Ալեքսանդր Թոփչյան․ Ֆիջի կղզի (իրապատում երազ)

Ալեքսանդր Թոփչյան․  Ֆիջի կղզի (իրապատում երազ)

Ինձ ձերբակալում են Ֆիջի կղզու նուդիստների լողափում եւ առանց թույլ տալու, որ թեկուզ թզի տերեւով ծածկեմ իմ ադամական մերկությունը, տանում են ոստիկանատուն: Հավանաբար չգիտեն, որ ես մի ամբողջ երկրի ազգընտիր նախագահն եմ եւ սովորաբար իմ արձակուրդն եմ անցկացնում այս կղզում: Նրանք բռի են, ծայրաստիճան անհարգալից: Երկու ժամ, մորեմերկ վիճակում, մութ խցում, առնետների եւ տառականների ագրեսիվ հարեւանությամբ պահելուց հետո վերջապես տանում են ոստիկանապետի մոտ եւ հայտնում ձերբակալման պատճառը:

Պարզվում է՝ անցած գիշեր, ճիշտ ժամը 01-ին, թալանվել են իմ երկրի բոլոր բանկերը եւ դրամափոխության բոլոր կետերը: Մանրակրկիտ քննությունը պարզել է, որ դարի գողությունը կատարել եմ ես: Անհավատալի է, բայց ամենուր իմ մատնահետքերն են գտել: Այն փաստը, որ նշված ժամին ես եղել եմ կղզու գիշերային ակումբներից մեկում, հաշվի չի առնվում: Յոգայի մասնագետ գիտնականներից մեկը հաստատում է, որ ես տիրապետում եմ լեւիտացիայի արվեստին եւ կարող եմ մի քանի վայրկյանում հազարավոր կիլոմետրեր անցնել: Ավելին` բազմանալու հատկություն ունեմ եւ ֆրանսիական ֆիլմի   հերոսի պես անարգել անցնում եմ բոլոր պատերի միջով: Արդ, օգտվելով անժխտելի ալիբիից, ասենք` ձեւացնելով, թե զուգարան եմ գնում, հաշված րոպեների ընթացքում դատարկել եմ ինձ վստահված երկրի բոլոր բանկերը, իսկ թե որտեղ եմ պահել այդ անհաշվելի գումարները, կպարզի իմ երկրի արդարադատությունը:

Լեւիտացիայի եւ դրանից բխող զառանցանքների վարկածն ընդունվում է միաձայն: Ընդդիմությունը ցնծության մեջ է: «Մենք հոգնեցինք ասելով, որ նա գող է, ինչո՞ւ մեզ չէիք լսում, սպասում էիք, որ այս օրվա՞ն հասնենք, - օրնիբուն աղաղակում են նրանք: - Եվ ոչ միայն գող է, այլեւ համոզվեցինք, որ սեւ մոգությամբ է զբաղվում, սատանայական ծեսեր է մատուցում իր համախոհների մասնակցությամբ»:

Աշխարհն իրար է անցել: Նման հանդուգն գողություն հայտնի չէ մարդկության պատմությանը: Բոլոր ծայրերից լրագրողներ են եկել կղզի, որպեսզի հարցազրույց անեն ինձ հետ, Հոլիվուդում արդեն սցենար է գրվում, իտալական «Կոզա նոստրա»-ն ինձ հռչակել է իրենց պատվավոր նախագահ, եւ թախանձանոք խնդրում են, որ ես վարպետաց դասեր տամ այդ «միաբանության» անդամներին:

Ֆիջի կղզու իշխանությունները, հավատարիմ մնալով ստանձնված միջազգային պարտավորություններին, շղթայված, մորեմերկ ինձ հանձնում են իմ երկրին: Օդանավակայանից մինչեւ բանտ ընկած ճանապարհը, այդ վիճակում, ես անցնում եմ ոտքով: Ժողովուրդը խռնվել է փողոցներում: Հայհոյում են, անիծում. «Գող, սրիկա, ավազակ, թալանչի, բոզի վաստակ, շան սատակ լինես, օր ու արեւ չտեսնես…»: Բառային աղբի հետ նաեւ իսկական աղբ է շպրտվում ինձ վրա: Բանտ եմ հասնում ոտքից գլուխ աղտոտված:

Բաց դատ է ընթանալու հարյուր հազար տեղանոց մարզադաշտում: Մուտքն ազատ է: Ինձ դատելու է ժողովուրդը: Օրն արդեն հայտնի է: Ամբողջ աշխարհից զանգվածային լրատվության ներկայացուցիչներ են ժամանում: Հյուրանոցներում այլեւս տեղ չկա:

Եվ հանկարծ կատարվում է աներեւակայելին, անիմանալին, անըմբռնելին: Բանալ միջադեպը, գրեթե ամեն օր տեղի ունեցող սովորական դիպվածն ստիպում է հետաձգել դատը: Իմ մահապատիժը պահանջող ընդդիմադիր կուսակցության գրասենյակում գողություն է կատարվել: Հրակայուն պահարանից գողացել են խոշոր չափի գումար, կարեւոր փաստաթղթեր եւ մի շարք արժեքավոր իրեր: Եվ ի՞նչ եք կարծում՝ ո՞ւմ մատնահետքերն են այնտեղ գտել… Այո, կռահեցի՛ք… ԻՄ մատնահետքերը… 

Բանտի տեսահսկողության բոլոր գործիքները հաստատում են, որ ես մեկ վայրկյանով անգամ դուրս չեմ եկել իմ խցից: Այնպես որ, լեւիտացիայի վարկածն այս դեպքում չի անցնում:

Բնականաբար, վերցրել են կուսակցության առավել կարեւոր անձանց մատնահետքերը, նրանց, ովքեր հաճախ են լինում գրասենյակում: Եվ ի՞նչ… Պարզվել է, որ իմ եւ նրանց մատնահետքերը հարյուր տոկոսով համապատասխան են: Նույն արդյունքն է ստացվել մյուս բոլոր անդամների պարագայում: Այսպիսով, գողության համար ինձ մշտապես հայհոյող, իմ մահը երազող կուսակցության բոլոր անդամները եւ ես միեւնույն մատնահետքերն ունենք, հետեւաբար՝ հավասարապես պատասխանատու ենք բանկերի կողոպուտի համար:

Իրավիճակն ավելի է բարդացել, զանգվածային ցույցեր են սկսվել երկրով մեկ: Ժողովրդի պահանջով ստուգել են կառավարության բոլոր անդամների, դեպուտատների եւ դիվանագիտական ծառայության բոլոր ներկայացուցիչների մատնահետքերը: Նո՛ւյն պատկերը:

Եվ այդ ժամանակ Ազգային ժողովը որոշում է ընդունում ստուգել երկրի ամբողջ բնակչության մատնահետքերը: Դեպուտատներից մեկն էլ առաջարկել է այդ ստուգումը որակել «մատնահամար» բառով: Եվ այդպես, մի քանի ամիս տեւած «մատնահամրանքն» աշխարհով մեկ ազդարարել է, որ իմ երկրում բոլորը` նորածիններից մինչեւ մահամերձ ծերերը, միեւնույն նախագահական մատնահետքերն ունեն, եւ որ հետագա բոլոր սերունդներն այդ մատնահետքերով են ծնվելու:

Հետաքննությունը, սակայն, շարունակվում է: 

Աշխարհահռչակ ոճրաբանները ցնցող հայտնագործություն են արել. իմ երկրում մատնահետքի անբուժելի վիրուս է տարածվել, որն ակնթարթի մեջ նույնացնում է վարակակրի եւ վարակվածի մատնահետքերը: Բավական է ձեռքով բարեւեն իրար, որպեսզի տեղնուտեղը մատնահետքերը նույնանան: Նոբելյան մրցանակին արժանի այս գյուտն անելուց հետո  նրանք փորձում են պարզել, թե ե՞ս եմ վարակել իմ ժողովրդին, թե՞ ժողովուրդը` ինձ:

Ասում են, որ մինչեւ հիմա շարունակում են ջանասիրաբար փնտրել, բայց այդպես էլ չեն կարողանում պարզել, թե ով ում վարակեց:

(Հատված «Փոսը» անտիպ վեպից)

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ