Տարիներ շարունակ ոչնչացրել են հակահամաճարակային ծառայությունները

Տարիներ շարունակ ոչնչացրել են հակահամաճարակային ծառայությունները

Հայաստանում կորոնավիրուսի օրեցօր աճող վիճակագրությունը մասնագետների շրջանում հետահայաց վերլուծությունների առիթ է տվել։ Տարեց մասնագետները հիշում են սովետի ժամանակները, երբ սանէպիդծառայությունների կուռ ցանց էր գործում։ Շատերը հիշում են, թե ինչպես էին սանէպիդկայանները պարբերական ստուգայցեր կատարում տարբեր հաստատություններ՝ դպրոցներ, մանկապարտեզներ, խանութներ, հյուրատներ, եւ տեղում փակում բոլոր այն օբյեկտները, որտեղ արձանագրում էին թեկուզ փոքրիկ խախտում: 

Ոլորտն անցած 30 տարիների ընթացքում այնքան է փոփոխվել, որ համաճարակահիգիենիկ ծառայություններից գրեթե ոչինչ չի մնացել։ Տարիներ շարունակ կրճատել են աշխատակիցների թվակազմը, ծառայությունների քանակը, եւ սանիտարահամաճարակային ծառայություններից մնացել է մի մեթոդական կենտրոն, որը ոչ բավարար կադրեր ունի, ոչ լծակներ, անգամ մեքենաներ չունեն շրջայցեր անելու համար։ Այն այժմ կոչվում է Առողջապահության նախարարության հիվանդությունների կանխարգելման եւ ախտորոշման ազգային կենտրոն, որը, ի տարբերություն սանէպիդկայանների ու համաճարակային ծառայությունների, բազմաֆունկցիոնալ գործունեություն չի իրականացնում, գործառույթները նեղացվել են՝ մնալով զուտ առողջապահական տիրույթում։ Ասենք, դրա ֆունկցիաների մի մասը ստանձնել են անասնաբուժական ծառայությունները՝ գյուղնախարարության կազմում, բնապահպանությանն են հանձնվել մթնոլորտային աղտոտվածության հարցերը եւ այլն:

90-ականներին գործող հիգիենիկ համաճարակային հսկողական կենտրոնները մի քանի տարվա գործունեությունից հետո վերածվեցին տեսչությունների, հետո՝ 2004-2005թթ․, կենտրոնները դարձան ՊՈԱԿ-ներ: Իսկ արդեն 2017-ին վերակազմակերպվեց ՀՀ ԱՆ հիվանդությունների կանխարգելման եւ ախտորոշման ազգային կենտրոնի, ու սկսվեց օպտիմալացումը: Առողջապահության պատասխանատուները համարեցին, որ մեր երկրին մեծ թվով համաճարակաբաններ, էպիդեմիոլոգներ պետք չեն:

Փակվեց նույնիսկ Բժշկական համալսարանի սանֆակը, որտեղ մասնագետներ էին պատրաստում այս ոլորտի համար։ Ժամանակին Հայաստանն ուներ սանիտարական գլխավոր բժշկի հաստիք, որը փոխնախարարին հավասար կարգավիճակ ուներ: Սա էլ վերացրին։ Իհարկե, մասնագետները վստահեցնում են, որ այսօր գործող կենտրոնն ավելի ժամանակակից տեխնոլոգիաներով է աշխատում, քան նախկինում էր, բայց փաստն այն է, որ համաճարակներին դիմագրավելու ուժ եւ պատրաստվածություն մենք չունենք, եւ դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ տարիներ շարունակ այս համակարգը քանդել են ու տեղը ոչինչ չեն կառուցել։