Ադրբեջանը գիտակցում է, որ այս իշխանություններից անվերջ կարելի է ինչ-որ բան կորզել

Ադրբեջանը գիտակցում է, որ այս իշխանություններից անվերջ կարելի է ինչ-որ բան կորզել

Մեր հարցերին պատասխանում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

- Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում մի շարք ուշագրավ հայտարարություններով է հանդես եկել: Ասել է, որ իշխանությունները տրամադրված են ամեն գնով էսկալացիայից խուսափել, անգամ այն դեպքում, երբ ազերիները հասել են Տեղ գյուղ:

- Ես չեմ ուզում այդ մարդու ասածներին անդրադառնալ, սակայն կարող եմ ասել, որ Ադրբեջանը քայլ առ քայլ ճնշում է Հայաստանին եւ ստիպում է զիջումների գնալ: Եթե մեկ նախադասությամբ ասենք` կոնկրետ քայլերով առաջ են գալիս, արդեն Հայաստանի Հանրապետության տարածքներն են առնետի պես կրծում, Ղարաբաղն են ուզում հայաթափել, եւ սա ունենալու է անընդհատ բնույթ: Ադրբեջանն այս իշխանությունների հետ ոչինչ չի պայմանավորվելու, որովհետեւ շատ լավ հասկանում է, որ ցանկացած պրոցես արվելու է իր թելադրանքով: Ադրբեջանը գիտակցում է, որ այս իշխանություններից անվերջ կարելի է ինչ-որ բան կորզել: Այս իշխանությունն Ադրբեջանին դիմադրություն ցույց տալու որեւէ հնարավորություն չունի: Ոչ մի հարցում չի դիմակայում, եւ արդեն անգամ Ռուսաստանն ու Իրանը Հայաստանին չեն վստահում: Արեւմուտքն էլ իր հերթին Նիկոլ Փաշինյանին գործիքի տեղ է դրել: Հասարակությունը պետք է հասկանա, որ այս իշխանությունների հետ Ադրբեջանի ախորժակը զսպել հնարավոր չէ: Ողջ խնդիրն այսօր սա է:

- Բավականին լարված իրավիճակ է, Ադրբեջանն առանց որեւէ դիմադրության նոր տարածքներ է զավթում: Այս պարագայում ռազմական էսկալացիա հնարավո՞ր է:

- Կարծում եմ` Ադրբեջանը՝ ինքը, փոքր քայլերով ամեն ինչի հասնելու է: Եթե Ադրբեջանը Հայաստանը հայաթափելու նպատակ ունի, նա այդ նպատակին շատ կարճ ժամանակահատվածում հասնելու է: Եթե Ադրբեջանը նպատակ է դրել՝ ճնշել Հայաստանը, հասնելու է դրան։ Հասնելու է, որովհետեւ այս իշխանություններն այդ ամենին դիմակայելու որեւէ ռեսուրս չունեն: Ո՛չ բանակ կա, ո՛չ դիվանագիտական հարթակներում խոսքի կշիռ եւ ո՛չ էլ անգամ դաշնակից: 4-5 տարվա քաղաքականության արդյունքում այս իշխանություններն իրենց, այսպես ասած, առաքելությունն ավարտել եւ սպառել են:

- Կարծում եք՝ անգամ բանա՞կ չունենք այսօր:

- Այն հարվածները, որ մեր բանակն է ստացել` պարտության արդյունքում, դժվար է միանգամից վերականգնել:

- Բայց պատերազմից, պարտությունից երեք տարի է անցել, գուցե ցանկությո՞ւն չկա:

- Եթե համեմատենք մեր բանակն այլ երկրների հետ, կտեսնենք, որ տասնյակ տարիներ են մեզ պետք՝ բանակը վերականգնելու համար: Նույն Ադրբեջանից գրեթե 30 տարի պահանջվեց` վերականգնվելու համար: Բանակ վերականգնելը շատ դժվար է, բայց, այ, բանակ քանդելը շատ հեշտ է: Բանակները սովորաբար կայանում են հաղթանակների ժամանակ: Սակայն, երբ բանակը պարտվում է, կորցնում է վստահությունն իր հանդեպ: Նման պայմաններում այսօր բանակ վերակառուցելը դժվար է:

- Վերջին օրերին նաեւ շատ է խոսվում ռուս խաղաղապահների անբարյացակամ վերաբերմունքի, ասել է թե՝ Ադրբեջանի հետ սերտ համագործակցելու մասին: Ինչո՞ւ են խաղաղապահներն այսպես վարվում մեզ հետ, Արցախի հետ:

- Այս պայմաններում բոլորը բոլորի հետ համագործակցում են: Այժմ առանց դրա հնարավոր չէ: Եթե այդ համագործակցություններն էլ չլինեն, Ղարաբաղի բլոկադան բացարձակ բնույթ կկրի: Պատկերացնո՞ւմ եք ինչ կլինի, երբ բլոկադան բացարձակ լինի: Խնդիրն այն է, որ Արցախն ամեն գնով ազերիները փորձում են հայաթափել, իսկ դա քաղաքական խնդիր է:

- Բայց կարծես թե Ռուսաստանը եւս կողմ է Արցախն Ադրբեջանի կազմում ինտեգրելու պրոցեսին:

- Եթե կան մարդիկ, որոնք այս պայմաններում մտածում են, որ Ռուսաստանն Արցախին Ադրբեջանին տալու հարցում կողմ է, ապա այդ մարդիկ պարզապես կա՛մ չեն հասկանում, թե ինչ են խոսում, կա՛մ միտումնավոր նման թեզեր են առաջ քաշում:

- Իսկ գուցե ռուս-ադրբեջանական շահերը վերջին շրջանում սկսել են խիստ համընկնել:

- Եթե ռուս-ադրբեջանական շահերն ամբողջությամբ համընկնեին, ապա Արցախն ու Հայաստանի Հանրապետության պետականությունը շատ վաղուց չէին լինի: Նման խոսակցություններն ուղղակի ծիծաղելի են: