota RAV4 մոդելի քրոսովեր ձեռք բերելու համար։ Դրանք փոխարինելու են ԱԺ նախագահի մեքենային ուղեկցող 2003 թ․ եւ 2007 թ․ արտադրության երկու Toyota Prado ամենագնացներին եւ 2008 թ․ արտադրության Nissan X-Trail քրոսովերին։ ԱԺ աշխատակազմը նպատակահարմար է գտել այն ձեռք բերելToyota ֆիրմայից, քանի որ նշված մոդելի համար լրացուցիչ զեղչեր են արվելու։ Այս որոշումն աղմուկ բարձրացրեց, քանի որ դեռ 2021 թ․ նոյեմբերին էին Ալեն Սիմոնյանի համար 90 մլն դրամով BMW 750 Li մոդելի ծառայողական մեքենա ձեռք բերել։

Բայց հարցն այն է, որ «Տոյոտա Երեւան» ընկերությունն այդ մեքենաներն այս պահին չունի, որ վաճառի Ազգային ժողովին։ Ընկերությունից մեզ փոխանցեցին, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով մեկ ամսից ավելի է՝ նոր մեքենա չեն ստացել, սրահը գրեթե դատարկ է, ընդամենը մեկ-երկու ավտոմեքենա ունեն վաճառքի, եղածն էլ ամբողջությամբ վաճառել են, ու նոր մեքենաներ ստանալու հեռանկարն էլ անորոշ է։ Այս պահին բանակցություններ են վարում, որ այլ ճանապարհներով մեքենաներ ներկրեն, քանի որ պահանջարկը մեծ է, գնորդները կան՝ մեքենա չկա։

Գնորդներից մեկն էլ ԱԺ աշխատակազմն է, որի նախընտրած RAV4-ները եւս սրահում առկա չեն, իսկ թե երբ կլինեն՝ հայտնի չէ։ Նշենք, որ «Տոյոտա Երեւան» ընկերությունը Ռուսաստանից է ներկրում իր մեքենաները, քանի որ Toyota-ի շատ մոդելներ ռուսաստանյան գործարաններում են հավաքվում, եւ ՌԴ-ի դեմ կիրառված սանկցիաների հետեւանքով այդ գործարաններն այժմ կանգնած են՝ մեքենա չեն արտադրում։ Ստացվում է՝ կառավարությունը, որը վստահաբար քաջատեղյակ էր այս խնդրից, այս խառը ժամանակաշրջանում նման որոշում է կայացնում՝ գոյություն չունեցող մեքենաների ձեռքբերման համար, որոնք հայտնի էլ չէ, թե երբ կբերվեն։ Ի դեպ, ԱԺ աշխատակազմից տեղեկացանք, որ դեռ մարտ ամսին էին դիմել «Տոյոտա Երեւան» ընկերությանը, որտեղից հավաստիացրել էին, որ առաջիկայում նոր խմբաքանակ են ստանալու, բայց պատերազմը խափանել է բոլորի պլանները, եւ հիմա թե՛ ավտոսրահը, թե՛ ԱԺ-ն կանգնել են փաստի առջեւ։ Փոխարենը թեման մի լավ շրջանառվեց եւ Բրյուսելի հետ կապված քննարկումներն էլ «կտրեց»։