Մի օր կզարթնենք ու կզարմանանք

Մի օր կզարթնենք ու կզարմանանք

Արդեն երեք տարի՝ արցախյան 44-օրյա պատերազմից մինչ այսօր,  որոշ ուժեր եւ լրատվամիջոցներ բարձրաձայնում են այն մասին, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների այս ընթացքը հանգեցնելու է նրան, որ նախ կորցնելու ենք Արցախը, եւ ադրբեջանցիները հանգիստ առաջ շարժվելով՝ գրավելու են նաեւ ՀՀ որոշ տարածքներ: Եվ հաշվի առնելով նաեւ այն, որ արդեն 110 օր շարունակում է փակ մնալ Լաչինի միջանցքը, կարելի է գալ մեկ եզրակացության, որ Ադրբեջանն Արցախով բնավ չի բավարարվելու` նա ավելի ընդարձակ ծրագիր ունի, այն է` գրավել ողջ Հայաստանը: 

Հայաստանն ընդամենը սրա մասին անորոշ բարձրաձայնում է, ռուս խաղաղապահներն իբր բանակցում են կողմերի հետ, իսկ եվրոպացի դիտորդները շարունակում են միայն դիտել: Ադրբեջանցիներն էլ օր-օրի անարգել գրավում են Հայաստանի տարածքները, ռուսական խաղաղապահ ուժերը եւ եվրոպացի դիտորդներն էլ` եղած-չեղած, նույն հաշիվն է: Այլ խոսքով, «մերոնք» Ադրբեջանի առաջխաղացմանը չեն փորձում անգամ դիմակայել, ռուսներն ու եվրոպացիներն իրենց թատրոնն են խաղում, իսկ Հայաստանի տարածքներն աստիճանաբար պակասում են՝ անցնելով Ադրբեջանի ենթակայության տակ: Սա ուրիշ անուն չունի, քան Հայաստանի խաղաղ՝ մաս-մաս հանձնում Ադրբեջանին: Երեւի «խաղաղության դարաշրջանը» պաշտոնական Երեւանի եւ հայ ժողովրդի պատկերացմամբ հենց այսպիսին է լինում, դրա համար էլ ո՛չ իշխանության, ո՛չ ժողովրդի, ո՛չ էլ ընդդիմության կողմից այն ոչ մի լուրջ դիմադրության չի արժանանում: Միայն հայտարարություններ են հնչում: Ծիծաղելին այն է, որ նմանատիպ, գուցե ավելի խիստ հայտարարություններ անում են նաեւ ԱՄՆ-ն եւ եվրոպական որոշ երկրներ, ասելով` բավական է, վերջ տվեք այդ ամենին, փորձեք խաղաղ ճանապարհով լուծել հարցերը: 

Բայց այս ամենը տխուր է նրանով, որ կարծես ներքին պայմանավորվածություն կա թվարկված բոլոր սուբյեկտների մեջ: Սա «խաղաղության դարաշրջանի» հաստատման նոր որակ է, որ առանց ձեւական պայմանագիր կնքելու, ոչ թե միանգամից, այլ մաս-մաս է կատարվում Հայաստանի տարածքների հանձնումը, որպեսզի ժողովուրդը թեթեւ տանի այդ «հարվածը»: Սակայն կարծում եմ, որ «մերոնք» սխալ են հաշվարկել, քանզի հարվածը ծանր է լինելու: Բացատրեմ, թե ինչու: Չինական  պատիժներից խստագույնն այն է, որ մեղավորի մազերը խուզում էին՝ ճաղատացնում, նստեցնում եւ որոշ օպտիմալ բարձրությունից նրա գլխին կաթիլ-կաթիլ ջուր կաթեցնում: Շատերը զարմանում էին, մտածում էին, որ դա ոչ թե պատիժ է, այլ ձեռառնոցի: Չէին հասկանում, որ ամեն հաջորդ կաթիլի հարվածն այնքան դաժան է դառնում եւ ավելի ցավոտ: Կարծում եմ, ընթերցողը կհամաձայնի, որ սա շատ նման է Հայաստանի մաս-մաս հանձնման իրավիճակին, քանզի առաջին մասի հանձնման վերաբերյալ տեղեկությունը շատ սովորական ընդունեց հայ ժողովուրդը (չհաշված՝ նրա որոշ հատվածը): Եվ ամեն հաջորդ կտորը հանձնելիս ժողովրդի մտածող հատվածի ինքնազգացողությունը վատանալու է, վերջում կդառնա կրիտիկական:

«Անվախ, նամուսով ու թասիբով, հպարտ, ինքնագոհ (մեր ժողովրդի մասին ընդունված որակումներն են) հայ ժողովուրդ», այժմ ուզում եմ ձեզ տեղեկացնել ամենակարեւորի մասին. վերջնարդյունքը լինելու է մոտավոր այսպիսին. մի օր արթնանալու եք ու տեսնելու եք, որ կարծես լույսն այլ կերպ է բացվել, եւ օրը նման չէ ձեր ապրած նախկին օրերին, քանի որ այդ օրը սրճարանները, հավանաբար, ավելի լեցուն են լինելու, եւ դրանցում հիմնականում նստած են լինելու մեր պատվավոր տերերը՝ թուրքերը, եւ նրանց հայ բարեկամները, որոնց ջանքերով թուրքերը հիմնավորվել են մեր երկրում:

Իսկ թե սա ինչ է նշանակում, չեմ ուզում դրա մասին խոսել, քանզի դրա մասին մեզ պատմում է պատմությունը։

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ