Նոր հուշարձան՝ ի հիշատակ զոհված հերոսների

Նոր հուշարձան՝ ի հիշատակ զոհված հերոսների

Քարը հայի համար երբեք չի եղել սոսկ քար։ Եղել է հիշողություն, հիշատակ, պատմություն։ Քարի մեջ ենք ամփոփել մեր ուժն ու դիմադրելու կամքը, կորստի ցավը, հարատեւության հույսը։ Եկեղեցուց մինչեւ խաչքար, հուշակոթողից մինչեւ հուշարձան՝ քարակերտ ամեն ինչը մեզ համար ունեցել է առանձնահատուկ խորհուրդ ու նշանակություն։ 

2016թ․ ապրիլյան պատերազմից հետո քանդակագործ Սամվել Գալստյանը մտահղացավ կերտելու մի հուշարձան, որի մեջ ամփոփելու էր իր զգացածն ու տեսածը։ Այն ժամանակ, սակայն, ինչ-ինչ պատճառներով, մտահղացումը մարմին չստացավ։ Հայ հերոսների հիշատակին նվիրված հուշարձան ստեղծելու գաղափարը նրան նորովի կլանեց 2020թ․ պատերազմի ընթացքում, երբ մարտի դաշտ էր ճանապարհում որդուն եւ ամեն րոպե, յուրաքանչյուր հայ զինվորի կյանքի համար տագնապը սրտում, սպասում ու հավատում էր նրանց վերադարձին։ Թե՛ 2016-ի, թե՛ 2020-ի պատերազմը խիզախաբար անցած որդին վերադարձավ ծանր վիրավորումով։

Կարողացավ ոտքի կանգնել եւ, որպես համահեղինակ, հոր հետ միասին կյանքի կոչել հիշատակի հուշարձանի գաղափարը։ Երբ էսքիզներն արդեն պատրաստ էին, դիմեցին Երեւանի քաղաքապետարան, որպեսզի հուշարձանը կանգնեցվի բոլորիս ուխտավայրը դարձած Եռաբլուրի մուտքի մոտ։ 

Մեր անկրկնելի տուֆից պատրաստված հուշարձանի բարձրությունը 5 մ է, լայնությունը՝ ավելի քան 2 մ․ կամարաձեւ կառուցվածքը զարդարված է արեւի ու հավերժության խորհրդանիշով, իսկ կենտրոնում հայոց դյուցազունների անկոտրում թուրն է՝ մեր հնագույն զարդաքանդակների ոճով արված քարե շրջանակից դեպի վեր խոյացող։ «Մենք՝ հայերս, արեւորդիներ ենք, արեւն ու հավերժությունը մեզ համար նույնական են, այդ իսկ պատճառով պատկերել եմ արեւը եւ, իհարկե, մեր անկոտրում պայքարի խորհրդանիշ թուրը»,- մեկնաբանում է հեղինակը։ Յուրաքանչյուր ստեղծագործողի համար ավելի քան կարեւոր է, որ իր ստեղծածն ընդունվի ու սիրվի մարդկանց կողմից․ այս հուշարձանի հեղինակի նվիրական ցանկությունը եւս դա է։ Մինչեւ տարեվերջ ծրագրվում է աշխատանքներն ավարտին հասցնել ու հուշարձանը ներկայացնել հանրության դատին։ 

Եռաբլուրը, անկասկած, կարիք ունի այսպիսի հուշարձանի․ դա նաեւ վերջին պատերազմի մղձավանջով անցած ու տուն վերադարձած զինվորների համոզմունքն է։ Հենց նրանք էլ՝ պատերազմի մասնակից մի խումբ տղաներ, միացել են Սամվել Գալստյանին՝ հուշարձանի ֆինանսավորման խնդիրն իրենց ուժերով լուծելու պատրաստակամությամբ։

Անուշ Բաբայան