Չիրացված 300 միլիարդի մի մասը պետք է ուղղվի հակաճգնաժամային քայլերին

Չիրացված 300 միլիարդի մի մասը պետք է ուղղվի հակաճգնաժամային քայլերին

Հանրության կողմից իշխանություններին տարբեր առաջարկներ են հնչում․ վարկային, հարկային «արձակուրդներից» մինչեւ կոմունալ վարձավճարները զիջելը։ Քայլ, որին գնաց նախագահ Մակրոնը՝ իր երկրի գանձարանից բիզնեսին, բանկերին եւ քաղաքացիներին աջակցելու նպատակով տրամադրելով, ընդհանուր հաշվով, մոտ 500 միլիարդ եվրո։ Որքանո՞վ են առաջարկներն իրատեսական, հնարավոր կատարման առումով՝ ելնելով պետության հնարավորություններից։ Տնտեսագետ Ատոմ Մարգարյանի կարծիքով, իրավիճակը ենթադրում է ոչ ստանդարտ լուծումներ։ «Դրանք պետք է ուղղված լինեն նրան, որ մարդիկ այս ընթացքում պաշտպանված լինեն։ Խոսքը, ըստ որում, թե՛ աշխատողների, թե՛ նրանց աշխատատեղերով ապահովող գործատուների մասին է։

Բնականաբար, այն, ինչ պետության գործառույթների տիրույթում է, խոսքը հատկապես վերաբերում է հարկային պարտավորություններին, իրավիճակից ելնելով, իհարկե, գնահատելով կորուստները եւ հստակեցնելով ու հիմնավորելով այդ ամենը, կարելի է ե՛ւ «հարկային արձակուրդներ» տրամադրել, ե՛ւ սուբսիդավորումների որոշակի տեխնիկա կիրառել։ Օրինակ՝ այն աջակցության շրջանակներում, որ տալիս է, կամ պատրաստ են աջակցություն տրամադրել ընկերություններին, որոնք դրամով վարկեր կվերցնեն եւ կվճարեն աշխատավարձ, կոմունալ կամ ընթացիկ այլ պարտավորություններ։ Այս մասով, իհարկե, անտոկոս վարկավորումը կամ սուբսիդավորումը տեղին է։ Ուղղակի, պետք է հաշվի առնել ու գնահատել իրական վնասներն ու դրանց չափերը»,- ասում է տնտեսագետը։

Նրա գնահատմամբ՝ այս իրավիճակը ռիսկային է նաեւ գործատուների համար։ Հիշեցնում է, որ 2007-2008 թթ․ պետությունն արտաքին պարտքն էականորեն ավելացնելու գնով ռեսուրսներ ներգրավեց՝ թույլ չտալու համար բանկերի սնանկացումը։ Ատոմ Մարգարյանի ձեւակերպմամբ՝ ճգնաժամը հարված է բոլորին, եւ պետք է բոլո՛րը կրեն վնասները։ Ինչը նշանակում է, որ պետք է գտնվեն օպտիմալ լուծումներ, որ կորուստները հնարավոր մինիմալացվեն։ «Քաղաքականությունը պետք է լինի հակաճգնաժամային, այդ թվում՝ դրամավարկային քաղաքականությունը, երկրների փորձն էլ, թե՛ զարգացած, թե՛ շատ զարգացող, այն է, որ կենտրոնական բանկերը գնում են, այսպես ասած՝ ֆինանսական թուլացումների ճանապարհով եւ ընդլայնում են դրամական զանգվածը, իջեցնում են վերաֆինանսավորման տոկոսադրույքները, ինչին պետք է հետեւի առեւտրային բանկերի արձագանքը, եւ նրանց կողմից եւս տոկոսադրույքները պետք է իջնեն։ Դա, ի դեպ, վերաբերում է նաեւ մասնագիտացված վարկային կազմակերպություններին, որոնց մի մասից այսօր բավական մեծ դժգոհություն կա»,-կարծում է Մարգարյանը։ Նրա խոսքով՝ այդպես չի լինում եւ չի կարող լինել, երբ բոլորը կորցնում են, իսկ ինչ-որ բիզնեսներ՝ բանկային, վարկային, չեն կորցնում կամ նույնիսկ շահում են։ Առհասարակ, Ատոմ Մարգարյանը համոզված է, որ այն կազմակերպությունները, որոնք այս իրավիճակում սպեկուլյատիվ ճանապարհով փորձում են գերշահույթներ ստանալ, ֆիքսվում են, եւ վաղը, մյուս օրը այդ գերշահույթները բռնագանձվելու են։ Իսկ պետությունը ճգնաժամի հետեւանքները մեղմելու նպատակով նշված քայլերին գնալու ռեսուրս ունի՞։ Տնտեսագետը հիշեցնում է, որ նախորդ տարի պետյուջեից կապիտալ ծախսերի մասով հսկայական գումարներ չեն իրացվել։

Խոսքը 300 միլիարդ դրամի մասին է, որը դրված է ԿԲ-ում որպես դեպոզիտ։ Ատոմ Մարգարյանն իրատեսական է համարում, որ այդ միջոցների մի մասը՝ մեկ երրորդից մինչեւ երկու երրորդ, ուղղվի պոտենցիալ վնասների թուլացմանը՝ որպես հակաճգնաժամային քայլ։ Հիմնական պայմանն էլ, որ այդ գումարները ծախսվեն խելամտորեն ու ոչ մի կերպ չդրվեն կոռուպցիոն ռիսկերի տակ։ Ամփոփելով թեման՝ Մարգարյանը նշեց․ սա փորձություն է բոլորի համար, եւ բոլորը պետք է պատասխանատվությամբ մոտենան։ Ինչ վերաբերում է գործատուների կողմից աշխատանքի ներկայանալու պարտադրանքին (մարդը, ասենք, լավ չի զգում, ռիսկային խմբի մեջ է եւ ինքնամեկուսացվել է), ապա Մարգարյանը հիշեցնում է, որ յուրաքանչյուր աշխատանքային պայմանագրում կա մի հատուկ բաժին՝ «արտակարգ կամ ֆորսմաժորային իրավիճակ»։ Այսինքն, ֆորսմաժորային իրավիճակներից մեկն էլ, վստահաբար, արտակարգ դրությունն է, որը բացառում է ինչպես կոնկրետ անձի, այնպես էլ նրա հետ աշխատող մարդկանց առողջության սպառնալիքները։