Ադրբեջանը պահանջում է, որ արցախցիները հրաժարվեն հայ լինելուց. կարող են լինել ալբանացի կամ ուդի

Ադրբեջանը պահանջում է, որ արցախցիները հրաժարվեն հայ լինելուց. կարող են լինել ալբանացի կամ ուդի

Ադրբեջանի իշխանությունները նոր տերմին են հորինել եւ դրել շրջանառության մեջ` «Ղարաբաղի հայախոս բնակչություն», որի նպատակն Արցախի հայկական ինքնության վերջնական ոչնչացումն է: Ադրբեջանական քարոզչամեքենան որոշել է, որ Արցախի բնակիչները ոչ թե հայեր են, այլ ընդամենը՝ հայախոս. հնարավոր է, որ կան նաեւ հայեր, բայց մեծ մասամբ ալբանացիներ են, ուդիներ ու այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, ովքեր բնակեցրել են այդ տարածքները` մինչեւ թուրքերի կողմից այդ տարածքները նվաճելը: Ադրբեջանի իշխանությունները նախօրոք են մտածել այն մասին, թե ինչ են անելու Արցախի հայ բնակչության այն մասի հետ, որը չի ցանկանա հեռանալ իր գյուղերից ու քաղաքներից, եթե իրենց, այնուամենայնիվ, հաջողվի գրավել Արցախը:

Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը սկսել է բացահայտ խոսել այն մասին, որ երբ արցախցիներին սովի, ցրտի, անհուսության մատնելուց հետո հաջողվի ստիպել նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ, ապա պայմաններից մեկը լինելու է ոչ միայն Ադրբեջանի քաղաքացիություն ընդունելը, այլ նաեւ սեփական ազգային ինքնությունից հրաժարվելը. ուզում ես մնալ քո տանը, ուրեմն պետք է հրաժարվես հայ լինելուց, ասա, որ ալբանացի ես կամ ուդի: Ինչո՞ւ հենց ալբանացի կամ ուդի․ որովհետեւ ներկայիս Ադրբեջանի մի մասի վրա ապրող ալբանացիները եղել են քրիստոնյաներ: Բայց թուրքական ցեղերն այդ տարածքները գրավելուց հետո նրանց ոչնչացրել են, ներկայիս բնորոշմամբ` ցեղասպանության ենթարկել: Ադրբեջացիները հումանիստաբար որոշել են արցախցիներին ստիպել միայն ազգությունը փոխել, բայց կրոնափոխ չանել, թե չէ կասեին` միանգամից հայտարարեք, որ դուք ոչ թե հայ եք, այլ՝ ադրբեջանցի:

Ինչո՞ւ է Ալիեւի իշխանությունն իր առաջ նման խնդիր դրել: Ադրբեջանցիների համար անընդունելի է ոչ միայն Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը եւ որպես ինքնուրույն քաղաքական միավորի գոյությունը, այլեւ նույնիսկ ազգային ինքնության պահպանումը, որովհետեւ այդ դեպքում Ադրբեջանը ստիպված պետք է լինի Արցախին գոնե մշակութային ինքնավարություն տրամադրել, թույլ տալ, որ Արցախում գործեն հայկական դպրոցներ, կրթական եւ մշակութային այլ հաստատություններ, եկեղեցին ենթարկվի Հայ առաքելական եկեղեցուն: Եթե Արցախի հայերը համաձայնեն հրաժարվել իրենց ազգային ինքնությունից, հարցը միանգամից լուծվում է, էլ ի՞նչ մշակութային ինքնավարություն, ի՞նչ բան: Եկեղեցիները կհռչակվեն ալբանական, ալբանական գիր ու գրականություն էլ չկա, որ այդ լեզվով դպրոցներ կամ այլ կրթական հաստատություններ գործեն, բոլորին կստիպեն գնալ ադրբեջանական դպրոցներ ու մի սերունդ հետո դառնալ ադրբեջանցի։ Հայից ալբանացի, այլբանացուց ադրբեջանցի անցումը կտեւի մի 20-30 տարի: Չեք ուզում ալբանացի դառնալ, ուզում եք հայ մնալ՝ գնացեք Հայաստան:

Սա տիպիկ թուրքական քաղաքականություն է, ինչը թուրքերն արդեն մի քանի հարյուր տարի կիրառում են քրդերի նկատմամբ՝ չընդունելով այդպիսի էթնոսի գոյությունը, ամեն ինչ անելով, որ քրդերը հրաժարվեն իրենց ազգային ծրագրից, քրդական պետություն հիմնելու գաղափարից: Ճիշտ է` վերջին մի քանի տասնամյակում թուրքական որոշ շրջանակներում վերաբերմունքը փոխվել է, սկսել են ասել, թե դեմ չեն, որ Քուրդիստան ստեղծվի, բայց դա թող լինի Սիրիայի կամ Իրաքի տարածքում, բայց ոչ Թուրքիայի: Թուրքիայում քրդերին կա՛մ բնաջնջում են, կա՛մ թուրքացնում, ուրիշ այլընտրանք չկա: Նույն ճանապարհով է որոշել գնալ նաեւ Ալիեւը, ով հասկանում է, որ պետք է ի սկզբանե բացառել անգամ հայերի տեսական գոյությունն Ադրբեջանի տարածքում: 

Ինչու ենք սրա մասին գրում. երբ Հայաստանի իշխանություններն Արցախի իշխանությանը կոչ են անում՝ ուղիղ բանակցություններ սկսել Ադրբեջանի իշխանությունների հետ, ապա պետք է նկատի ունենան, որ այդ բանակցությունների ընթացքում Ադրբեջանի իշխանությունների կողմից առաջ քաշվող պահանջներից մեկն էլ սեփական ազգային ինքնությունից հրաժարվելն է:  

Հնարավոր է, որ Փաշինյանի եւ նրա իշխանության ներկայացուցիչների համար ազգային կամ կրոնական ինքնություն փոխելը նման է առավոտյան ներքնաշոր փոխելուն, եւ իրենք պատրաստ են դրան թեկուզ օրվա մեջ մի քանի անգամ, միայն թե պահպանեն իրենց իշխանությունը, բայց արցախցիները, որոնք հազարամյակներ շարունակ կռվել ու զոհվել են հանուն իրենց ինքնության, հաստատ դրան չեն գնա: Նշանակում է, որ երկխոսության մղելով արցախցիներին Ադրբեջանի իշխանության հետ, Հայաստանի իշխանություններն իրականում օժանդակում եւ նպաստում են Արցախի էթնիկ զտմանն ու ցեղասպանության իրագործման ադրբեջանական քաղաքականությանը՝ դառնալով Ալիեւի իշխանության հանցակիցը: Մտահոգո՞ւմ է դա Փաշինյանին. հաստատ այնքան, որքան կարող է որեւէ կրկնահանցագործի հետաքրքրել՝ իրեն մեղսագրվող հանցագործությունների քանակը 30 է, թե՞ 31:

Ավետիս Բաբաջանյան