Ամուլսարի դիրքապահների հետ բանակցում են ձմեռացում անելու համար

Ամուլսարի դիրքապահների հետ բանակցում են ձմեռացում անելու համար

Աժ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, քիչ առաջ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ  Ջերմուկից անձամբ իրեն և գործընկերներին տեղեկություն են փոխանցել, որ արդեն քանի օր է իշխանության տարբեր կառույցների ներկայացուցիչներ բանակցություններ են սկսել Ամուլսարի դիրքերը պահող ջերմուկցիների և ակտիվիստների հետ, որպեսզի վերջիններս ապաշրջափակեն Ամուլսարը:

«Ինձ հետ կապ հաստատած ջերմուկցիները մտավախություն ունեն, որ առաջիկա օրերին հնարավոր է ոստիկանական ուժի կիրառում` Ամուսլարի շրջափակումը ճեղքելու համար»,-գրել է Զոհրաբյանը։
Ամուլսարաի դիրքապահաներն այս առնչությամբ ի՞նչ են ասում։ «Հրապարակի»-ին դիրքապահներից Շիրակ Բունիաթյանը, ով Երևանից Ջերմուկ էր ուղևորվում,  ասաց, որ կոնկրետ այդ մասին տեղյակ չէ, (թեպետ չբացառեց, որ ինչ-որ բան կա, որից դեռ տեղյակ չէ)  սակայն նշեց, որ «Լիդիանն» իրենց հետ բանակցում է ձմեռացում անելու համար։ «Տեխնիկայի ձմեռացումը ենթադրում է, որ իրենց այդ տեխնիական տանեն, փաթեթավորեն, եսիմ ինչ անեն, որ ձմռանը չվնասվի։ Մենք  դա կորոշենք ամսի 15-ին՝ հանրային քննարկմամբ, երբ հասկանանք՝ ժողովուրդը ցանկանո՞ւմ է, թե ոչ, որովհետև անցած տարի թույլ ենք տվել, այդ ձմեռացումն արել են ու դրանից հետո աշխատանքներ չի արվել»,-ասաց  Բունիաթյանը։ Նրա խոսքով՝ կհասկանան՝ պե՞տք է մտնեն, ձմեռացում անեն, թե ոչ, քանի որ իրենց նպատակը «Լիդիանի» գույքը փչացնելը չէ։

Բունիաթյանը ծիծաղով ընդունեց տեղեկությունը, թե վերջին շրջանում ջերմուկցիները սկսել են վաճառել իրենց բնակարանները։
«Էնպես չէ, որ պայքարում եմ դրա համար, պետք է ասեմ չէ, բայց անկեղծ ասած, ըտենց բաներ չգիտենք։ Դուք լրագրող լինելով՝ ինձնից լավ գիտեք, որ Ջերմուկը Հայաստանի այն եզակի բնակավայրերից է, որտեղ լիքը բիզնեսներ կան։ Ամեն քայլափոխի հյուրանոցներ, սրճարաններ, հանքային ջրերի գործարաններ։ Այդ փոքրիկ քաղաքում լիքը աշխատատեղ կա։ Ճիշտ է՝ աշխատավարձերը շատ բարձր չեն, բայց կարևորը՝ հարատև ա, ոչ թե կարճաժամկետ, որ գնանք սարը քանդենք։ Հետո մի տասը տարի հետո մտածենք, թե որտեղ աշխատենք»,-ասաց ակտիվիստը։