Էդմոն Մարուքյանը ստում է

Էդմոն Մարուքյանը ստում է

«Պաշտոնապես ասում եմ, չկա վաշինգտոնյան նախագիծ, չկա արևմտյան նախագիծ։ Կա խաղաղության պայմանագրի ադրբեջանական նախագիծ, որը փոխանցվել է հայկական կողմին, որի վրա հայկական կողմը աշխատել է այս ընթացքում, աշխատանքները ավարտվել են, որի վերաբերյալ առաջիկա հանդիպմանը կլինի քննարկում»,- Առաջին ալիքի եթերում ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: Նա ստում է:

Ավելին ասեմ, Էդմոն Մարուքյանը, չարաշահելով պաշտոնը, թույլ է տալիս պաշտոնեական կեղծիք և պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության: Բանն այն է, որ խաղաղության պայմանագրի այսպես կոչված ադրբեջանական նախագիծը ոչ այլ ինչ է, եթե ոչ բրյուսելյան հանդիպումներում բանակցված մի փաստաթուղթ, որը համադրված է ԱՄՆ արտաքին քաղաքականության կենտրոնների հետ: Կարող եք հարցնել ԱԽՔ-ին, որն այդ նախագիծը քննարկել է Վաշինգտոնում և ՆԱՏՕ-ում: Եթե խաղաղության պայմանագրի` 5 կետից բաղկացած այդ նախագիծը առաջինը հրապարակել է Ադրբեջանը, դա դեռ չի նշանակում, որ Բաքուն դա արել է առանց Անկարայի ու Վաշինգտոնի հետ համաձայնեցնելու:

Էդմոն Մարուքյանը, թույլ տալով պաշտոնեական կեղծիք, հայության ուղեղը լցնում է ցնդաբանությամբ, թե իբր հայկական կողմը աշխատել է խաղաղության համաձայնագրի «ադրբեջանական տարբերակի վրա»: Ստում է: Հայկական կողմն այդ տարբերակի վրա չի աշխատել: Հայկական կողմը հայտարարել է, որ կողմ է այդ նախագծի բոլոր 5 կետերին և ունի ավելացնելու ընդամենը մեկ ողորմելի կետ, որով եթե չեմ սխալվում արցախահայությունը դիտարկվում էր որպես էթնիկ փոքրամասնություն` առանց որևէ կարգավիճակի:   

Խաղաղության պայմանագրի «ադրբեջանական տարբերակը» քննարկե՞լ է, արդյոք, հայկական կողմը իր դաշնակցի հետ: Էդմոն Մարուքյանը լռում է այդ մասին: Մինչդեռ սա շատ կարևոր է` հասկանալու համար, թե ինչու ՌԴ նախագահը Վալդայ ակումբի լիագումար նիստի ժամանակ «ադրբեջանական տարբերակը» որակեց վաշինգտոնյան և հստակ արձանագրեց, որ դրանով Արցախն անցնում է Ադրբեջանի սուվերենության ներքո: Ես չէի ասի, որ ռուսական կողմը պատահաբար է իմացել «ադրբեջանական տարբերակի» մասին ու չի էլ իմացել, թե այդ ինչ արիշվերիշների մեջ էր Հայաստանը Բրյուսելում ու Պրահայում: Ուղղակի երևի ժամանակն էր բոլորին, այդ թվում և Հայաստանին, հասկացնելու որ Արցախը Ադրբեջան չէ և ոչ մեկին չի հաջողվելու այդ հարցը փակել առանց Մոսկվայի հետ համաձայնեցնելու:

Էդմոն Մարուքյանը ստում է` ասելով. «Կա ռուսական նախագիծ։ Վարչապետն ասել է, որ սեպտեմբերին ներկայացվել է և հայկական կողմը համաձայնել է այդ առաջարկներին»: Նախ` կողմնորոշվիր, Էդմոն, ռուսական կողմը նախագիծ է առաջարկե՞լ, թե ուղղակի հարցի կարգավորման առաջարկներ: Սրանք տարբեր բաներ են: Եվ ապա`ինչո՞ւ ենք մենք միայն հոկտեմբերի 27-ին իմանում, որ սեպտեմբերի սկզբին մեզ  խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակ ներկայացվել: Ինչո՞ւ է Փաշինյանը գաղտնի պահել դա, ինչո՞ւ է դա գաղտնի պահվել անգամ հատուկ հանձնարարություններով դեսպանից: Հիմա ես իրավունք ունե՞մ մտածելու, որ Փաշինյանն այդ մասին բարձրաձայնեց Պուտինի վրաերթից հետո միայն` հասկանալով, որ հողն իր աթոռի տակ երերաց:

Էդմոն Մարուքյանն այնուամենայնիվ խոստովանում է, որ կան արևմտյան (իմա` վաշինգտոնյան) առաջարկներ. «ՌԴ-ն առաջարկում է, որպեսզի ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցը հետաձգվի։ Հայկական կողմը դրական է արձագանքել։ Իսկ Արևմուտքի բանավոր առաջարկը հետևյալն է, որ ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև ստեղծվի միջազգային մեխանիզմ և նրանց դիտարկման ներքո տեղի ունենան բանակցություններ՝ ԼՂ-ում ապրող հայերի իրավունքների, անվտանգության, ազատությունների հարցերի վերաբերյալ»։ Սա արդեն ոչ թե պարզ մանիպուլյացիա է Էդմոն Մարուքյանի կողմից, այլ քաղաքական սրիկայություն, որով փորձում է արդարացնել ՀՀ իշխանությունների` Արցախից վերջնականապես ձեռք քաշելու քաղաքականությունը: Նա ասում է` Հայաստանը համաձայնել է ՌԴ առաջարկներին` Արցախի հարցը հետաձգելու հետ կապված, բայց և ոչինչ չի ասում այն մասին` Հայաստանը համաձա՞յն է, արդյոք, արևմտյան նախագծին`որով Արցախն անցնում է Ադրբեջանի սուվերենության ներքո և միայն իր ներկայացուցչի միջոցով պաշտպանում արցախահայության իրավունքները: Ըստ Էդմոն Մարուքյանի` Ադրբեջանը դեմ է երկու տարբերակին էլ, բայց ոչինչ չի ասում` Հայաստանի մասին, որ համաձայնել է նաև երկրորդ տարբերակին` Արցախի սուբյեկտայնության վերջնական ոչնչացմանը: