Արցախում ընտրությունների քողի տակ տեղի է ունենում մաֆիայի վերարտադրություն

Արցախում ընտրությունների քողի տակ տեղի է ունենում մաֆիայի վերարտադրություն

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՉԹՈՂՆԵՆՔ, ՈՐ ՄԱՖԻԱՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՎԻ ԵՎ ԱՐՑԱԽՆ ԱՆՋԱՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ -3

Արցախում ընտրությունների քողի տակ տեղի է ունենում մաֆիայի վերարտադրություն:

Մաֆիան արդեն որոշել է, թե ում միջև և ինչ չափաբաժիններով է բաշխվելու իշխանությունը, ինչի մասին կհայտարարվի ընտրությունների անվան տակ կազմակերպվող շոուի ավարտին: Նույն վիճակն է, ինչ էր Հայաստանի մնացյալ հատվածում նախորդ ռեժիմի օրոք:

Եթե Նիկոլ Փաշինյանը 2018 թ. ապրիլի 23-ին՝ հենց Սերժ Սարգսյանի հրաժարականի պահից, հրաժարված չլիներ հեղափոխությունից, ապա Արցախում լրիվ ուրիշ իրավիճակ կլիներ: Արցախը Հայաստանի Հանրապետությանը դե յուրե միանալու խոչընդոտները, առաջին հերթին՝ նախագահի ինստիտուտը և նախագահական ընտրությունները, պետք է արդեն վերացած լինեին:

Թեկուզ մաֆիայի՝ իշխանության ղեկին լինելու պայմաններում, ազատության շունչը, այդուհանդերձ, հասել է Արցախ և այնտեղ արդեն ձևավորվել է ընդվզելու պատրաստ շերտ: Բայց, քանի որ Արցախում Երևանի վերահսկողությունը շատ թույլ է, այս երկուսի միջև էապես մեծանում է բախման հավանականութունը, ինչի հետևանքով կարող են նաև զոհեր լինել:

Վիճակն այնքան է սրվել, որ Արցախի ՊԲ-ն աննախադեպ հայտարարություն է տարածել Բանակը ընտրությունների գործընթացում չներքաշելու վերաբերյալ:

Բանակին ընտրությունների մեջ ներքաշելու պատճառով անձնակազմի նկատմամբ վերահսկողության թուլացման վտանգավոր երևույթի մասին էին վկայում նաև նախորդ ամիսների ընթացքում տեղի ունեցած սպանություններն ու ինքնասպանության հասցնելու դեպքերը:

Նիկոլ Փաշինյանը պետք է գիտակցի, որ ինքն է այս ամենի պատասխանատուն: Նա այսօր էլ կարող է չեզոքացնել վտանգավոր զարգացումները:

Բարեբախտաբար, ներկայումս Արցախում սկսվել է մի գործընթաց, որը նպատակ ունի մոբիլիզացնելու ժողովրդին, նրա պարտադրանքով հեռացնելու տեղի իշխող մաֆիային և կանխելու նման աղետալի զարգացումները:

Որպես Արցախում մաֆիային տապալելու և Արցախի միացումն ավարտին հասցնելու ջատագով ուժ, մենք ջանքեր ենք գործադրում այս գործընթացը հզորացնելու և հաղթանակի հասցնելու համար:

Հաջողության հասնելու համար մենք կարիք ունենք Հայաստանում և արտերկրում բնակվող մեր հայրենակիցների մասնակցության և աջակցության:

Առաջիկա օրերին կներկայացնենք աջակցության մեխանիզմը: