Անկախ նրանից, թե ինչ է հայտարարում Փաշինյանը Մոսկվայում, հերթական անգամ գործ ունենք ոչ պրոֆեսիոնալ մոտեցման հետ

Անկախ նրանից, թե ինչ է հայտարարում Փաշինյանը Մոսկվայում, հերթական անգամ գործ ունենք ոչ պրոֆեսիոնալ մոտեցման հետ

Նիկոլ Փաշինյանը փորձեց Մոսկվայում ի ցույց դնել, թե Հայաստանը պատրաստ է և՛ ռազմական, և՛ առողջապահական, և՛ էներգետիկ բնագավառում հիմնական գործընկեր դիտարկել Ռուսաստանին։ «Հրապարակի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ նախկին փոխարտգործնախարար Ռոբերտ Հարությունյանը՝ ավելացելով․  

«Ըստ որում, հեչ պարտադիր չէ, որ այդ հայտարարությունները իրականում համապատասխանի իրականությանը»։

Ի՞նչ տվեց այցը։ Ռոբերտ Հարությունյան․«Դժվար է հիմա գնահատական տալ։ Չգիտեմ՝ ինձ թվում է՝ այն, ինչ որ տեսանք, այն, ինչի մասին հանրությանը հայտնի դարձավ, իմ տպավորությամբ՝ հիմնական նպատակը չէր։ Չնայած անվանվեց՝ աշխատանքային այց, բայց կարծում եմ՝ կան որոշակի քննարկումներ կուլիսների հետևում, բայց ինչի վերաբերյալ, դժվարանում եմ ասել»։ Արցա՞խ։ «Միգուցե»,-ասում է Ռոբերտ Հարությունյանը։

Բայց նա վստահեցնում է՝ եթե կան այդ թեմայով քննարկումներ կամ որոշումներ, «առաջիկայում մեզ համար պարզ կլինի»։ Մանրուք է, բայց տհաճ է, երբ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Վլադիմիր Պուտինի հարցին, թե «Սպուտնիկ V»-ն Հայաստանում գրանցվա՞ծ է, ասաց, որ այո, իսկ ժամեր անց մամուլը պարզեց, որ ոչ, գրանցված չէ։ Բայց նախ Առողջապահական և աշխատանքի տեսչության դեղերի վարչության նախկին պետ Վահե Մինասյանը գրեց․ «Առանց քաղաքականության ու առանց պատվաստանյութի նկատմամբ մի կաթիլ հակաքարոզի, դիտարկումս զուտ մասնագիտական է։ Լավ, իրո՞ք այս աստիճան ու այս մակարդակով կարելի է չտիրապետել իրականությանը և արժեզրկել ու նսեմացնել դեղի պետական գրանցումը երկրում, որը հիմքն է դեղերի անվտանգ շրջանառություն ունենալու համար՝ սկսած արտադրություն-ներմուծումից մինչև կիրառում ու ոչնչացում։ Հիմա անցնեմ բուն փաստին՝ կոնկրետ հարց է հնչում վարչապետին Պուտինի կողմից, «Սպուտնիկը գրանցվա՞ծ է արդեն Հայաստանում», «Այո»,- պատասխանում է վարչապետը։ Մինչդեռ այն ոչ միայն գրանցված չէ Հայաստանում, պաշտոնի չեմ, բայց պաշտոնապես հայտարարում եմ դա ու, ի դեպ, անկեղծ լինելու համար պետք է ասեմ՝ առանց դեղի պետական գրանցման պետության կարիքների համար ու մի շարք այլ՝ «Դեղերի մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերում նույնպես կարելի է ներմուծել դեղ։ Միգուցե այդկե՞րպ էր պետք պատասխանել, բայց պատասխանվեց այլ կերպ․․․ ցավոք»։

Ինչպես հիշում ենք, նախարար Ավանեսյանը ստիպված եղավ լրագրողներին պատասխանել և հայտարարել, որ թեև «Սպուտնիկը» գրանցված չէ, բայց թույլատրված է։Երկրի ներսում մենք արդեն սովոր ենք, որ Նիկոլ Փաշինյանին ինչպես «Իսկանդերի» պարագայում քրոնիկ «սխալ է զեկուցվում»։ Իսկ դրսո՞ւմ։Դիվանագիտական շրջանակներում, դիվանագիտական էթիկայի տեսանկյունից ինչպե՞ս է ընդունվում նման, մեղմ ասած, ոչ ճիշտ և բազմակի անգամ՝ ոչ ճիշտ տեղեկատվությունը։ Ռոբերտ Հարությունյանի պատասխանից կարելի է ենթադրել, որ զարմանում է, որ զարմանում ենք։ Ասաց․ «Դա նորություն չէ, մենք ականատես ենք լինում, որ Նիկոլ Փաշինյանը անում է այն հայտարարությունները, որոնք ցանկանում է, անկախ նրանից իրականություն է, թե ոչ։ Ավելին՝ հաճախ հայտարարում է այնպիսի բաներ, որ իրականությանը չեն համապատասխանում։ Ավելին՝ նույնիսկ նման մանրուքի մեջ ինքը շարունակում է սուտ ասել։ Եվ դիմացինին հիմարի տեղ դնել»։