Հայաստանը կառավարում են կամազուրկ եւ վախկոտ նախարարներ
Կառավարության հուլիսի 1-ի նիստում, պարտությամբ հպարտ թիմի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը բարկացավ նույն թիմի անդամ՝ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի վրա: Նախարարն առաջարկում էր մեր ծանրամարտիկների համար ձեռք բերել վեց միավոր ծանրաձող, Նիկոլ Փաշինյանը հիշեց, որ ինքը 20 միավոր է խոստացել: Նախարարը փորձեց բացատրել. «Նախ շնորհակալ եմ նման մոտեցման համար. ցանկանում եմ մի փոքր բան ասել, որ կարծիք չձեւավորվի, թե ձեր հանձնարարականի հետ կապված խնդիր է եղել: Մարզիկների հետ հանդիպումից հետո՝ ապրիլի 30-ին, աշխատակազմից ստացել ենք այն, ստանալուց 2 օր անց…»: Նիկոլ Փաշինյանն ընդհատեց, ու ոչ ոք չիմացավ, թե նախարարը վարչապետի աշխատակազմից ինչ հանձնարարական է ստացել:
Սա կամազուրկ եւ վախկոտ նախարարներով ձեւավորված կառավարման համակարգում ֆեոդալիզմի դրսեւորում է:
Վահրամ Դումանյանը ներկա է եղել Նիկոլ Փաշինյանի խոստմանը եւ լսել է, որ նա 20 միավոր է խոստացել: Ուրեմն կա՛մ մոռացել է ու առաջարկում է վեց միավոր, կա՛մ խոստումից հետո աշխատակազմն է սեփական ճաշակով 20-ը դարձրել 6: Վահրամ Դումանյանն այնքան վախեցած է, որ աշխատակազմից նամակ ստանալուց հետո չի էլ փորձել վարչապետի աթոռին նստած մարդուց պարզել, թե ինչու է 20-ը դարձել 6:
Նիկոլ Փաշինյանը չթողեց, որ Վահրամ Դումանյանը մանրամասնի, թե ինչու է 20-ը դարձել 6, ում նախաձեռնությամբ, ինչու հենց 6 եւ ոչ 12 կամ 35, 6-ը նորից 20 դարձնելու համար լրացուցիչ որքան գումար կպահանջվի եւ այլն: Նիկոլ Փաշինյանը չթողեց, որ հասկանանք, թե ով է անտեսում վարչապետի աթոռին նստած մարդու խոստումը: Վահրամ Դումանյանի խոսքից ենթադրելի է, որ վարչապետի աշխատակազմն է անտեսել Նիկոլ Փաշինյանի խոստումը: Բայց Նիկոլ Փաշինյանը կտրեց Վահրամ Դումանյանի ձայնը, պաշտպանեց սեփական աշխատակազմին: Նիկոլ Փաշինյանը մեկի մեղքը բարդեց մեկ ուրիշի վրա: Սա, իհարկե, աննշան միջադեպ է, բայց բանն այն է, որ այսպես է նա ղեկավարում երկիրն արդեն 3 տարի, ու նաեւ սա է պատճառը, որ մեր կորուստներն անչափելի եւ անհաշվելի են:
Ցավալին այն է, որ Վահրամ Դումանյանը շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի ենթական: Պետական համակարգում եղել են մարդիկ, որ չհանդուրժելով նման անարդարացի վերաբերմունքը՝ հեռացել են: Բայց միշտ գտնվել է մեկը, որ հանուն պաշտոնի կերել է այլոց հասցեագրված թուքումուրը: Այսպես է եղել վերջին երեք տարում, ու աննախադեպ արագ շարժվում ենք դեպի անվերադարձ կործանում:
Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Կարծիքներ