Կադրային ջարդ՝ դեպի քննությունից կտրվածների երկիր

Կադրային ջարդ՝ դեպի քննությունից կտրվածների երկիր

Երկու գերատեսչությունում եմ աշխատել՝ որպես մամուլի պատասխանատու. մեկը՝ նախկինների օրոք, մյուսը՝ ներկաների։ Երկու դեպքում էլ հազվադեպ, բայց եղել է, որ աշխատածս հիմնարկում մեկի կամ մի երկուսի՝ աշխատանքից ազատման տեղեկությունը որեւէ լրատվամիջոց վերնագրի՝ «կադրային ջարդ»։ Բավական վատ ենք տարել ու միշտ արագ արձագանքել ենք նման որակումներին՝ խնամքով ներկայացնելով ազատման օրենսդրական հիմնավորումները։ 

Շատերս լավ գիտենք, որ «կադրային ջարդ» արտահայտության ակունքները 1930-ականների վերջերի ստալինյան դարաշրջանում են, երբ Սովետի ազգային անվտանգության շեֆ Եժովի օրոք կադրային ջարդ սկսվեց նրա ղեկավարած կառույցում, ապա ուղեկցվեց ամբողջ երկրով մեկ քաղաքական ու տնտեսական զանգվածային բռնաճնշումներով։ 

Պատահականությո՞ւն  է, որ կադրային ջարդի անհրաժեշտության մասին օրերս հրապարակավ հիշեցրեց Հայաստանի հենց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը։ Այս՝ թեկուզ հռետորական հարցն ինձ համար երեք պատասխան է ենթադրում.
1. Այո՛, պատահականություն է. նա այդքան գիտելիք չունի եւ չի պատկերացնում, թե ինչ սարսափելի աղերս է տարել դեպի բռնապետություն։
2. Ո՛չ, պատահականություն չէ, նա գիտի, թե դա ինչ է, ինչպեսեւ՝ երկրի ու իր ղեկավարը (2019թ. դեկտեմբեր՝ «ամբողջ պետական համակարգն է դիմադրում հեղափոխությանը»)։
3. Ո՛չ, պատահականություն չէ, սա դրսում ծրագրված սցենար է, որն իրականացնելու շնորհիվ են այս իշխանությունները վերարտադրվում։ 

Երրորդ պատասխանին հավատալ չեմ ուզում, որովհետեւ մեր գոյությունը պարզապես անիմաստ ու տանջալից կդառնա այդ դեպքում։ Ինձ համար երկրորդն է ավելի հավանական, չնայած այս երեքից որն էլ քիչ թե շատ հավանական լինի, հավասարապես տանում է բռնապետության (անգամ անգիտակիցը) եւ պետական պրոֆեսիոնալ ապարատի, ուրեմն նաեւ՝ երկրի անվտանգության ջախջախման։ Եվ սա ուղիղ հակառակն է իրենց իսկ հեղափոխության տարփողած արժեքների. իրենց իշխանություն նվիրած արժեքների, այն արժեքների, որոնց իբր պաշտպանությամբ առավոտից իրիկուն սոցհարթակներում մեզ վրա են բաց թողնում ֆեյքերին, թե բա՝ արդարություն պետք է լինի, օրենքի առաջ բոլորը հավասար պետք է լինեն… Իհարկե, երկու ձեռքով եմ կողմ արդարությանն ու հավասարությանը։ Բա՛յց։ 

Չէ՞ որ էն գլխից ձեզ վեր եք դնում օրենքներից։ Այդ ո՞ր օրենքով է, որ պետական ապարատում «հեղափոխությանը դիմադրողը», առաջնորդին կամ իր կուսակցությանն ընդամենը չքարոզողը պետք է ազատվի աշխատանքից, պետք է ենթարկվի վենդետայի կամ կադրային ջարդի։ Այդ ո՞ր օրենքով եք տուն ուղարկում ընտրված համայնքապետերին։ Բա Եվրախորհրդի սիրտը գոնե չի՞ ցավում, որ տասնամյակից ավելի չարչարվեց Հայաստանում տեղական ինքնակառավարումը ժողովրդավարական մեխանիզմների բերելու համար, այս բոլոր օրենքների համար, որոնց հիմա դուք տեղյա՞կ եք, թե՞ տեղյակ չեք, թե՞ ձեւ եք անում, թե տեղյակ չեք։ Բա միջազգային իրավապաշտպան կազմակերպություններում զեկույցներ գրողների ձեռքերը քոր չե՞ն գալիս։ Դժվա՛ր թե։ 

Իսկ ո՞ւր մնաց պրոֆեսիոնալիզմի պահանջը պետական սեկտորում։ Քաղաքական ու հայեցողական պաշտոններում ձեզ նվիրվածությունը հասկացանք, բա մնացած օղակներում չկա՞ պրոֆեսիոնալիզմի, որակի կարիք (չնայած՝ ձեր իսկ շահերից ելնելով, քաղաքական պաշտոններում ավելի շատ բարձր որակ պետք է պահանջեիք)։ Այս ո՞ւր եք տանում երկիրը. պետական, հանրային աշխատողը գնահատվում է միմիայն առաջնորդին ու նրա կուսակցությանը նվիրվածությա՞մբ։ Բա երկրին, պետությանը նվիրվածությունը, բա ինձ՝ թեկուզ ոչ հպարտ քաղաքացուս, նրանց նվիրվածությունը։ Այսինքն, մենք հարկեր ենք մուծում, որպեսզի դուք վճարեք ու պարգեւավճարեք ձեզ նվիրվածությա՞ն համար։ Մենք ամուր, անվտանգ, ապահով, զարգացած երկիր ենք ուզում, իսկ դուք բերում եք մարդկանց ընդամենը նրա համար, որ նրանք, ասենք, ձեր դեմ նամակ ստորագրելիս գործուղմա՞ն են եղել։ 

Նախկինում էլ իշխանություններն ունեին իրենց նվիրվածների մեծ «բանակ», բայց նրանց հանդեպ պրոֆեսիոնալ պահանջներն ու երկրի զարգացման հեռանկարները չէին անտեսում։ Նրանք պարզապես ավելի շատ փորձում էին պրոֆեսիոնալներին յուրային դարձնել, քան յուրայիններին նշանակել ոչ թե նրանց որակների, այլ հավատարմության չափանիշներով։ 

Դուք, իհարկե, կադրերի ջարդից հետո էլ կադրերի պակաս չեք զգա։ Միշտ էլ կգտնվեն մարդիկ, որոնք չեն հրաժարվի բոլորովին ոչ իրենց հագով պաշտոններից՝ գիտելիքների ու փորձի առումով։ Եվ նրանք, պարզ չէ՞, ձեզ շատ ավելի նվիրված կլինեն, քան ցանկացած պրոֆեսիոնալ։ Նրանք ատամներով կպաշտպանեն ձեր իշխանությունը, որովհետեւ այլ դեպքերում կարող էին որպես թուղթ տանող-բերող չինովնիկ կամ ընդհանրապես գործազուրկ էլ մնալ։ Եվ դուք դա լավ գիտեք։ Եվ ի՞նչ. աչքներիս առաջ միջակների երկրից վերածվում ենք ուղղակի քննությունից կտրվածների երկրի։ Լիկվի՛դ։ Պարզապես երկիրն է ափսոս։ 30 տարվա՝ վատ, թե լավ, պետությունն էինք։ Ափսոս է։

Ռուզան Խաչատրյան