Կոռուպցիան «մահացավ», կեցցե կոռուպցիան
ՀՀ կառավարության հուլիսի 1-ի նիստում (օրակարգի 19-րդ կետ) ընդունվեց որոշում՝ «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի եւ (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես՝ ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու եւ արտոնությունը կիրառելու մասին»:
Խոսքը վերաբերում է բացառապես «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ»-ին ԱՏԳ ԱԱ-ի՝ թվով 19 ծածկագրերով տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի եւ (կամ) նյութերի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տրամադրելու մասին:
Խնդիր չկա, թող զարգանա, ընդլայնվի այդ ընկերությունը, որի արտադրանքի որակը, կարծես, բարձր է: Խնդիրն այն է, որ այսպիսի անհատական որոշումները կոռուպցիայի առերեւույթ հատկանիշներ են պարունակում: Եթե այդ ընկերության անվան փոխարեն նշված լիներ ոլորտը, այսինքն՝ ԱՏԳ ԱԱ-ի որոշակի ծածկագրերով արտոնություններ տրամադրվեին ոլորտի բոլոր ընկերություններին, խնդիր չէր լինի:
Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի №1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է»:
№ 1118-Ն որոշման 3-րդ կետում նշված է. «Իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը (այսուհետ` հայտատու) կարող է դիմել գերակա ոլորտում ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի եւ նյութերի ներմուծման օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից հաշվարկված մաքսատուրքերից ազատման արտոնությունից օգտվելու համար»:
2015 թվականի այս որոշմամբ, ըստ էության, ամրագրված է կոռուպցիոն մեխանիզմ, որից օգտվելուն դեմ չեն ներկա իշխանությունները. եթե խոսքը վերա-բերում է գերակա ոլորտին, ինչի վերաբերյալ, ենթադրաբար, դրույթներ կպարունակեն կառավարության ծրագրերում (թեպետ երբեմն «անկապ» գերակայութ-յուններ էլ են հայտարարվում) եւ այլ փաստաթղթերում, ապա այդ որոշման մեջ նշված «իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը կարող է դիմել…» արտահայտությունը նոնսենս է: Նոնսենս է՝ ողջամիտ տրամաբանության տեսանկյունից:
Տնտեսվարողն ինչո՞ւ պետք է դռնեդուռ ընկնի ու հայտ ներկայացնի: Ինչո՞ւ հնարավոր չէ կիրառել, օրինակ, ադամանդագործության ոլորտում վաղուց գոյություն ունեցող պրակտիկան. հումքի եւ պատրաստի արտադրանքի ներմուծումն ու ար-տահանումը վաղուց ազատված են մաքսատուրքից:
Ստացվում է, որ «նախկինների» Սահմանադրությունը, օրենքները, որոշումները լավն են, իսկ դրանք ստեղծողները՝ վատը:
Կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիայով ոգեւորված երկրի բնակչության ոչ այնքան ազնիվ մասին փորձեք ներգրավել որեւէ կոռուպցիոն սխեմայում եւ կտեսնեք, որ նրանք կմոռանան ամեն ինչ, իսկ կոռուպցիայի մեջ արդեն իրենց մեղադրողներին կանվանեն ժեխ:
ՀԳ. Ինչ վերաբերում է Սամվել Ալեքսանյանին, ապա այս անձն ի՞նչ անի, որ զոռով արտոնություն են «գցում իր գրպանը»: 100-200 միլիոն դրամն ի՞նչ է նրա բիզնեսների շրջանառության, ինչպես նաեւ «ներկայացուցչական» ծախսերի համեմատ: Նա միշտ էլ հլու-հնազանդ է եղել օրվա իշխանություններին, գուցե, առանց ակնկալիքի՝ թերեւս, եղածը ձեռքից չխլելու ակնկալիքով: Ուղղակի զարմանալի է, որ այս լարված մթնոլորտում գնացել է այդպիսի քայլի՝ իզուր հայտնվելով հազար ու մի չկամեցողի ուշադրության թիրախում:
Գագիկ Վարդանյան
Կարծիքներ